Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ

Դեկտեմբեր 01,2017 15:25

«Հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ողջունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների այս համատեղ նախաձեռնությունը՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ:

Այսօրվա խորհրդարանական լսումների թեման արդիական է եւ անհրաժեշտ մեր քաղաքական օրակարգի համար: Դրանք անցկացվում են կարեւոր մի իրադարձության` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման թարմ հետքերով: Եթե թերթենք մեր պատմությունը, կտեսնենք Հայաստանն ու Եվրոպան կապող բազմաթիվ էջեր: Այժմ ցանկանում ենք ստեղծել մեր փոխհարաբերությունների նոր, ժամանակակից պատմություն` հիմնված անցյալի վրա եւ ուղղված ապագային: Մենք ունենք այդ ցանկությունը, ներուժը եւ հնարավորությունները, ինչպես նաեւ այն քաղաքական կամքը, որը երաշխավորում է Հայաստանի ու Եվրոպայի գործակցության նորագույն ընթացքը: Սակայն մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել եւ ամրապնդել որեւէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին: Հայաստանը երբեւէ չի առաջնորդվել իր գործընկերների, առավել եւս բարեկամների շահերը միմյանց հակադրելու ճանապարհով: Հակառակը, մենք մշտապես ձգտել ենք համադրել այդ շահերը: Հենց սա է այն յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, եւ որը գնահատվում է նաեւ գործընկեր պետությունների ու կառույցների կողմից: Հարգելի՛ բարեկամներ, խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համաձայնագիրը ստորագրվեց դեպի միացյալ Եվրոպա առաջին քայլի` Հռոմի համաձայնագրի 60-ամյակի տարում:

Ինչպես ավելի քան վեց տասնամյակ առաջ եվրոպական մի շարք երկրներ հիմնեցին եզակի միություն՝  ընդհանուր հաստատություններով եւ հզոր արժեքներով, այնպես էլ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքվեց նույնպիսի եզակի մի համաձայնագիր, եզակի այն իմաստով, որ Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրած մեր երկիրը պատմական, աշխարհագրական եւ քաղաքական յուրահատուկ դիրքով կամրջում է Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը:

Ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմք է` ամրապնդելու քաղաքական երկխոսությունը եւ շարունակելու տնտեսական ու սոցիալական բարեփոխումները, ստեղծելու ժողովրդավարության, բարեկեցության, կայունության եւ համագործակցության հայ-եվրոպական միասնական տարածք: ԵՄ-ն ոչ միայն կարեւոր առեւտրատնտեսական եւ քաղաքական գործընկեր է, այլեւ ունի իրավական-օրենսդրական եւ գիտատեխնիկական զարգացման հարուստ փորձ: Մենք դրական ենք գնահատում հետագա համագործակցության հեռանկարը, եւ հույս ունենք խորացնել գործնական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Մենք միմյանց տալու շատ բան ունենք, եւ դա առեւտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխհարաբերություն ու համագործակցություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջեւ:

Հարգելի բարեկամներ, Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս եվրոպական անվտանգության համակարգին` տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցելով տարբեր ձեւաչափերով: Անվտանգության ժամանակակից եվրոպական համակարգը հիմնվում է յուրատեսակ եռանկյունու վրա` ԵՄ, ԵԱՀԿ եւ ՆԱՏՕ: Ընդ որում, ԵԱՀԿ-ն արցախյան հակամարտության կարգավորման ամենաակտիվ մասնակիցն է՝ ի դեմս հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության: Մյուս կողմից մեզ համար կարեւորագույն նշանակություն ունի անդամակցությունը հետխորհրդային եւ ԱՊՀ տարածքում անվտանգության գլխավոր երաշխավոր կազմակերպությանը` ՀԱՊԿ-ին: Հայաստանի Հանրապետությունը լավագույնս կարող է հավասարակշռել համագործակցությունն անվտանգության այս երկու համակարգերի հետ՝ միաժամանակ որոշակի դեր ունենալով նաեւ նրանց միջեւ առկա խնդիրների հարթեցմանը նպաստելու գործում: Մենք եվրասիական տարածքի եւ միաժամանակ Եվրոպայի անբաժանելի մասն ենք: Եւ մենք չենք կարող անմասն լինել ինչպես եվրասիական, այնպես էլ համաեվրոպական գործընթացներից: Որպես հարեւաններ, որոնք չունեն ընդհանուր սահմաններ, որպես գործընկերներ, որոնք ի զորու են հաղթահարել ցանկացած հեռավորություն, մենք պետք է ձեւավորենք կայուն եւ փոխվստահելի հարաբերություններ` միասին կոտրելով առկա եւ հնարավոր կարծրատիպերը: Մենք պատրաստակամ ենք առավելագույնս կիրառել այս համագործակցության հնարավորությունները եւ գործիքները: Մենք հավատում ենք, որ Հայաստանի եւ Եվրոպական միության ու նրա կառույցների հետ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա` հիմնվելով ձեւավորված լավ ավանդույթների ու փորձի վրա, ի շահ խաղաղության, կայուն զարգացման եւ առաջընթացի:

Մեկ անգամ եւս ողջունում եմ ձեզ եւ մաղթում արդյունավետ քննարկումներ»:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031