Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաձեւ. Առաջարկում ենք ՀՀ եւ Արցախի իշխանություններին դեկտեմբերի 1-ը հռչակել որպես Ազգային միասնության տոն

Դեկտեմբեր 01,2017 16:34

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ՝ 1 դեկտեմբերի»

Կլոր սեղանի բանաձեւ

28 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի միասնականացման գործընթացները։

1990 թվականի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում, որն իր հերթին ՀՀ Սահմանադրության մաս է կազմում։

Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, վճռորոշ կերպով նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասել վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը, այլ ընդհակառակը ամրապդել է այն։ Վերամիավորման միջազգային ճանաչումը պետք է լինի Արցախյան ազատամարտի ՄԻԱԿ վերջնական նպատակը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի դաստիարակության ասպարեզում։

Ելնելով վերոհիշյալից, մենք՝ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ» կլոր սեղանի մասնակիցներս.

-Անհրաժեշտ ենք համարում, որ ՀՀ եւ ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի կրթական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններում Վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ:

-Առաջարկում ենք ՀՀ եւ Արցախի իշխանություններին դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։ Այն կխորհրդանշի ՀՀ-ի, նրա անքակտելի մաս հանդիսացող Արցախի, եւ Սփյուռքի միասնությունը:

-Դիմում ենք աշխարհի պետություններին ճանաչել Արցախի ինքնորոշման եւ Մայր Հայրենիքին վերամիավորման իրավունքը, նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 1989 թվականի դեկտեմբերի 1-ից։

-Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի` հատկապես Արցախի, շրջափակումը եւ Արցախի բնակիչների հանդեպ քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ այլ բնույթի բռնությունները, որոնք միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են եւ ազգայնամոլության (նացիզմի) դրսեւորում:

-Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ անդամ երկրներին խստիվ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախ այցելած մարդկանց սեւ ցուցակ կազմելը եւ հետապնդելը, ինչը դիտում ենք որպես մարդու իրավունքների խախտման եւ խտրականության անմենացայտուն դրսեւորում:

ԵՐԵՎԱՆ

01 դեկտեմբերի 2017թ.

Հ. Գ. Կլոր սեղանը նախաձեռնել էր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը:  Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատնության ինստիտուտի փոխտնօրեն, դոցենտ Կարեն Խաչատրյանը: Քննարկումներին իրենց ելույթներով մասնակցեցին ՀՀ ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Արայիկ Սիմոնյանը, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ Ժասմենա Ղեւոնդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031