«Պետք է մեզ խոստովանենք, որ բոլորը չէ, որ ուրախ են այս համաձայնագրի առկայությամբ: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արձագանքներ են գալիս, ինչպիսի խնդիրներ կլինեն դրա իրականացման ընթացքում: Մենք տեսանք, որ պաշտոնական դիրքորոշումով որեւէ խնդիր մեր առջեւ չդրվեց, բայց հետագայում արդեն իրենց հսկողության տակ գտնվող փորձագետների միջոցով սկսեցին արշավանք հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ: Մենք դրան հետեւում ենք, տեսնում ենք, թե ինչ է կատարվում ռուսական մեդիայում»,- այսօր «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով ԱԺ լսումների ժամանակ ասաց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Արթուր Ղազինյանը:
Նա ասաց, որ իր համար տարօրինակ է, թե ինչու է դրան արձագանքում ՌԴ արտգործնախարարը, եթե կա ԵԱՏՄ-ն, որը իրավասու մարմին է, որ կարող էր հայտարարել, որ այս համաձայնագիրը չի խանգարում ԵԱՏՄ պարտավորություններին: ՀՀ-ն իր ինքնիշխան իրավունքն է իրացրել, ու միակ կոմպետենտ մարմինը, որը կարող էր կարծիք հայտնել այս համաձայնագրի վերաբերյալ ԵԱՏՄ-ն էր, որին անդամակցում է ՀՀ-ն. «Ներքին խնդիրները, որ կծագեն, մենք բոլորս ենք խոսում ՀՀ-ում գործող 5-րդ շարասյան մասին, մենք բոլորս փնտրում ենք, բայց չենք գտնում, ինձ մոտ ներքին համոզմունք ունեմ, որ այս համաձայնագրի պրակտիկ իրականացման ընթացքում այդ շարասյունն իրեն զգացնել կտա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ