ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն խորագրով ԱԺ լսումներին հրավիրված էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա հայտարարեց. «Մենք այստեղ խոսում ենք եւ հանդես ենք գալիս՝ որպես ընտանիք եւ այս քննարկումը կօգնի խթանել համաձայնագրի լավ իրականացումը: Համաձայնագիրը սկիզբն է ճանապարհի, կարեւոր քայլ է»:
Նա ասաց, որ անշուշտ, համաձայնագրի կնքման արդյունքում արդեն կան նախնական իրականացվող քայլեր, որի արդյունքները շուտով կզգանք. «Այդուհանդերձ, ակնկալում ենք քննարկումներ՝ անդամ պետությունների մայրաքաղաքներում եւ փորձելու ենք համագործակցությունը խորացնել մեր հայ գործընկերների հետ»:
Սվիտալսկին դրվատանքի խոսք ասաց բոլորին, ովքեր մասնակցել են այս համաձայնագրի պատրաստմանը. «Բանակցվել է շատ մեծ թվով անձանց կողմից եւ պատեհ առիթ է, որ գոհունակությունս արտահայտեմ եւ շնորհակալությունս՝ հատկապես հայ բանագնացներին, ովքեր այստեղ են գտնվում, շատ դժվար պահեր ապրեցին՝ ազգային շահը պահպանելու տեսանկյունից, բայց վերջանական արդյունքը բավարարում է բոլոր կողմերին, եւ մենք պետք է հպարտանանք մեր ձեռքբերածով»:
Սվիտալսկին ընդգծեց, որ «Նոր համաձայնագիրը ոչ միայն օգուտ է ՀՀ-ին, այլեւ տարածաշրջանի համար, ամբողջ հարեւանության համար, համաձայնագրում որեւէ մեկի դեմ ուղղված դրույթ չկա, սա բոլորիս օգուտն է… Համաձայնագիրը ավելի լայն ռազմավարության մի մաս է կազմում, որի նպատակն է ավելի բարգավաճ եւ բարեկամ տարածաշրջան ստեղծել Եվրոպայում եւ ուրախ ենք, որ ՀՀ-ն առաջատարի դեր է կատարում այստեղ, նոր որակի հարաբերություններ է ուզում ստեղծել Եվրոպայի հետ»:
Դեսպանն ասաց, որ կարեւոր դրույթներ կան համաձայնագրում, դրանք ներդաշնակ են ՀՀ-ի մյուս հանձնառությունների հետ. «Համաձայնագիրը ներառում է մի շարք նոր հնարավորություններ ՀՀ-ի եւ ԵՄ-ի համար: Թե ինչ հնարավորություններ, օգուտ կարող է բերել մեզ եւ որքան՝ կախված է երկու կողմերի նպատակադրումից, կախված է նրանից, որ օգտագործվեն բաց դռները, հնարավորությունները: Համաձայնագիրը ներառում է կարեւոր հանրային վերահսկողության տարր՝ ԱԺ-ի եւ քաղհասարակության համար, հույս ունենք, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի պառլամենտները ակտիվ կլինեն՝ համաձայնագրի հանձնառությունները իրականություն դարձնելու համար»:
Սվիտալսկին բոլորին հրավիրեց Երեւան եւ այլ մայրաքաղաքներ՝ համաձայնագրի իրականացման ուղղությամբ աշխատելու: Ըստ նրա, միայն քաղաքական գործիչների համար չի համաձայնագիրը, սովորական մարդկանց համար է. «Երեւանում մենք բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ շոշափելի արդյունքների հասնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ