«Ազգ-բանակ եզրի մասին առաջինը խոսել է Ժիրայր Սեֆիլյանը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:
Նրա վստահեցմամբ՝ ազգ-բանակի եզրը ոչ թե քննարկվում է վերջին 4-5 ամիսներին, այլ այդ հասկացությունը շրջանառության մեջ դրվել է մի քանի ամիս առաջ և դրա մասին առաջինը խոսել է Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցին՝ ազգ-բանակ հայեցակարգի հետ կապված հանրային վստահության հարցը լուծվա՞ծ է, պարոն Չալաբյանը պատասխանեց. «Այսօրվա իշխանությունները շատ ավելի լուրջ ջանքեր կարող էին ձևավորել անվտանգության խնդիրների շուրջ հասարակական կոնսենսուս ապահովելու համար: Ապրիլյան պատերազմը լավ հնարավորություն էր մեծ թվով բարեփոխումներ իրականացնելու և հասարակական համաձայնություն կառուցելու համար, և ես այս իմաստով հիասթափված եմ պաշտպանության նախարարության ղեկավարությունից»:
Հարցին՝ մտավախություն կա՞, որ ուժայինները գերակայություն կհաստատեն քաղաքական ոլորտում, պարոն Չալաբյանը պատասխանեց. «Ասել, որ դրա հավանականությունը չկա, նշանակում է չհասկանալ պատմությունը: Այսօր մեր զինված ուժերը ոչ թե այն կառույցներն են, որ վտանգ են ներկայացնում, այլ այն կառույցը, որ հասարակության անվտանգություն են ապահովում: Մենք այս տարի ունենք ռազմական բյուջեի կտրուկ աճ, տարիներով մեր ռազմական բյուջեն գտնվում էր նույն մակարդակի վրա, այն դեպքում, երբ աճում էր, օրինակ, ոստիկանության բյուջեն»:
Պարոն Չալաբյանի կարծիքով՝ հասարակությունը և բանակը համեմատության մեջ ավելի զարգացած ու կայացած են, քան այլ օղակները. ամենաթույլ հատվածը պետությունն է: Ըստ փորձագետի՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը պետականաշինության գործում կարևորագույն դրույթներ է պարունակում:
Այն մտահոգություններին, թե ազգ-բանակ հայեցակարգը կարող է Հայաստանը մի օր վերածել Հյուսիսային Կորեայի, հետևաբար ի՞նչ ռիսկեր կան այս առումով, պարոն Չալաբյանը պատասխանեց, թե չի համարում, որ Հյուսիսային Կորեայինը լավ օրինակ է, կամ ազգ- բանակի լավ օրինակ է, այլ կարծում է, որ դա կուսակցապետության և ֆանատիկոսների օրինակ է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի