Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել` կապված Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական հեռուստաալիքներում սկսված հակահայ քարոզչության հետ.
«Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո անսպասելիորեն ռուսական որոշ լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների եւ վայ–քաղաքական գործիչների կողմից հակահայկական արշավ ծավալվեց, որտեղ այդ գործիչները փորձում էին այդ համաձայնագիրը ներկայացնել որպես ՀՀ քաղաքական գծի փոփոխություն, Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս դաշնակիցների հետ դաշնակցային հարաբերություններին դավաճանություն։ Ոմանք հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի եւ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի վարած քաղաքական գծերի միջեւ։
Դժվար է հասկանալ, թե ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությու՞նը, թե՞ արտաքին ուժերին շահախնդիր սպասարկելու ցանկությունը, որոնք կցանկանային հայ–ռուսական հարաբերություններում լարվածություն տեսնել։ Եթե այդ վայ–քաղաքական գործիչներն իրենց նեղություն տային կարդալ այդ համաձայնագրի տեքստը, նրանց համար միանգամից ակնհայտ կդառնար, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի այն փաստաթղթերի հետ, որոնք ստորագրվել են Եվրամիության ու Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի միջեւ։ Այդ համաձայնագիրը հաշվի է առնում դաշնակիցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները եւ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ԵՏՄ անդամ երկրների շահերի համար։
Այդ ծայրահեղ անպատասխանատու լրագրողների եւ քաղաքական գործիչների գործողությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական համայնքի շրջանում՝ որպես մեր երկրների միջեւ խնդիրներ ստեղծելու եւ Հայաստանը բացասական կերպարով ներկայացնելու փորձ։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներ են ներկայացրել՝ հայ–ռուսական հարաբերությունները բարդացնելու նպատակով, քանի որ Հայաստանը անգամ ԵՏՄ կազմում այն քիչ երկրներից է, որոնք հետեւողանակորեն աջակցում են Ռուսաստանին ինչպես Ղրիմի, այնպես էլ այլ զգայուն հարցերում։
Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունք է հայտնում ՌԴ–ում ապրող հայերի անունից, որոնք, լինելով ՌԴ քաղաքացիներ, չեն հասկանում, թե ինչպես են նման մարդիկ ռուսական հեռուստաընկերությունում եւ այլ լրատվամիջոցներում հարթակ ստացել՝ կեղծելով եւ աղավաղելով Ռուսաստանի մերձավոր դաշնակցի քաղաքականությունը։
Մենք դիմում ենք իշխանական կառույցներին, որոնք, հուսով ենք, որոշակի ազդեցություն ունեն ռուսական ԶԼՄ–ների վրա, եւ պահանջում ենք հեռացնել եթերից այդ ծախու լրագրողներին, վայ–քաղաքական գործիչներին եւ «փորձագետ»–մարգինալներին, որոնց դիրքորոշումը արձագանք չի գտնում ռուսական հասարակությունում, քանի որ վնաս է հասցնում առաջին հերթին հենց լրատվամիջոցներին, որոնց միջոցով տիրաժավորվում է այդ անգրագիտությունը կամ գիտակից ապատեղեկատվությունը»։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ