Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Թորոսյանն այսօր ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն խորագրով ԱԺ լսումներին ասաց, որ ԵՄ համաձայնագիրը տալիս է շատ լայն հնարավորություններ, բայց միաժամանակ տալիս է մարտահրավերներ, մարտահրավերները բազմաթիվ են. «Ցանկացած՝ անգամ ամենալավ համաձայնագիրը կարող է մնալ հնարավորությունների մի փաստաթուղթ, եթե շատ լուրջ քայլեր չարվեն՝ դրանք իրականացնելու համար: Լուրջ խնդիր է իրականացնել չափազանց կարեւոր նպատակները, որոնք արձանագրված են փաստաթղթում: Շատ կարեւոր է, որ ԵՄ-ն վերջին տարիներին էապես վերանայել է իր ռազմավարությունը արեւելյան գործընկերության շրջանակներում, նախընտրում է աշխատել յուրաքանչյուր կողմի հետ՝ հաշվի առնելով այդ կողմի առանձնահատկությունները»:
Նա նշեց, որ համաձայնագրի նպատակների իրագործման հիմքը ընդհանուր արժեքներն են, մեր արժեհամակարգի վերանայումն է, մեր երկրի հետաքրքրությունները պետք է դառնան նաեւ ԵՄ-ի հետաքրքրությունների ու շահերի շրջանակներում գտնվող խնդիրներ:
Այս փաստաթուղթը, ըստ Տիգրան Թորոսյանի, վերաբերում է ոչ միայն ինտեգրմանը, այլեւ մեր ներքին կյանքին. «ժողովրդավարությունը միայն փաստաթղթերի առկայություն չէ, կայացած ժողովրդավարությունը դա ենթադրում է երեք ուղղությամբ լուրջ անելիքներ՝ սահմանադրական կամ օրենսդրական, արժեքային եւ վարքային: Բոլոր 3 ուղղություններով մենք չափազանց մեծ աշխատանք ունենք անելու, որ այդ ամենը դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնության մոտեցում»:
Նա նշեց, որ հիմնախնդիրները գիտակցելը շատ կարեւոր է մեզ համար, իսկ դրանք են՝ քաղաքական համակարգի կայացում, այն է՝ բազմակուսակցական համակարգի կայացում, կրթության եւ գիտության արմատական բարեփոխում:
Ելույթի վերջում Թորոսյանն ասաց. «Կարեւոր է ԼՂՀ խնդրի հետ կապված ձեւակերպումը: Կարող է թվալ, թե սկզբունքները, որ շարադրված են, հայտնի են: Իհարկե, հայտնի են, բայց շատ կարեւոր է, որ ԵՄ-ի հանձնառությունը, որը արձանագրված է այդ փաստաթղթում՝ այդ սկզբունքների շրջանակում խնդիրը լուծել: Անգլերեն տեքստում պետությունների տարածքային անձեռնմխելիություն արտահայտության մեջ պետություններ բառը մեծատառով է, դա նշանակում է, որ պետություն չի նշանակում ցանկացած պետություն, այլ ՄԱԿ-ի անդամ երկրների հարգում՝ մյուս անդամ երկրների տարածքային ամբողջականությունը եւ սա բացարձակապես չի հակասում ինքնորոշման իրավունքին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ