Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը:
«Երբ է ձեզ Ժիրայր Սեֆիլյանը զենք փոխանցել»,- հարցաքննվող ամբաստանյալից հետաքրքրվեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, ի պատասխան ամբաստանյալն ասաց՝ անձամբ չի փոխանցել, փոխանցել է Հրայրին, Հրայրն՝ իրեն:
Հաջորդ հարցին, թե պայմանավորվածությունը երբ ու ինչպես է եղել, ամբաստանյալն ասաց՝ 2015 թվականի աշնանը, բայց կոնկրետ մանրամասները չի կարող հիմա վերհիշել, բայց. «Բնույթը եղել է այն, որ զենք ունենամ ու այդ պայմանավորվածությունը եղել է Ժիրայր Սեֆիլյանի հետ, բայց զենքը վերցրել է Հրայր Թոփչյանից: Ըստ ամբաստանյալի՝ ինքը Սեֆիլյանի հետ հեռախոսային կապ չի ունեցել, միայն facebook-ով եմ շփվել, հետո հաղորդագրությունները ինքն է ջնջել:
Հարցին, թե ինչու էր Սեֆիլյանն իրեն այդքան վստահել, ասաց չեմ կարող պատասխանել. «Ինչ իմանամ՝ ինչու էր ինձ այդքան Սեֆիլյանը վստահել»:
Ըստ նրա՝ իրեն փոխանցված զենքերը եղել են փակ վիճակում, իսկ հաջորդ հարցին՝զենքերը կոնկրետ մե՞կ, թե շա՞տ հանձնարարությունների համար էր տրվել,պատասխանեց. «Տվել էր գաղափարի, նպատակի համար, որի մեջ կարող էին շատ հանձնարարականներ լինել, որոնցից ես կարող էի տեղյակ չլինել:
Այդ զենքերը իշխանափոխության նպատակով էին, զինված հարձակումներ իրականացնելու համար, երբ ժողովրդի դեմ անհամաչափ ուժ կիրառվեր, այդ զենքերը պետք է օգտագործեինք:
Օպերացիայի պլաններից մանրամասն տեղյակ չեմ, իմ մասով ասեմ՝ հեռուստաաշտարակը ներառված էր հարձակման օբյեկտներում»:
Ամբաստանյալի պատմելով, հետագայում, երբ հասկացան, որ հեռուստաաշտարակի գրոհը իրատեսական չէ, այն դուրս եկավ հարձակման ցանկից. «Դեկտեմբերի մեկից հետո սառել է իրավիճակը, հանրահավաքներ չեն եղել, քառօրյա պատերազմից հետո են հանդիպումները վերսկսել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ