Այսօր ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված խորհրդարանական լսումներին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց. «Այն, որ ԵՄ երկրների դեսպանները քաղաքական ոլորտին վերաբերող հարցերից հետո խմբովի հեռացան, դա նշանակում է նախեւառաջ, որ այս փաստաթուղթը իրենց կողմից ընդունվում է լոկ որպես քաղաքական փաստաթուղթ»:
Նրա խոսքով՝ դեռ 2013-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնելով ՀՀ-ի եւ հայ ժողովրդի ցանկությանը միանալ ԵԱՏՄ-ին, նույն օրը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ինչը մենք 4 տարի հետո ոչ մեր մեղքով վավերացրեցինք. «Կորսված 4 տարիների մեղավորությունը ամենեւին ՀՀ իշխանությունների վրա չի»:
Գեղամյանի խոսքով՝ «ԵՄ-ն հստակ գիտի, թե մենք ինչ սերտ բարեկամական կապեր ունենք Իրանի հետ, որը տարիներ շարունակ գտնվում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սանկցիաների ներքո: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ գնում է ընդառաջ ՀՀ-ին: ԵՄ-ն շատ լավ գիտի, որ ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, ՌԴ-ն լոկոմոտիվն է այդ կառույցի եւ նույնպես գտնվում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների ներքո, բայց ԵՄ-ն հակասություն չի տեսնում՝ ՀՀ-ի հետ նման համաձայնագիր կնքի: Ի՞նչ մեսիջ է սա, սա մեսիջ է ՌԴ-ին, որ ԵՄ-ն ոչ մի խոչընդոտ չի կնքում ԵԱՏՄ-ի հետ նաեւ նմանատիպ պայմանագիր կնքելու, որը երբեք չի հակասելու երկու կողմերին՝ ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին: Այս մեսիջն արվում է ՀՀ-ի միջոցով, ՀՀ-ի անմիջական մասնակցությամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ