Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնագիրը հաջողության բանալի է՝ տրված Հայաստանին». ԵԱՏՄ-ին կողմ քվեարկած ուժերը՝ ՀՀ-ԵՄ խորագրով լսումներին

Դեկտեմբեր 01,2017 12:15

«Հայաստան-ԵՄ. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով ԱԺ լսումներ են կազմակերպել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների եւ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովները:

Արմեն Աշոտյանը բացման խոսքում ասաց, որ համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավել եւ հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն դարձնելով ավելի բարեկեցիկ եւ արժանապատիվ: Երկրորդ կարեւոր նպատակը հասարակական ներառումն է, որովհետեւ ՀՀ քաղհասարակությունը ունի հսկայական ներուժ եւ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար կարեւոր է ապահովել հասարակական հնարավորինս ներառումը այս գործընթացի մեջ: Մյուս կարեւոր կողմը խորհրդարանական օղակն է: Նա ասաց, որ նոր համաձայնագրի խորհրդարանական հարթությունը ունի նաեւ այլ դրսեւորումներ՝ եվրոպական խորհրդարանի հետ համագործակցության համապատասխան հանձնաժողով, պատվիրակություն, որի նոր ձեւաչափը նախատեսված է նաեւ նոր համաձայնագրով: Խորհրդարանական ձեւաչափի խորացման հնարավորություններ կան, անվանափոխվելու է ձեւաչափը՝ դառնալով գործընկերության հանձնաժողով եւ մենք իրավունք ենք ստանալու նաեւ ոլորտային ենթահանձնաժողովներ ունենալ միջխորհրդարանական ձեւաչափով՝ առավել կատարյալ դարձնելով խորհրդարանական մեր հնարավորությունները. «Այս համաձայնագրով եւս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ քաղաքական օրակարգը վաղուց գծային չէ, այլ դառնում է տարածական»:

Աշոտյանն ընդգծեց, որ լսումներին հրավիրել են ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպաններին, այլ նաեւ ԵՏՄ անդամ ՌԴ-ի դեսպանին, Ուկրաինայի, Վրաստանի եւ այլն:

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ՀՀ քաղաքացիները համաձայնագրի ստորագրումից հետո հարցնում են՝ ի՞նչ է տալու այն մեզ եւ լսումները հանրային իրազեկման համար են. «Հաջողություն կարող է տալ այն համաձայնագիրը, որին մաս են դառնում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ հանրությունն ինքը այդ ծրագրերը, բարեփոխումները համարում է իրենը: Համաձայնագիրը, բարեփոխումները կմնան ընդամենը թուղթ, իշխանությունները չեն սիրում քաղաքական կամք ձեւակերպումը, բայց ցանկացած բարեփոխում, համաձայնագիր ընդամենը գեղեցիկ փաթեթավորված կարող է մնալ դարակում որպես թուղթ, եթե չլինի քաղաքական կամքը՝ բարեփոխվելու: Ինձ համար համաձայնագիրը հաջողության բանալի է՝ տրված Հայաստանին, բայց որքանով մենք կկարողանանք այդ բանալիով բացել, անցնել խորքային բարեփոխումների, դա արդեն կախված է մեզանից, կախված է նրանից, թե որքանով մենք կկարողանանք հանրությանը բաժնետեր ու մասնակից դարձնել դրան»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հաճախ ընդդիմախոսները ասում են, թե այս համաձայնագիրը չի պարունակում կոնկրետ դրույթներ պաշտպանության կամ կոշտ անվտանգության մասին. «Երբ մենք խոսում ենք համաձայնագրի բովանդակության մասին, տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը առավել խորացված եւ ընդլայնված ԵՄ-ի հետ, դա կապահովի ՀՀ անվտանգությունը՝ երկարաժամկետ հեռանկարում: Ավելի ժողովրդավար եւ ավելի արդար պետությունը առավել անվտանգ պետությունն է եւ այս բարեփոխումները անպայմանորեն ուժեղացնելու են մեր երկրի դիմադրողականությունը, իմունիտետը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031