Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Այսօր գլուխ գովելու ժամանակը չէ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2017 15:15

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացավ միության նախագահ Հարություն Խաչատրյանի ասուլիսը: Նա լրագրողներին տեղեկացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել ընտրվելուց հետո 39 աշխատանքային օրերի ընթացքում: Ստեղծվել են մասնագիտական, միջազգային կապերի, փառատոնային հարցերի, կինոկրթության, բանակի հետ կինոմշակութային աշխատանքների հանձնաժողովներ, շուրջ 20 տարի անց բացվել է կինոմիության փոքր դահլիճի դուռը, սկսվել են կինոցուցադրումներ, կինոքննարկումներ: Երկարատեւ ընդմիջումից հետո բացվել է նաեւ Կինոյի տան հայտնի «Բուխարու սրահը», սկսվել է մեծ դահլիճի մասնակի նորոգումը: Նորոգվում են նաեւ դահլիճ տանող հարակից սրահները:

Հարություն Խաչատրյանը արված աշխատանքների մասին մանրամասն չխոսեց, քանի որ ամեն ինչ հանգամանալից ներկայացված էր լրագրողներին բաժանված մամուլի հաղորդագրության մեջ:

Նրա ձեւակերպմամբ. «Այսօր գլուխ գովելու ժամանակը չէ»: Կինոմիության նախագահը հույս հայտնեց, որ կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան աջակցել միության մեծ դահլիճի վերանորոգմանը: Նա կարեւորեց հատկապես կինոթանգարանի ստեղծումը, իսկ ասուլիսից հետո լրագրողներին ուղեկցեց այդ տարածք:

«Մշակույթի եւ քաղաքաշինության նախարարները համոզվել են, որ սա լավագույն տեղն է թանգարանի համար, որտեղ կգործի դպրոց, գրադարան, կլինեն դասախոսություններ, հանդիպումներ, քննարկումներ, այն կլինի նաեւ տուրիստական մի վայր: Պարզապես դա մեծ ֆինանսավորում պահանջող ծրագիր է, սակայն կարծում եմ, որ ամենաքիչը 2, ամենաշատը 4 տարում հնարավոր կլինի կյանքի կոչել թանգարանը եւ մեծ դահլիճը: Հարություն Խաչատրյանը նշեց, որ շուրջ 200000 եվրո կպահանջվի մեծ դահլիճի վերանորոգման համար:

Մանրամասները` տեսանյութում

Հարություն Խաչատրյանն անդրադարձավ նաեւ «Հայֆիլմի» վաճառքին, ապա կինոյի հզոր զենք լինելուն` պետական եւ ազգային շահերի համար:

Կինոմիության նախագահի խոսքերով, մշակույթի նոր նախարարը հետաքրքրված է կինոյով եւ կինոթանգարանի ստեղծմամբ, առաջիկայում թանգարան կտեղափոխվի Գրականության եւ արվեստի թանգարանի կինոյի բաժինը: Ի դեպ, ստեղծվել է թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողով:

Մանրամասները` տեսանյութում

Կինեմատոգրաֆիստների միության նախագահը նաեւ տեղեկացրեց, որ ստեղծվել է հանձնախումբ, որը մանրամասն աշխատել է «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի» նախագծի վրա, եւ իրենց առաջարկները ներկայացվել են նախարարություն, նաեւ մի քանի քննարկում է կազմակերպվել միությունում: Նա նաեւ հայտնեց, որ Ֆրանսիական CNC-ն առաջարկել է օրինագծի վրա աշխատելու իր անվճար ծառայությունները, եւ եթե այդ նվերից հայկական կողմը հրաժարվի ու ավելորդ շտապողականություն ցուցաբերվի, ուրեմն այդ ամենի տակ ինչ-որ միտում կա: «Միայն հայաստանցիներով եւ ամերիկացի կինեմատոգրաֆիստով հնարավոր չէ Կինոյի մասին օրենք ստեղծել»,-շեշտեց բանախոսը:

Հարություն Խաչատրյանը նաեւ հավելեց, որ իրենք դիմել են կինոկենտրոնին եւ մշակույթի նախարարությանը՝ դեբյուտների ֆինանսավորումը միությանը փոխանցելու համար: Կինոմիությունում ստեղծվել է «Երիտասարդական հարթակ», որը միավորում է երիտասարդ ու անկախ կինոգործիչների, նախապատրաստում է երիտասարդական լուրջ կինոնախագծեր:

Լրագրողների համար շրջայց կազմակերպվեց Կինոգործիչների միության տարածքներով, որոնց մի մասը վարձակալությամբ է տրված, օրինակ՝ Մաֆ ակումբին, մի մասը վաճառված է ինչ-որ կլինիկայի, կինոմիությունը բազմաթիվ պարտքեր ունի` շուրջ 170 միլիոն, սակայն Հարություն Խաչատրյանը չի օգտվելու բանկում դրված գումարից, որն ուղղվելու է միայն սոցիալական ծրագրերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031