Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը կբացվի այլ արտադրողների համար». Ի՞նչ ենք ստանալու ԵՄ-ից՝ տնտեսական առումով

Դեկտեմբեր 01,2017 15:58

«ԵԱՏՄ-ին անդամակցեցինք եւ մեր տնտեսվարողները 40 մլն եվրո տնտեսում են՝ հիմնականում էներգակիրների գների նվազման եւ մաքսային ընթացակարգերի պատճառով: ԵՄ-ի հետ ի՞նչ խնայողություն ունենք՝ տարեկան 7.8 մլն եվրո: Կարո՞ղ ենք այս թիվը պայմանագրի միջոցով մեծացնել, հասցնել 20 մլն-ի՝ կարող ենք»,- այսօր ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին լսումների ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:

9691 ապրանքից GSP+-ով մենք կարող ենք արտահանել 6291 ապրանք, արտահանում ենք 60 տեսակ, տեսակային առումով 1 տոկոսով ենք օգտվում: Սա՛ է իրավիճակը. «Հիմնականում մենք արտահանում ենք ալյումինի թիթեղների եւ ֆերոձուլվածքների առումով: Պատրաստի արտադրանք շատ քիչ ենք արտահանում»:

Նա ասաց, որ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման առումով խնդիրներ ունենք, խնդիրներ ունենք վարկերի արդյունավետ օգտագործման առումով եւ մեծ խնդիր է նաեւ կոռուպցիան. «Մենք ԵՄ-ից սպասում ենք գրանտներ եւ վարկեր: ԱԺ-ին խնդրում եմ ուշադիր եղեք, եթե դուք ստանում եք գրանտներ ու վարկեր, ինչպիսին է դրա կառուցվածքը: Պետք է հստակ լինի նպատակը, կառուցվածքը լինի արդյունավետ: Եթե կա ոչ արդյունավետ բաղադրիչ, դա դառնալու է փաստացի լրացուցիչ տոկոս՝ այդ վարկի վրա»:

Նա ասաց, որ ամեն ինչ կախված է մեզանից:

Իսկ միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ մենք այս համաձայնագրով կարող ենք ոչ միայն քաղաքակիրթ աշխարհի պետությունների զարգացման օրինակը վերցնել, այլեւ բացել տարածք՝ այլ արտադրողների համար: ՀՀ-ում արտադրանքի մասին է խոսքը, ոչ թե Հայաստանի արտադրանքի. «Ասում են՝ մենք ի՞նչ ունենք Եվրոպային տալու, հո ջերմուկ չե՞նք տալու: Խոսքը դրա մասին չէ: Ես շփվել եմ տնտեսական հրաշք ունեցած երկրների հետ, նրանք բացեցին իրենց տարածքը՝ այլ արտադրանքի համար, ոչ թե արտադրանք տվեցին: Մենք խոսում ենք այստեղ Վիետնամի արտադրանքի մասին, բայց «Սամսունգը», «Սոնին» Վիետնամի արտադրանքը չէ, Վիետնամում արտադրված արտադրանք է: Շատ կարեւոր է, որ այս համաձայնագիրը այդ հնարավորությունը ստեղծում է, որ Հայաստանը բացվի այլ արտադրողների համար ու այստեղ ԵՏՄ, կամ ցանկացած երկիր, որեւէ նշանակություն չունի: Եթե դու «Մերսեդես» ես արտադրում, դա չի նշանակում, որ դուք Գերմանիային ավելի շատ եք սիրում, քան Ֆրանսիային»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ տնտեսական զեկույց ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության մասին ու ասաց, որ միայն GSP+-ը մեզ հնարավորություն է տալիս 6400 անուն ապրանք հանել դեպի ԵՄ շուկա, որը էական գրավչություն է: Նա ասաց, որ ԵՄ-ն բյուջետային աջակցություն է տրամադրում եւ 27.5 մլն եվրոյի սահմաններում գումար ստացել ենք միայն 2016-ին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տալու համաձայնագիրը, փոխնախարարն ասաց, որ առեւտրային արտոնյալ ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային եւ թեմատիկ ծածկույթի առումով օգտվելու ենք: Մաքսային հարցեր նույնիսկ կան՝ վարչարարության եւ փոխադարձ համագործակցության նորմեր, երկկողմ առեւտրին նպաստող դրույթներ, նաեւ պետական գնումների ոլորտում որոշակի ազատականացում է ենթադրվում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031