Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է, որ «Звезда» ալիքը հատուկ մի թողարկմամբ արժևորի Գարեգին Նժդեհի գործն ու երևույթը. «Իրատես»

Դեկտեմբեր 01,2017 11:57

Գարեգին Նժդեհին վերջերս «մեծարեցին» որպես Ստեփան Բանդերա։ Նժդեհը չափազանց հարմար կերպար է հակահայաստանյան ստոր կրքեր բորբոքելու համար։ Եվ բորբոքվեց հսկայական մի զանգված, բանից անտեղյակ ռուս ժողովուրդը, զի հարվածը ուղղված էր նրա արյունածոր վերքին` ֆաշիզմի հետ Նժդեհի համագործակցությանը։ Տիկին Վերոնիկա Կրաշենիննիկովան ՌԴ արտաքին քարոզչության մունետիկների ոհմակում արտահայտում է որոշակի պետական շրջանակների տեսակետը։ Եվ շատ ավելի վտանգավոր է, քան հանրահռչակ քաղաքական ձեռնածու Ժիրինովսկին, հասկանալի պատճառներով, Վլադիմիր Վոլֆովիչը կատարածու-ծաղրածու է, նրա լսարանը, եթե, դիցուք 50 մլն է, նրա ձեռնածությունները հալած յուղի տեղ ընդունողները, համոզված եմ, 1 մլն են, ոչ ավելի։

Կրաշենիննիկովայի պարագայում խնդիրն այլ է, քանզի վերջինս պաշտոնական դեմք է` «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության ղեկավար կազմի անդամ է, «Звезда»-ն էլ ավելի քան պաշտոնական խոսափող է։ Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, ենթադրում եմ, որ այս մտքերս հասու կդառնան ՌԴ պաշտոնական որոշ շրջանակների, և շարունակում եմ ուղերձներ հղել առ Ռուսիա։

Իմ թանկագին «ավագ» եղբայրներ և քույրեր, կասկած չունեմ, որ ձեզ քաջ հայտնի է Գարեգին Նժդեհը հանուն հայ էթնոսի պահպանման և հայկական հերթական պետականության հաստատման (թեկուզ ԽՍՀՄ կազմում) է մարտնչել և հաղթել ռուս-թուրքական միացյալ արհավիրքին։ Սույն փաստին վերջերս անդրադարձավ ռուս նշանավոր գործիչ Միխայիլ Վելլերը։

Նժդեհի գործունեությունը, առհասարակ, համաշխարհային նշանակության է և նրան պետք է այս ծիրում գնահատել։ Լուսաբանում եմ, եթե Զանգեզուրը դառնար բոլշևիկա-քեմալական նկրտումների զոհ, ապա իրականանում էր թյուրք-իսլամական գերագույն երազանքը` Թուրանական կայսրության ստեղծումը` Բոսֆոր-Դարդանելից մինչև Կասպից ծով, մինչև Միջին Ասիա և Չինաստանի արևմտյան հատվածը, որտեղ բորբոքվում էր թյուրքական ույղուր ցեղի յաթաղանակերպ նյարդը։ Զանգեզուրը խոց էր թուրանական աշխարհակալության ստեղծման ճանապարհին։ Պատկերացրեք, եթե թուրանական (այլ կերպ` համաիսլամական, պանթյուրքական) կայսրությունը կայանար, այն մի՞թե հայտնի կառավարող ուժերի ուղղորդմամբ չէր դառնալու մեծագույն արհավիրք համաշխարհային քաղաքականության համար, առաջին հերթին, ուշադիր եղեք, խժռելով, ոտան կոխան դարձնելով Ռուսիո հարավային կենսաբեր շրջանները, գուցե նաև ողջ Մայր Ռուսիան։ Ներող եղեք, սակայն մի՞թե ցնորք էր թաթար-մոնղոլական երեքդարյա լուծը։ Կամ միգուցե Ոսկե հորդայում Ռուսիան ծաղկե՞լ է։ Անտեղյակ եմ։ Սակայն լիովին քաջատեղյակ եմ, որ ՌԴ-ի քարոզչական-ռազմավարական թունոտ բլիթը ավերածություններ է գործում հենց սլավոնական աշխարհում։ Ինչ է կատարվում ձեր արյունակից սլավոնական ՈՒկրաինայում` սպանդ, քարոզչական դավեր։ Արցախը, ըստ իս, մեր Ուկրաինան է, ու նրա համար Հայաստանը պատրաստ էր ցանկացած զոհողության։ Այսօր էլ պատրաստ է։ Արցախի հայկական Հանրապետությունը, ի տարբերություն Ուկրաինայի, այսօր երկիր ու պետություն է, չկասկածեք։

Գարեգին Նժդեհին Ռուսական կայսրությունը պարգևատրել է Սուրբ Վլադիմիրի (1915 և 1918 թթ.), Սուրբ Աննայի (1915 թ.) շքանշաններով և Գեորգիևյան երկու խաչով (1916 թ.)։ Բուլղարիայի թագավորությունը` «Արիության շքանշանով» (1912 թ.)։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Նժդեհի ղեկավարած «Հայկական լեգեոնը» խորհրդային բանակի ուղղությամբ անգամ պարսատիկով քար չի նետել։ Նրա գերագույն նպատակը Հայաստանի փրկությունն էր վերջնական բնաջնջումից։ Եվ անհրաժեշտ է, որ «Звезда» ալիքը հատուկ մի թողարկմամբ արժևորի Գարեգին Նժդեհի գործն ու երևույթը։ Սա է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական քարոզչամիջոցի ապաշխարանքը։ Թե չէ քոռ կոպեկ անգամ չարժեն Կրաշենիննիկովայի սեթևեթանքները ներողության ձևաչափում։ Ռուսիան համաճարակած թուրանականության և հրեականության միջավայրում բանդերաներն ամենուր են, Պետդումայում են, Կրեմլի միջանցքներում, «ռուսական» բանկերում և լրատվամիջոցներում են։ Եվ ահա առաջարկս. խաչեք ձեր բանդերաներին, վլասովներին և այլոց Կարմիր հրապարակում և լուսաբանեք սույն պատմամշակութային իրադրությունը «Звезда» ալիքով։

Նաև` ձեռնպահ մնացեք ՀՀ-ում իշխող ՀՀԿ-ին որակելուց։ ՀՀԿ-ն մեր խաչն է, թե մեր բերկրանքը, միայն Հայաստանի քաղաքացիներիս գործն է։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լուսանկարում ՝ Սուրեն Սպանդարյանի արձանն է, որը մնացել է Սովետական ժամանակներից …

  2. ներեղություն, չէի նկատել, որ նկարը արդեն փոխված : Առավոտյան էր Սուրեն Սպանդարյանինը …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031