Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սխալն այն է, որ կերակրատեսակների առաջ չենք գրում հայկական կամ ազգային բառը»

Դեկտեմբեր 01,2017 16:19

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրը «Հայ խոհարարական ավանդույթների և զարգացման պահպանման» հ/կ-ի փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանն էր։ Քննարկման թեման հետևյալն էր՝ «Հայկական լոբբին՝ ընդդեմ ադրբեջանականի։ Պետականորեն ամրագրված կերակրատեսակներ չունենք, որն էլ բերել է ադրբեջանական լոբբիի ակտիվացմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմանը։ Մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ տարվող քայլերը և պետական ֆինանսավորման աջակցության բացակայությունը»։

«Հարևան պետությունների մոտ երևի անհանգստություն առաջացրեց այն, որ մեր կազմակերպությունը կարողացավ կազմակերպել ամենամյա փառատոներ, որոնց ցանկում կար տոլմայի փառատոնը։ Դրա իրականացումից անմիջապես հետո հարևան երկրի նախագահ Ալիևը հայտարարեց, որ եթե յուրաքանչյուր հայի հարցնեն՝ ի՞նչ է նշանակում տոլմա, ոչ ոք չի կարող պատասխանել։ Բայց բոլորս կարող ենք ապացուցել, որ հայկական ազգային կերակրատեսակների ցանկում եթե ոչ առաջինը, երկրորդը հաստատ տոլման է եղել։ Եվ յուրաքանչյուր հայ հյուր ընդունելիս միշտ ցանկացել է ներկայացնել տոլման։ Դա ապացուցում է, որ այն հայկական ծագում ունի»,-նշեց փոխնախագահը։

Նրա կարծիքով՝ պետական կառավարությունը կարող է օգնել իրենց, ինչը մինչ օրս չեն ստացել՝ պատճառաբանելով, որ ֆինանսական միջոցներ չկան։ Նա ավելացրեց, որ ի տարբերություն ադրբեջանական տոլմայի՝ հայերը տոլման փաթաթում են, ոչ թե լցոնում։ «Մեր սխալն այն է, որ կերակրատեսակների առաջ չենք գրում հայկական կամ ազգային բառը։ Սա յուրաքանչյուր հայի պատիվն է: Մենք լռում ենք, իսկ դա մեր ամենամեծ սխալն Է»։

Նա նաև նշեց, որ մինչ այս կազմակերպված բոլոր փառատոները կազմակերպությունը իր միջոցներով է հոգացել, եղել են հովանավորներ, բայց որևէ պետական աջակցություն՝ մշակույթի կամ մյուս նախարարների կողմից, չի եղել։

Ինչ վերաբերում է ներկայումս հայկական ուտեստների պահպանմանը և տարածմանը՝ Ռուզաննա Նահապետյանը նշեց, որ այժմ ֆասթ-ֆուդին ենք նախապատվությունը տալիս՝ մոռանալով հայկական ուտեստները։ «Այժմ հայերը նախընտրում են ավելի հեշտ եղանակով սպասարկել հյուրերին։ Ինչո՞ւ համեմեն խոզի միսը Ամանորին։ Դնում են սեղանին, հյուրը գալիս է, մի կտոր կտրում են և հյուրասիրում։ Մարդիկ թամբալացել են, առաջ ավելի աշխատասեր էին»։

Նա նաև հավելեց, որ կան շատ ուտեստներ, որոնց մասին մարդիկ ուղղակի գաղափար չունեն, մինչդեռ հնուց մեր նախնիները տարբեր համեմունքներով պատրաստել են ավանդական ուտեստներ և ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում համեմունքները որպես բիզնես չեն օգտագործում, մինչդեռ մեր բուսականությունը հարուստ է ամեն տեսակի խոտերով և տարբեր տեսակի համեմունքներով։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031