Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատում կանցկացնե՞ն «թուղթ» չունեցող թեկնածուին

Դեկտեմբեր 01,2017 16:22

Aravot.am-ը տեղեկացրել է դեկտեմբերի 4-ին Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթի վերաբերյալ: Նաեւ նշել էինք, որ այդ տեղի համար հավակնում է դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Դավթյանը, որն առայժմ չունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, քանի որ միայն գրավոր քննության փուլն է հաղթահարել, իսկ բանավոր քննությունը հանձնելու է դեկտեմբերի 5-ին` մրցույթից մեկ օր անց:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կառավարման խորհուրդը այլ սցենար է մտածել Արմինե Դավթյանին ամեն գնով անցկացնելու համար, խորհրդի անդամները պայմանավորվել են 2 անգամ ամբողջական կազմով չներկայանալ ու քվորում չապահովել մրցույթի կայացման համար, ինչի արդյունքում մրցույթը կհետաձգվի, տիկին Դավթյանն էլ կհասցնի հավաստագիր ձեռք բերել ու լիարժեք փաստաթղթերով մասնակցել մրցույթին:

Ղեկավարվելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» https://www.gov.am/files/meetings/2010/4695.pdf 28.1-րդ կետի պահանջներով՝ ԿԳ նախարարը կարող է նշանակել տնօրենին:

Aravot.am-ը ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց` չի՞ կարծում, որ հնարավոր է նման սցենար լինի:

«Քանի դեռ մրցույթը չի կայացել, մենք չենք կարող կանխատեսումներ անել»,-ասաց հանրակրթության վարչության պետը: Ապա հավելեց. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ դպրոցի խորհրդի կողմից ուղարկվել է գրություն եւ փորձագետ են խնդրել: Մենք փորձագետ ենք ուղարկելու սահմանված կարգով, անկախ նրանից` մրցույթը կկայանա՞, թե՞ ոչ: Ամեն ինչ պարզ կդառնա դեկտեմբերի 4-ին»:

Իսկ նախարարությունը քննե՞լ է, թե ինչպես են առանց ղեկավարման իրավունքի հավաստագրի ընդունել Արմինե Դավթյանի գործերը: «Գործերը ներկայացնում են խորհրդին, եթե թեկնածուն համապատասխանում է մրցույթին, թույլատրում է, եթե ոչ, ոչ»,-պատասխանեց պարոն Արշակյանը:

Ինչ վերաբերում է կառավարման խորհրդի նախագահ եւ նույն դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ Նաիրա Մարգարյանին, նա շարունակում է չպատասխանել մեր հեռախոսազանգերին:

Հավելենք, որ Արմինե Դավթյանի` դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու երեք ամիսը վաղուց լրացել է, ինչը եւս օրենքի խախտում է:

Ի դեպ, նա անջատեց հեռախոսը` չցանկացավ պատասխանել մեր հարցերին, երբ տեղեկացավ, որ լրագրող է զանգողը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031