Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» համաձայնագրի ստորագրումը համարում է կարևոր, սակայն միջանկյալ քայլը, որպեսզի Հայաստանի քաղաքացին զգա դրա արդյունավետությունը

Դեկտեմբեր 01,2017 12:25

Վերջին օրերին հասարակության գիտակից հատվածը սպասում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը և այն, չնայած տարբեր կանխատեսումների, վերջապես ստորագրվեց:

Սա իրադարձություն է, որը մենք գնահատում ենք դրական՝ մյուս կողմից այն համարելով երկար ճանապարհի առաջին քայլը։

Սա իրադարձություն է, որը կայացավ առանց առճակատումների և մեր պետության համար անցանկալի զարգացումների։ Այս փաստը է՛լ ավելի է արժևորում կատարվածը։
Ի՞նչ է տալու Հայաստան – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը Հայաստանին:

Նախ՝ այս համաձայնագիրն արտացոլում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։

Երկրորդ՝ համաձայնագիրը ոչ միայն դեկլարատիվ առումով անդրադառնում է ոլորտներին ու առկա խնդիրներին, այլև շեշտում է այն չափանիշները, որոնց շրջանակներում պետք է տրվեն լուծումները:

Երրորդ՝ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստան- ԵՄ հարաբերությունների խորացման համար: Որքան արագ, բազմակողմանի և լրիվ կիրականացվեն համաձայնագրի դրույթները, այնքան ավելի խորը և արդյունավետ հարաբերությունների մասին կարող ենք խոսել:

Համաձայնագրի ստորագրումը Հայաստանին տալիս է իրական հնարավորություններ՝ դառնալու կամուրջ և բարձրացնելու պետության հեղինակությունը։

Համաձայնագրի իրականացման համար Հայաստանին ավելի շատ քաջալերում են, քան պարտավորեցնում: Համաձայնագրի կատարումը մնում է գիտակցման, բարի կամքի դրսևորման և քաղաքական կամքի վրա: Չկա պատասխանատվության մեխանիզմ, որը ազդակ կհանդիսանա համաձայնագրի իրագործման համար: Համաձայնագիրը դա թողնում է հասարակության կողմից պահանջատիրության գիտակցման վրա:

«Այլընտրանքային նախագծեր խումբը» համաձայնագրի ստորագրումը համարում է կարևոր, սակայն միջանկյալ քայլը, որպեսզի Հայաստանի քաղաքացին զգա դրա արդյունավետությունը: Ընդունենք, որ հասարակության լայն զանգվածներն ունեն շատ աղոտ պատկերացումներ և հետաքրքրություններ՝ համաձայնագրի շուրջ։

Պատահական չէ, որ համաձայնագրում բազմաթիվ հոդվածներ կան` 89, 102, 103, 366, որոնք նվիրված են հասարակությանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ու ԶԼՄ-ներին: Հստակ գրված է, որ հասարակությունը համաձայնագրի անբաժանելի մասն է և իրավունք ունի մասնակցել որոշումների ընդունմանը ու վերահսկել կատարումը: Հետևաբար, պատրաստ կլինի՞ հասարակությունը ռեֆորմների, կզբաղվի՞ դրանով, գործը առաջ կգնա, չի՞ զբաղվի, համաձայնագիրը կդառնա հերթական փաստաթուղթ, որտեղ միայն բարի ցանկություններ են և եվրոպական չափանիշների երազանք: Քանի որ այս համաձայնագրով թույլ է տրվում հասարակության ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներին, միայն դրա գիտակցումն ու ակտիվ գործունեությունը հնարավորություն կտան՝ համաձայնագիրն իրականացնել ամբողջ բովանդակությամբ, որից կշահեն և հասարակությունը, և պետությունը:

Այս համաձայնագիրը կդառնա շրջադարձային, եթե հասարակությունը և քաղաքացին դառնան նրա պատվիրատուն։ Կարևոր է, որպեսզի այն դրական ազդեցություն ունենա որոշակի արժեհամակարգերով հասարակություն ձևավորելու և զարգացնելու համար։

Կա՞ն արդյոք բավարար երաշխիքներ, որ այս ամենը կյանքի կկոչվի, և Հայաստանում արմատակալած ֆեոդալական բարքերը իրենց տեղ կզիջեն։

Ըստ իս՝ երաշխիքները նույնքան են, որքան թերահավատությունը։ Սա նշանակում է, որ ամեն ինչ առջևում է՝ երկրում կհաղթեն առաջադիմական մտածողությամբ ու պատկերացումներով անհատները և շրջանակնե՞րը (իշխանության մեջ և իշխանությունից դուրս), թե՞ միջնադարյան պատկերացումներով կլանները, ուժերը, անհատները։

Այս հարցի պատասխանը կախված է մեզնից յուրաքանչյուրից, բայց առաջին հերթին՝ իշխանություններից։ Այսպիսին է այսօրվա հայաստանյան իրականությունը։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

https://www.facebook.com/alternativeprojectsgroup/posts/1489154784526112:0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031