Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Ընդդիմադիրը դուք եք, ես ի՞նչ ընդդիմադիր» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2017 14:42

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բավական դժվարությամբ երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում: Դժվարությամբ, քանի որ քվորում չկար, չէին կարողանում «Ելքի» գրավոր առաջարկների քվեարկություն կատարել:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու իր օգնականը «բերման ենթարկեցին» քննարկումը լքած Ռոմիկ Մանուկյանին: Ստացվեց: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի անդամներ են նաեւ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը: Նրանք երբեք չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին: Քննարկումը կեսից լքեցին նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արթուր Մանուկյանը եւ Վահան Կարապետյանը: Նախագծին կողմ քվեարկեց նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ուշադրություն հրավիրեց, որ կողմ քվեարկեց նաեւ ընդդիմադիր պատգամավորն ու շնորհակալություն հայտնեց բոլորին: «Ընդդիմադիրը դուք եք, ես ի՞նչ ընդդիմադիր»,- հակադարձեց Սասուն Միքայելյանը:

Այս նախագծով, հիշեցնենք, երկարացվում է ժամկետը, որով 27 տարին լրացած անձանց, ովքեր Հայաստանից դուրս են եղել եւ խուսափել են պարտադիր ծառայությունից`վճարելով նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը, կարող են վերադառնալ Հայաստան:

Թեեւ նախագիծը երկրորդ ընթերցմամբ էր քննվում, դարձյալ երկժամյա բանավեճերի տեղիք տվեց: «Ելք» խմբակցությունն առաջարկներ է արել, դրանք մերժվել են: Ընդդիմադիր պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց`հնարավոր չէ՞ գումարի վճարման ժամկետ սահմանել, քանի որ կարող է մարդն անմիջապես հնարավորություն չունի վճարելու: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց`նախագիծն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունվարի մեկը, ուստի, դա արդեն հնարավորություն է գումար կուտակելու: Հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանն էլ հավելեց. «Էդքան տարի Ռուսաստանում աշխատել է, թող մի վեց ամիս էլ աշխատի ու էդ 3 միլիոն 600 հազար դրամը հավաքի»:

ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը դեռ նախորդ քննարկումներում էր թերություն մատնանշել` եթե մարդն եկել է ու հնարավորություն չունի վճարելու, ինչո՞ւ նրա համար այլընտրանքային ծառայության հնարավորություն չենք ստեղծում: Այս առաջարկը նաեւ «Ելքն» է արել`մի տարբերությամբ`ոչ թե պայմանագրային սկզբունքով ծառայեն, այլ պարտադիր: Նախագծի հեղինակներն առաջարկը չեն ընդունում:

Արտակ Զեյնալյանն էլ պնդեց`պայմանագրային ծառայության տարբերակը պետք է ներառել այն դեպքերի համար, եթե մարդը հնարավորություն չունի վճարելու: Կարինե Աճեմյանը չհամաձայնեց, ասաց`նոր նախաձեռնությամբ հանդես եկեք: Ասում է նաեւ, որ իրեն բազմաթիվ մարդիկ են դիմում, բայց ոչ ոք գումարի խնդիր առաջ չի քաշում, չի ասում, որ չեն կարող վճարել: «Մեզ զանգել են`առաջ են քաշել»,- հակադարձեց Արտակ Զեյնալյանը:

«Չկա իմ օրենք, իմ նախագիծ, ընդունվում է ՀՀ օրենք»,- արդեն իր ելույթում Կարինե Աճեմյանին հակադարձեց Արտակ Զեյնալյանը: Սասուն Միքայելյանն էլ հավելեց. «ԱԺ-ում էդ թիմային գործելաոճը պիտի ջարդենք: Օրենքը բոլորիս համար լինի հասանելի, ոչ թե`մեծ խմբակցություն է, ինչ ուզի` անի»:

Մինչդեռ Սասուն Միքայելյանը մտավախություն ունի`բա որ նվազագույն աշխատավարձը բարձրանա ու այս գումարը շատ մեծ լինի: Ընդդիմադիր պատգամավորի լավատեսությունը`նվազագույն աշխատավարձի բարձրացման մասով, զարմացրեց իշխանական պատգամավոր, հարցի հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանին: Գործին խառնվեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը`նկատելով, որ նվազագույն աշխատավարձը սովորաբար հազար դրամի չափով է ավելանում, այնպես որ շատ մեծ տարբերություն չի առաջացնի:

ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն էլ կարծում է`իզուր նախնական տարբերակի 500 հազար դրամն իջեցվեց, այս հարցին պետք է խիստ մոտենալ, որ մարդիկ մտածելու տեղիք ունենան: ՀՀ ՊՆ-ն էլ, հիշեցնենք, դեմ է այս նախագծին, բայց ինչ-ինչ պատճառներով այս անգամ զիջել է:

Հարակից զեկուցող Ռոմիկ Մանուկյանը տարակուսեց քննարկումներից: Ասում է` եթե նախաձեռնող խումբը չի ընդունում առաջարկը, ինչո՞ւ է քննարկվում հանձնաժողովում: Իսկ այլընտրանքային ծառայության մասով ասում է` մարդը 27 տարի խուսափել է ծառայությունից, նա այլընտրանքային ծառայության չի էլ համաձայնվի:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ ասաց`այլընտրանքային զինվորական ծառայության մասին գործող օրենքը սահմանում է, որ պարտադիր ծառայության անցած մարդը կարող է անցնել պայմանագրային ծառայության: Բայց այս խնդիրն իրենք օրակարգում կպահեն`արդեն այլ օրենքով:

Մանրամասները`տեսանյութում

Քննարկվեցին նաեւ «Ելք»-ի գրավոր առաջարկները`27-35 տարեկան զինապարտների համար թողնել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափը`առաջարկվող 200-ապատիկի փոխարեն: Առանձին դեպքերում ավելի նվազ գումար է առաջարկվում: 35-55 տարեկան զինապարտների հարցում «Ելքը» կողմ է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափի գումարին: Առաջարկները մերժվեցին: ՀՀ պաշտպանության փոխնախարարն ասում է`խոսքը մեկ հանցագործության մասին է, տարբերակված մոտեցման իմաստը ո՞րն է: Մանավանդ, որ գործընթացի ընթացքում հաշվի են առնվում տարբեր հանգամանքների առկայությունը եւ մարդը վճարում է բացառապես զինծառայությունից ապօրինի խուսափած ժամանակի համար: Ասենք, եթե հիվանդ է եղել որոշ ընթացք, կամ այդ ընթացքում երկու երեխա է ունեցել`հաշվի է առնվում:

ՊՆ փոխնախարարը դեմ էր «Ելքի» մյուս առաջարկին`օրենքի`ուժի մեջ լինելու ժամկետը`2020 թվականի հունվարի մեկը`հանել: Ասաց. «Առաջինը պետք է խրամատում կանգնած զինվորի դրության մեջ մտնենք, որ հիմա նստած հանգիստ քննարկում ենք անում, որ ինչ-որ մարդիկ, իբրեւ տուրիստ գան`գնան»: Նա կարծում է, որ պատերազմող երկրի պաշտպանության նախարարությունը չպետք է յուրաքանչյուրի քմահաճույքներով առաջնորդվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031