Նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Բրյուսելում ստորագրված նոր շրջանակային համաձայնագիրը, որը եվրաինտեգրացիոն գործընթաց է նախատեսում, մինչեւ հիմա ամենաքննարկվող թեման է Հայաստանում։ Բայց վերջին օրերին այս թեմայում ամենաքննարկվողը դարձել է Ռուսաստանի, ռուսական փորձագիտական շրջանակների եւ հատկապես ռուսական լրատվամիջոցների արձագանքն ու վերաբերմունքը։
Այսինքն, փոխանակ քննարկենք, թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ինչ է իրենից ներկայացնում, ինչ հեռանկարներ են բացվում, ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ընկել ենք, թե որ ռուս հաղորդավարը ինչ ասաց, որ ալիքը ինչ քարտեզ ցույց տվեց, նրանց թոք-շոուներին ով մասնակցեց, ինչ առոգանությամբ խոսեց։
Իհարկե, հետեւել պետք է, անհրաժեշտ է հասկանալ Ռուսաստանի տարբեր շրջանակների վերաբերմունքը։ Այո, տեսնում ենք, որ ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի մասին խոսելիս՝ անցնում են պարկեշտության, տարրական էթիկայի բոլոր սահմանները, հեգնում, ծաղրում, վիրավորում։ Բայց դա նրանց կարծիքն է, ընդ որում, վստահ ենք, այն չի արտահայտում ռուսական հասարակայնության մեծամասնության կարծիքը, որի ճանապարհը ռուսական պետական հեռուստաալիքներում գործնականում փակ է։
Մեզ համար շատ ավելի կարեւոր է հենց մեր հանրության կարծիքը։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք արժանի են քննարկման։ Հակասական պահեր կան Հայաստան-ԵՄ համաձայնագրում, մտահոգություններ էլ են մարդիկ արտահայտում։ Մեր տեղական հեռուստաընկերությունները այս մի շաբաթվա ընթացքում այդպես էլ ռիսկ չեն արել մի քննարկում, բանավեճ կազմակերպել՝ շահագրգիռ կողմերի, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ։ Ինչպես դա Ռուսաստանում է արվել։
Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերությունները տարբեր բանավեճերի միջոցով անդրադարձել են Հայաստանի թեմային։ Մենք՝ ոչ։ Միգուցե այստեղի՞ց սկսենք։ Ինչի՞ է НТВ-ում Հայաստանի տեսակետ արտահայտող ներկայացվում ոմն Միրզոյան, ո՞վ է Կուրղինյանը։ Այդ հարցերի փոխարեն ինքներդ հրավիրեք բոլոր նրանց, ովքեր Հայաստանից են ու արտահայտում են հասարակության տարբեր խավերի կարծիքը: Թե չէ լավ ձեւ է. ոչինչ չանել ու ուրիշներին քննադատել:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում