Դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Տոյվո Կլաարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան` հույս հայտնելով, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրջանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տոյվո Կլաարը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը և վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
ՀՀ ԱԳՆ