Սեպտեմբերին պաշտոնական խոսափողի համբավ ունեցող ռուսական «РИА новости» կայքը «Զենքի հետեւից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական սմերչներն ու իսկանդերները» վերնագրով հոդված էր հրապարակել, որը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի մասին էր: Հոդվածում նշվում էր, թե Հայաստանը հետաքրքրված է չինական սպառազինությամբ, եւ միաժամանակ հիշեցվում էր Հայաստանին 2 տարի առաջ Ռուսաստանի կողմից տրամադրված 200 մլն․ դոլար վարկի մասին: Լրատվամիջոցն այս հարցով մեկնաբանություն էր վերցրել քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինից, ով նշել էր, թե Հայաստանը, խորացնելով գործակցությունը Չինաստանի հետ, շանտաժի է ենթարկում Մոսկվային՝ ավելի էժան ու ավելի շատ զենք ստանալու համար: Չնայած նա քիչ հավանական էր համարում, որ Հայաստանը սկսի սպառազինություն գնել Չինաստանից, սակայն նշել էր, որ դա տեղի կունենա Չինաստանի կողմից շահավետ առաջարկներ ներկայացնելու դեպքում:
Ուշագրավն այն էր, որ հրապարակումից հետո բարձրացած աղմուկից մի քանի ժամ անց հոդվածն անմիջապես հեռացվեց կայքից: Այդ ժամանակ Մոսկվայում երեւի թե գիտակցեցին, որ հարաբերությունները լարելու եւ ինչ-որ բան հասկացնելու անհրաժեշտություն դեռեւս չկա: Իսկ թե ինչու հիմա հանկարծ Ռուսաստանում սկսեց «ծաղկել» իշխանամետ մամուլի ազատ խոսքը, դժվար չէ գլխի ընկնելը: Ռուս քաղաքագետներն իրենք էլ «զարմանում» են պաշտոնական Մոսկվայի նման հանգիստ արձագանքի համար՝ միաժամանակ նշելով, թե «համաձայնագրի ստորագրման «թույլտվությունը», միեւնույն է, ստացվել է իրենցից»:
Ադրբեջանական մամուլում էլ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ավելի «կառուցողական» են: Քաղաքագետները մասնավորապես հաշվարկում են Հայաստան-Եվրամիություն գործակցության հետեւանքով ստեղծվելիք խոչընդոտներն ու վնասները Թուրքիա-ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում: Նշվում է, որ Եվրամիությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, եւ, հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա ջերմ կապերը, հնարավոր է ստեղծվի «հակաեվրոպական» ադրբեջանա-թուրքական ալյանս: Միաժամանակ ասվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին ոչինչ չի մնալու, քան խորացնել գործակցությունը ԵՄ-ի հետ: Հետաքրքիր է նաեւ, որ այս համատեքստում խոսվում է այն մասին, թե Ռուսաստանը չի կարող փչացնել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ ակնարկելով ուժերի հնարավոր վերադասավորման մասին:
Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում