2018թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի հազար խոր. մետրը 150 դոլարով։
Այդ գինը գործում է 2016թ. ապրիլից։ Դրա շրջանակներում էներգակիրների ներքին սակագները նվազել են երկու անգամ՝ 2016թ. հուլիսին, ապա՝ 2017թ. սկզբին։ Այս անգամ սակագների իջեցում չի սպասվում։ Բայցեւ գազի ներմուծման գնի պահպանումը հնարավորություն կտա խուսափել էներգակիրների թանկացումից։
Ըստ այդմ, հանրային ծառայությունների ոլորտից թելադրված սակագնային ճնշումը հաջորդ տարի կլինի զրոյական։ Խոսքը վերաբերում է ինչպես գազին եւ էլեկտրաէներգիային, այնպես էլ ջրամատակարարմանը։
Թեպետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերության առաջարկության հիման վրա որոշեց հունվարի 1-ից 11 դրամով ավելացնել ջրի սակագինը, այնուհանդերձ բնակչության համար դրա ազդեցությունը նկատելի չի լինի։ Ինչպես հայտնի է, կառավարությունը հայտարարել է թանկացման բեռը ամբողջովին ստանձնելու մասին։
Չնայած այդ առնչությամբ որոշում դեռ չի ընդունվել, այնուհանդերձ ակնկալվում է, որ դա կլինի մինչեւ դեկտեմբերի վերջ։ Այլ կերպ ասած, մինչեւ հանձնաժողովի սահմանած նոր սակագների գործողության մեջ մտնելը։ Կառավարությունը մտադիր է սակագների թանկացման բեռը մանրածախ սպառողների վրա չեզոքացնել ջրամատակարար ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսված վարձակալական վճարներից ստացվող միջոցների հաշվին։
Թե որքա՞ն գումար ստիպված կլինի ծախսել կառավարությունը խմելու ջրի սակագնի սուբսիդավորման համար, առայժմ հայտնի չէ։ Դա կախված կլինի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների ծավալից։ Ուստի դրա մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։
Ի տարբերություն ջրամատակարարման, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների պահպանումը կառավարության համար լրացուցիչ բեռ չի լինի։ Դրանք կմնան անփոփոխ, առանց որեւէ ֆինանսական միջամտության։
Հանրային ծառայությունների սակագներից թելադրված բացասական ազդեցության չեզոքացումն անշուշտ ունի կարեւոր սոցիալական նշանակություն։ Առավել եւս, որ հաջորդ տարի Հայաստանում չի նախատեսվում սոցիալական ոլորտի ծախսերի, այդ թվում՝ կենսաթոշակների, նպաստների եւ աշխատավարձերի բարձրացում։
Ս. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում