Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը զենք չեն վաճառում կոնֆլիկտի կողմերին. «Իրատես»

Դեկտեմբեր 01,2017 11:18

Պետք չէ հակադրել ԵԱՏՄ-ն ԵՄ-ին, առավել ևս, որ ստորագրված համաձայնագրերը համարժեք չեն: Հետխորհրդային տարածքն արևելյան գործընկերություն անվանելն իրավիճակ չի փոխում: Իրավիճակը այսպիսին է.

1. ԵՄ-ն նշանակում է տնտեսության դիվերսիֆիկացիա, կոռուպցիայի դեմ իրական քայլեր, նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ, առանց վիզայի այցեր Շենգենի գոտի, տրանսեվրոպական տրանսպորտային ցանց, դատաիրավական համակարգի անկախացում, ժողովրդավարության զարգացում: Ռուս փորձագետները Հայաստանի համար մեծ վախով գրում են, որ այդ քայլերը հանգեցնելու են իշխանափոխության: Հայտնի չէ` ինչի՞ց ու ինչու՞ են վախենում կամ վախեցնում. ընտրություններով իշխանափոխությունը բնական գործընթաց է: ԵՄ-ում: Եթե հանկարծ, պատահաբար, անակնկալ, չարամտորեն, սխալմամբ, երբևէ, մեկ էլ տեսար Հայաստանի ընտրություններում իշխանափոխություն լինի, տագնապի կոչնակ է եվրասիական տարածքի համար:

2.ԵԱՏՄ-ն նշանակում է 2018-2020-ին անշեղ թանկացումներ` սպառվում է ՀՀ-ին անդամակցելիս տրված արտոնությունների ժամկետը: Թանկանում է առաջին անհրաժեշտության արտադրանքի 900 տեսակ, 759-ը կթանկանա 2018-ի հունվարից: Անցնում ենք ռեալ անդամության: Ու դա դեռ սկիզբն է:

3.Եթե ԵՄ Արևելյան հարևանության ծրագրում կան տարբեր արագություններ, ԵԱՏՄ-ում կան տարբեր նպատակներ: Մոսկվայի համար ԵԱՏՄ-ն քաղաքական կառույց է` ի հակակշիռ ԵՄ-ի, որի հետ հարաբերությունները 2012-ին պարզվեց` չեն ստացվում, իսկ 2014-ից վերածվեցին պատժամիջոցների պատերազմի: Աստանայի համար, որ Ռուսաստանի հետ երկար սահման ունի, տնտեսական կառույց է` մաքսատուրքերից ու հարկերից ազատվելու համար: Մինսկի համար չգործող Ռուսաստան-Բելառուս միության ընդլայնված տարբերակն է, որ թույլ է տալիս շանտաժով (ասենք` Բատկան չի ստորագրի ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը` մինչև չլուծի գազի սակագնի զեղչերի հարցը) ստեպ-ստեպ Պուտինից արտոնություններ ու զիջումներ պոկել: Հայաստանը, ինչպես ասում էր, բայց մոռացավ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ-ի հետ սահման չունի, և ամբողջ շարք արտոնություններ չեն գործում: Փոխարենը գործում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները` ոչ միայն տրանսֆերտների նվազումով, այլև ՌԴ-ում աշխատատեղերի սահմանափակումով, ՀՀ-ում ներդրումների բացակայությամբ:

4.Եթե ԵԱՏՄ-ն հրապարակում է իր կարգախոսը` ապրանքների, ծառայությունների, մարդկանց ազատ տեղաշարժ, և ժամանակին մենք պարծանքով փաստում էինք` արտոնություններ ենք ստացել ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների համար (հայ վարորդների վարորդական իրավունքի ճանաչման համար պայքարն էլ հետը), ԵՄ-ն գերակա է համարում տնտեսության զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը տեղում ոչ թե 7 սարից ու 7 ծովից այն կողմ: ԵՄ նպատակը դիվերսիֆիկացնելն է էներգետիկան, որ տնտեսությունը տեղից շարժի:

5.ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները` հարևանի տարածքից Հայաստան մտնող բեռները հարկվում են ԵԱՏՄ կանոններով կամ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին: «Գազպրոմի» մոնոպոլիան Հայաստանում վիճարկելու կամ Հայաստանի տարածքով Իրանից Եվրոպա գազի տարանցման խնդիրը (նոյեմբերի 28-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հարցը նորից բարձրացրեց Երևանում և անհայտ մնաց` ի՞նչ պատասխան ստացավ) Մոսկվան բարեհաջող ձախողում է: Ինչպես ձախողվում են թե Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում թունելի կառուցումը, թե վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկումը, որի մասին 2013-ին, երբ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, խոսում էին իբրև 1-2 տարվա խնդրի` այն էլ ենթակառուցվածքները աշխատանքային վիճակի բերելու համար:

6.Պաշտոնապես ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի ռազմական դաշինքն է (ինչպես ՆԱՏՕ-ն` ԵՄ-ի) և պիտի ապահովի ԵԱՏՄ անդամների անվտանգությունը: Իր ստեղծման օրից ՀԱՊԿ-ը որևէ ռազմական գործողության չի մասնակցել և ՄԱԿ-ից չի ստացել անգամ խաղաղապահի մանդատ: Ինչպես իրեն դրսևորեց ՀԱՊԿ-ը ապրիլյան պատերազմի օրերին, հրաշալի ի ցույց դրեց ՀՀ նախագահը, երբ ՀԱՊԿ նախագահների հանդիպմանն ասում էր, որ չստացավ նույնիսկ մեկ զանգ Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Փոխարենը նրանք արագ աջակցություն հայտնեցին Իլհամ Ալիևին: Ռուսաստանն ու Բելառուսը միմյանց հետ մրցակցելով` սպառազինում են Ադրբեջանին: Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը զենք չեն վաճառում կոնֆլիկտի կողմերին: Հակառակ Ալիևի ջանքերի` ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ վեհաժողովի հռչակագրում չհայտնվեց կոնֆլիկտների լուծման մեջ տարածքային ամբողջականության սկզբունքը (թեպետ եղել էր Կատալոնիայի հանրաքվե, թեպետ Վրաստանն ու ՈՒկրաինան պնդում էին): Միայն ԵԱՀԿ խորհրդի նիստում` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարություններից հետո, Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ասաց, որ ՌԴ-ն կողմ է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը (թեպետ Սանկտ Պետերբուրգում Վիեննան չէր քննարկվել)` Բաքվին փաստի առաջ դնելով: Ինքներդ որոշեք` որքանո՞վ է ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավոր (հատկապես երբ ՌԴ-ն Թուրքիային C-400-ներ է վաճառում): Պե՞տք է դիվերսիֆիկացիա անվտանգության հարցում, պե՞տք է միայն Ռուսաստանից վարկ վերցնել ու զենք գնել, երբ Հայաստանին պատրաստ են զենք վաճառել Չինաստանն ու Իսրայելը (վարկը վարկ է, որակը չի զիջում): Ե՞րբ պիտի Հայաստանը սեփական ռազմական արդյունաբերություն ունենա, ոչ թե այլ պետությունների հարստացնի:

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031