2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով դատական նիստին այսօր գործով ամբաստանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարություն արեց:
«Մեղադրողները դատարան են մտնում եւ դուրս են գալիս դատավորների համար նախատեսված ծառայողական մուտքից , նիստից առաջ պարզել եմ, որ մեղադրողները նիստի դահլիճ եկան դատավորների համար նախատեսված մուտքից, այդ հանգամանքը ենթակա է պարզաբանման, թե ինչու է այդպես տեղի ունենում, սա արդարադատության նկատմամբ լրացուցիչ անվստահություն է առաջացնում իմ մեջ, երբ խորհրդային տարիների ավանդույթի համաձայն՝ դատախազներն ու դատավորները նախքան դատական նիստը դստավորի սենյակում միասին քննարկում էին կայանալիք նիստի մարտավարությունն ու ռազմավարությունը:
Կողմերը չպետք է նիստից դուրս հաղորդակցվեն դատավորի հետ, այնինչ, այս դատական գործով դա տեղի է ունենում ամեն դատական նիստին: Ես պարզաբանումներ եմ ուզում ստանալ, որ կողմնորոշվեմ, թե հետագայում ինչ անելիքներ ունեմ այս փաստի հետ կապված»,- հայտարարեց Ալումյանը:
Նախագահող դատավոր Բեկթաշյանն ասաց՝ նման տեղեկատվություն չունեն. «Կճշտենք՝ ճիշտ եք ասում, թե սուտ եք ասում, նիստից հետո պարզաբանում կտանք»:
Վահան Շիրխանյանն էլ հավելեց. «Միշտ էլ այդ ճանապարհով են գնում»:
«Կարո՞ղ է կալանքի տակ գտնվող ամբաստանյալներից որեւէ մեկը չհաստատի, ուզում եմ պարզաբանում ստանալ, որովհետեւ ձեզ ինքնաբացարկի միջնորդություն եմ ուզում հայտնել»,- շարունակեց Ալումյանը:
Մեղադրող դատախազը հերքեց Ալումյանի բարձրաձայնած տեղեկությունը, ասաց՝ միշտ կենտրոնական մուտքով են ներս ու դուրս անում:
Փաստաբան Ալումյանը հակադարձեց. «Հիմա նկարներն էլ ցույց կտամ Ձեզ, իմ պրակտիկանտն է տեսել, ինչպես եք փակ մուտքից դուրս եկել»:
Մեղադրողը բարկացավ. «Ի՞նչ է նշանակում պրակտիկանտը տեսել է, դուք նիստերի դահլիճում նստած էիք, կարող է ձեր պրակտիկանտը մեզ նիստերից հետո էլ է հետեւում»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ