Այսօր «Հայաստան-ԵՄ. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով ԱԺ լսումների ժամանակ «Քաղաքական երկխոսություն՝ Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելն ասաց. «2017-ը հատուկ թիվ է մեզ համար, մեր համագործակցության համար»: Նա նշեց, որ անդամ լինելը ԵԱՏՄ-ին եւ ձգտելով ավելի խորը հարաբերություններ ունենալը ԵՄ-ի հետ չի հակադրվում իրար, նոր հեռանկարներ է բացում ՀՀ-ի համար, Հայաստանը կամուրջ է հանդիսանում երկուսի միջեւ: Մենք շատ հույսեր ենք կապում սրա հետ եւ հիմնադրամը շարունակելու է աջակցել ԱԺ աշխատանքներին, նպաստելով այս իրավիճակի հետագա զարգացմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ իր ելույթում ասաց. «Մեր երկիրը աշխարհագրական, քաղաքական յուրահատուկ դիրքով կամրջում է ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն»:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, որ մենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ընդունում ենք՝ որպես խոշոր ձեռքբերում: Համաձայնագրով ամրապնդվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների համագործակցության հարցերը: Ըստ նրա, փաստաթուղթը պարունակում է համատեղելիություն ՀՀ-ում առկա բոլոր պարտավորությունների հետ եւ հնարավորություն կա համագործակցել թե ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ առավել խորը համաձայնագրում: Եվ խոսքը միայն կարեւորագույն ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման երկխոսության քաղաքական շրջանակների մասին չէ: Այն ունի նաեւ տնտեսական հնարավորություններ՝ միջազգային պարտավորությունների կատարման հարցում. «ԵՄ-ի հետ համաձայնագիրը ոչ միայն կարեւոր է երկու երկրների համագործակցության, այլեւ՝ միջազգային տեսակետից՝ համագործակցության նոր ձևաչափեր գտնելու եւ ակտիվ իրականացնելու տեսակետից»:
Նա նշեց, որ համաձայնագիրը ոչ միայն հնարավորություններ է ընձեռելու ՀՀ գիտնականներին, ուսանողներին, տնտեսվարողներին, այլեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար ազդակ կստեղծի: Այն կարեւորագույն ուղղություն է՝ ՀՀ հետագա զարգացման տեսակետից:
Վաչե Գաբրիելյանն ընդգծեց. «Միաժամանակ նախաստորագրվել է Բրյուսելում ՀՀ-ի՝ եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը եւ դա եւս կարեւոր է՝ՀՀ հաղորդակցման ուղիների ընդարձակման առումով: Մենք վստահ ենք, որ շատ շուտով այն եւս կիրագործվի, նախաստորագրել, նշանակում է, որ մենք, որպես ՀՀ, խնդիրներ չենք տեսնում եւ պատրաստ ենք ամբողջովին գործակցել այդ ոլորտում: Դա կարեւորագույն ուղղություն է՝ ՀՀ-ի նման երկրի համար՝ ավելի կայն կապերի հնարավորություն ստեղծել եւ տնտեսական հնարավորությունները ընդլայնել՝ ինտեգրացիոն տարբեր կառույցների միջեւ հնարավոր կապեր ծավալելով…Կարեւոր է հասկանալ, որ մենք ԵԱՏՄ տարածքի եւ Եվրոպական քաղաքակրթության անբաժան մասն ենք, մենք մեզ դիտարկում ենք «եւ-եւ»-ի տրամաբանության մեջ եւ կարծում ենք, որ իրողության մեջ այս քաղաքականությունը նվաճում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ