Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն ՌԴ-ի հետ զենքի ձեռք բերման երեք պայմանագիր է նախաստորագրել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2017 16:05

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր 3 կողմ եւ մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին: Ձեռնպահ քվեարկեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, այս համաձայնագրով ՌԴ-ն Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու: Հարցի հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց`այդ գումարով ՀՀ զինված ուժերն են համալրվելու: Դա նպատակ ունի նաեւ տարածաշրջանում ռազմական բալանսն ապահովել: Ասաց նաեւ, որ վարկն արտոնյալ է, ՌԴ-ի ներքին գներով է ռազմական տեխնիկան հաշվարկված: Վարկը 2-3 տոկոսով, պետք է մարենք 15 տարում, տարեկան երկու անգամ մարման ժամկետով:

Պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ այս վարկով զենք ձեռքբերելու երեք պայմանագիր արդեն նախաստորագրված է, երեքի գումարը միասին գերազանցում է100 մլն վարկի շրջանակը: Այսինքն, ՀՀ-ն իր մասնակցությունը կունենա:

Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց`ՌԴ-ն կխոչընդոտե՞ր, եթե այս պայմանագրով պետություններից զենք գնեինք: «Այս վարկային պայմաններն այպիսին են, որ իմաստ էլ չունի մտածել այլ երկրից զենք ձեռք բերելու մասին»,- ասաց Արտակ Զաքարյանը`հավելելով, որ առհասարակ, ՌԴ-ի կողմից խոչընդոտներ չեն լինում այլ պետություններից զենք ձեռք բերելու հարցում:

Մանրամասները`տեսանյութում

ՌԴ-ի հետ արդեն երեք նախաստորագրված պայմանագրերով սահմանված զինտեխնիկայի ցանկը գաղտնի է: Արտակ Զաքարյանը հավաստիացրեց` այնպիսի զինտեխնիկա ենք ձեռք բերելու, որը հնարավորություն կտա ՀՕՊ համակարգերը համալրել, առաջնագիծն ավելի ամրապնդել:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հիշեցրեց`նախորդ`200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի վավերացումից հետո ռուսական կողմը հրապարակեց ձեռք բերված զինտեխնիկայի ցանկը: Նաեւ`զենքի մատակարարումն ուշացավ: Արտակ Զաքարյանը պատասխանեց`ինքը կդժվարանա ռուսական կողմի փոխարեն ասի`ինչո՞ւ են հրապարակել: Նաեւ հավաստիացրեց, որ նախորդ պայմանագրի կիրարկման գործընթացում երբեք ֆինանսավորումը խնդիր չի եղել:

Հարցրեց նաեւ վարկի մարման ժամկետների ու մեխանիզմների հետ կապված: Նախորդ փորձից ելնելով մտավախություններ ունեցել ենք, մարման հետ կապված: Ասաց`նախկինում պայմանագրերի կնքումների հետ կապված է ուշացել մատակարարումը, բայց այժմ պայմանագրերը նախաստորագրված են ու այդպիսի խնդիր չի առաջանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031