Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ. Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետեւողական եւ պատասխանատու մոտեցում փաստաթղթով նախատեսված հանձնառությունների կատարման նկատմամբ

Դեկտեմբեր 01,2017 12:54

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման վերաբերյալ

ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։

Ազգային պլատֆորմը վստահ է, որ պայմանագիրն իրատեսական հիմքեր է սահմանում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համակողմանի քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման եւ մեր երկրում արմատական բարեփոխումների իրականացման համար:

Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ Համաձայնագրի ստորագրումը ոչ թե վերջնանպատակ է, այլ երկարաժամկետ եւ ջանքեր պահանջող գործընթացի սկիզբ եւ դրա իրականացման համար պատասխանատվություն` ինչպես համաձայնագրի կողմերի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այս առումով Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետեւողական եւ պատասխանատու մոտեցում փաստաթղթով նախատեսված հանձնառությունների կատարման նկատմամբ,  բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում եւ քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածության ապահովում:

Մասնավորապես, հատուկ կարեւորություն ենք տալիս իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ երկխոսության մեխանիզմների ձեւավորմանը, այդ թվում` հատկապես համաձայնագրով նախատեսվող գործողությունների իրականացման նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ եւ մշտական մոնիթորինգի իրականացման մեխանիզմների հաստատմանը:

Հուսով ենք նաեւ, որ իշխանությունները, անդավաճան մնալով իրենց քաղաքական հայտարարություններին, կապահովեն քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը: ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, հավատարիմ մնալով վերջին տարիներին հրապարակած իր հայտարարություններում ներկայացված առաջարկություններին եւ պահանջներին, դրանց հասցեատեր համապատասխան պետական կառույցներից պահանջում է վճռական քայլեր մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական ինստիտուտների ոլորտներում խնդիրների լուծման ուղղությամբ: Դրանով կարտահայտվի երկրի բազմակողմանի զարգացմանը միտված քաղաքական կամքի առկայությունը:

Մենք կոչ ենք անում նաեւ Եվրամիության կառույցներին, ԵՄ անդամ պետություններին՝ Համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումների գնահատման ընթացքում դրսեւորել սկզբունքայնություն եւ հետեւողականություն: Հուսով ենք, որ այդ գործում կապահովվի Համաձայնագրի կատարման վերաբերյալ հաշվետվողականության խստապահանջությունը, անաչառությունը, դրա կենսագործման ամբողջ գործընթացի թափանցիկությանը եւ դրանում քաղաքացիական հասարակության, այդ թվում` ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունների ներգրավումը` իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունների մշակման, ծրագրերի իրականացման եւ գնահատման, ինչպես նաեւ Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի ոլորտներում:

Մենք վստահեցնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունները, գիտակցելով նաեւ իրենց պատասխանատվությունը,  ակտիվ մասնակցությունը կունենան եւ հետամուտ կլինեն Համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացմանը։

Հայտարարությունն ընդունվել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի տարեկան համաժողովում, 2017թ. նոյեմբերի 28-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031