Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի բիզնես միջավայրը փոխվում է, եւ այստեղ գործող եվրոպական ընկերությունների կողմից կա դրական արձագանք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2017 11:00

«Առավոտի» հարցերին պատասխանում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին

– Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հետեւեցին որոշ հոռետեսական գնահատականներ, թե ընդամենը կակտիվանան որոշ ՀԿ-ներ, կաշխուժանան կապերը Եվրոպայի հետ, ինչ-որ գործընթացներ կսկսվեն, ասենք, կապված գյուղմթերքների սերտիֆիկացման՝ ԵՄ նորմերին համապատասխանեցման հետ եւ այլն, իսկ մնացածը ընդամենը գեղեցիկ խոսքեր են: Ի՞նչ եք կարծում՝ եվրահոռետեսների այս կանխատեսումները իրականություն դառնալու ի՞նչ հավանականություն ունեն:

– Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի կնքումը լուրջ, հենանիշային ու նկատելի ձեռքբերում է, որը միտված է ամրապնդելու ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հենքը: Նախկին՝ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրն արդեն ժամանակավրեպ էր ու չէր համապատասխանում զարգացումներին ու ակնկալիքներին՝ նաեւ հայկական կողմից: Հետեւաբար բնական գործընթաց էր ապահովել հարաբերությունների համար նոր հենք: Նոր համաձայնագրի կնքումը անհրաժեշտությունից բխող հրամայական էր ու ամրագրում էր երկու կողմերի փոխադարձ հետաքրքրությունը:

Համաձայնագիրն ընդամենը ցանկությունների եւ հետաքրքրության շահագրգռություն արտացոլող հայտարարագիր չէ, այլ փաստաթուղթ, որտեղ ամրագրվում են մեր պարտավորությունները եւ հանձնառությունները: Եվ ինչպես գիտեք՝ ԵՄ-ն բավական խիստ է օրենքների կիրարկման առումով: Իսկ համաձայնագիրն իրավական փաստաթուղթ է: Եվ հենց համաձայնագրում կա պարբերական վերանայման ու համաձայնագրի իրականացման ու կիրարկման գնահատման մեխանիզմ: Այն կօգնի վերածել համաձայնագրի ձեւակերպումները փաստերի ու իրականությունն արտացոլող շոշափելի տվյալների: Նոր համաձայնագիրը մեր հարաբերություններին կհաղորդի նոր որակ, ու ԵՄ-ն պատրաստ է իրականացնել համաձայնագիրը բարի հավատով:

– Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Եվրամիության պայմանագրերը զգալի փոփոխությունների չեն հանգեցնի, քանի որ այդ երկրներում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը: Ձեր կարծիքով՝ հիմնավո՞ր են նման գնահատականները, թե ԵԱՏՄ կազմում երկրները չեն կարող ազատ համագործակցել ԵՄ-ի հետ կամ նվազագույնը կարող են համագործակցել այն շրջանակներում, խաղի այն կանոններով, որոնք սահմանել է Ռուսաստանը:

– Երկու հիմնական պարամետրեր պետք է հաշվի առնել: Ու առաջինը հետեւյալն է՝ այս համաձայնագիրն առաջարկում է նոր հնարավորություններ: Այս համագործակցության առկայությունն ու իրացումը ԵՄ-ի եւ Հայաստանի ձեռքերումն է: Թե ինչպես կօգտվենք ընձեռված հնարավորություններից՝ մեր ձեռքերում է: Եթե մենք ցանկանում ենք առավելագույն օգուտը քաղել այս համաձայնագրում ամրագրված պարտավորություններից ու հանձնառություններից, ապա վստահ եմ՝ կարող ենք մեր հարաբերություններում ամրագրել նոր որակ: Սա, իհարկե, մեկանգամյա գործողություն չէ: Սա գործընթաց է ու չի կարող տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում: Հետեւաբար պահանջվում է մեծ ջանքերի ու վճռականության ներդրում, քանի որ համոզված եմ՝ համաձայնագիրը պարունակում է մեր հարաբերություններին նոր որակ հաղորդելու ներուժ:

Երկրորդ պարամետրը հետեւյալն է՝ մեր համաձայնագիրն ուղղված չէ որեւէ այլ պետության դեմ: Ու եթե կարդացել եք համաձայնագիրը (կարծում եմ՝ հայ հանրությունը բավական ծանոթ է դրան), այն որեւէ կերպ չի կարող հանգեցնել լարվածության կամ վտանգի որեւէ երրորդ կողմի համար՝ ով էլ որ լինի այն: Հետեւաբար հուզական վերաբերմունքը, չեմ կարծում, թե պատշաճորեն հիմնավորված է:

Այս համաձայնագիրը հնարավորություն է ոչ միայն ԵՄ, այլ նաեւ այլ երկրների համար՝ շատ օգուտներ քաղելու: Քանի որ եթե մենք խոսում ենք ավելի կայացած դատաիրավական համակարգի, օրենքի ավելի ուժեղ գերակայության, ավելի արդար բիզնես միջավայրի, տնտեսության ոլորտում ավելի արդիական կարգավորումների մասին, ապա դա կարող է շահեկան լինել այլ դերակատարների համար նույնպես: Եվ ԵՄ-ն չի ուզում այս օգուտների կամ շահեկան իրավիճակի մենաշնորհի տերը լինել:

Անհրաժեշտ է միաժամանակ չափավոր մոտեցում դրսեւորել այս համաձայնագրում տեղ գտած հավակնությունների մակարդակի նկատմամբ: Ակնհայտ է, որ սա ասոցացման համաձայնագիր չէ, այլ գործընկերության: Բայց սա հավակնոտ փաստաթուղթ է, որը շատ լավ դրույթներ է պարունակում:

Այնուամենայնիվ՝ ընդունում եմ որոշ երկրների ղեկավարների այն ձեւակերպումը, որ մենք պետք է գիտակից ու սթափ լինենք համաձայնագրի հավակնությունների մակարդակի հանդեպ:

– Ասում եք, թե համաձայնագիրը որեւէ վտանգ չի պարունակում երրորդ կողմի համար: Սակայն տեսնում ենք, թե փաստաթղթի ստորագրման օրվանից սկսած՝ ռուսական մամուլը ինչ հակազդեցության է արժանացնում այն, ինչի գագաթնակետը Հայաստանի համեմատությունն էր անհավատարիմ կնոջ հետ, որը որոշել է «ձախ գնալ»: Ակնկալելի՞ էր այսպիսի արձագանքը:

– Ես ուշադրություն եմ դարձրել պաշտոնական մեկնաբանություններին ու արձագանքներին, որոնք, մասնավորապես, տվել է Հայաստանում իմ գործընկերը՝ Ռուսաստանի դեսպանը, ու դրանք հիմնված էին իրական փաստերի վրա ու վկայակոչում էին Հայաստանի ինքնիշխան որոշումները հարգելու անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է տարբեր ԶԼՄ-ների արձագանքներին. մամուլն ազատ է ասել՝ ինչ որ ցանկանում է: Նրանք ազատ են իրացնել իրենց խոսքի իրավունքը, բայց այնուամենայնիվ՝ դա չի ենթադրում, թե ես պարտավորություն ունեմ մեկնաբանելու հնչած տարբեր տեսակետները:

Բայց կարող եմ ասել այն, ինչ Հայաստանն արեց բանակցությունների ընթացքում՝ իրականացրեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու, որ ԵՄ համաձայնագրի շրջանակում հաշվի առնվեն միջազգային կազմակերպություններին անդամակցությունից բխող ՀՀ այլ հանձնառությունները եւ պարտավորությունները: Հետեւաբար այս համաձայնագիրը հիմնված է հանձնառությունների ներդաշնակեցման վրա:

– Դուք անկեղծորե՞ն ենթադրում եք, թե ռուսական մամուլը, որն ունի խիստ կենտրոնացված կառավարում, որում առկա գրաքննության, «սեւ ցուցակների» մասին անգամ իրենց առաջատար հեռուստամեկնաբաններն են վկայում, այս ամենն անում է իր խոսքի ազատությունն իրացնելու շրջանակում: Թե՞ այդպես պատասխանել է պահանջում դիվանագիտական էթիկետը:

– Ես Հայաստանում ԵՄ դեսպանն եմ, եւ եթե ցանկանում եք խոսել այլ երկրի լրատվադաշտի վերաբերյալ՝ կխնդրեմ, որ զրուցեք տվյալ երկրի դեսպանի հետ: Ես չեմ արձագանքում անգամ Հայաստանի տեղական ԶԼՄ-ներում շրջանառվող կարծիքներին, ուստի ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ այլ երկրի մամուլում հրապարակված տեսակետները:

– Վերադառնանք համաձայնագրին: Քաղաքացիները կարող են ակնկալել, որ Եվրամիության կողմից ավելի կմեծանա ուշադրությունը Հայաստանում ժողովրդավարության անկյունաքարային ուղղությունների նկատմամբ, որոնցից են ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը, արդար դատավարության իրավունքը եւ, ավելի լայն իմաստով, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ: Այս առումով ի՞նչ չէր կարող անել ԵՄ-ն մինչեւ համաձայնագրի ստորագրումը, որ կարող է անել այժմ:

– Ճշմարիտ է, որ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ առհասարակ եվրոպական ինքնությունը կազմող այլ արժեքներին հղումներն արդեն իսկ ամրագրված էին Հայաստանի հետ կնքված նախորդ փաստաթղթերում: Այնուամենայնիվ՝ այս համաձայնագրով նախատեսվում է ավելի ուժեղ իրավական հենք, ինչպես նաեւ փոխադարձ հանձնառություններ ու դրանց իրացման վերահսկողության ավելի ուժեղ մեխանիզմներ: Հետեւաբար կարող ենք ասել, որ համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ավելի ժողովրդավարական հենքերին, ընդլայնված ու ամրապնդված ձեւաչափով են այստեղ ներկայացված:

Բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը ստանձնել է այս պարտավորությունները ոչ թե գոհացնելու ԵՄ-ին, այլ՝ քանի որ հավատում է, թե այս արժեքներն անհրաժեշտ են: Մենք հավատում ենք, որ ավելի ուժեղ ժողովրդավարությունը, առողջ դատաիրավական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը, ինչպես նաեւ մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանության գործընթացը կշարունակվեն այս համաձայնագրի առկայությամբ կամ առանց դրա: Այնուամենայնիվ՝ այս համաձայնագիրը հնարավորություններ է ստեղծում, եւ դրանք ներկայանում են եվրոպական աջակցության տեսքով՝ քաղաքական, փորձագիտական, գիտելիքների եւ կարողությունների տրամադրման, ինչպես նաեւ ֆինանսական օժանդակության միջոցով:

Մենք այս համաձայնագիրը չենք դիտարկում որպես որեւէ բան արտահանելու կամ պրոյեկցիայի ենթարկելու հնարավորություն, որպես ազդեցության լծակ: Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կկարողանա տեղավորվել Հայաստանում ընթացող բնականոն գործընթացների մեջ: Եվ կարծում ենք, որ սա այդ գործընթացներին աջակցելու հնարավորություն է:

– Համաձայնագրով նախատեսվում է խրախուսել ԵՄ ընկերություններին Հայաստանում հիմնելու դուստր ձեռնարկություններ, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճի խթանմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը: Մի՞թե եվրոպական գործարարների համար առաջնային կդառնա ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, այլ ոչ թե երկրում ներդրումների համար նպաստավոր պայմանները:

– Երկուսն էլ: Մեզ անհրաժեշտ է համաձայնագիրը, քանի որ այն ազդակ է հղում եվրոպացի գործարարներին, թե Հայաստանը ցանկանում է ու պատրաստ է ներդնել կառավարման եվրոպական մոդել, որպեսզի ՀՀ-ում լինի կարգավորման եվրոպական շրջանակ: Եվ սա շատ կարեւոր է, քանի որ եվրոպացի գործարարները ցանկանում են խաղալ այնպիսի կանոններով, որոնք իրենք գիտեն, որոնք հասկանում են, եւ որոնցով իրենց շատ հարմարավետ են զգում: Երկրների համար շատ կարեւոր է գրավիչ լինել՝ ունենալ այնպիսի կանոններ, որոնք ծանոթ են համապատասխան գործարարներին: Հենց այդպիսի ազդակ է դեպի եվրոպական բիզնես ուղղում մեր այս համաձայնագիրը:

Մեկ այլ գործոն, որ անհրաժեշտ է հաշվի առնել, ներքին բիզնես միջավայրի զարգացումն է եւ եվրոպական ընկերությունների՝ Հայաստանում ունեցած փորձառությունը, քանի որ մեկ վատ օրինակը կարող է ստվեր գցել հարյուրավոր լավ ու հաջողված օրինակների վրա: Եվ եթե եվրոպացի հավանական ներդրողներն ունենան ձախողման պատմություն, շատ վատ կլինի տպավորությունը, նույնիսկ եթե 1-2-ն են ձախողել: Հետեւաբար այս դեպքում նույնիսկ համաձայնագիրը չի օգնի:

Սակայն վստահ եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Բիզնես միջավայրը փոխվում է, եւ այստեղ գործող եվրոպական ընկերությունների կողմից կա դրական արձագանք: Այնուամենայնիվ՝ մենք գիտենք, որ եղել են վատ նախադեպեր, ու անհրաժեշտ է դրանց պատշաճ հասցեագրում՝ կանխարգելելու նոր վատ օրինակների ստեղծումը եւ միեւնույն ժամանակ գոյություն ունեցող իրավիճակը բարելավելու՝ հաջողության պատմություններ ձեւավորելու համար:

Այնուամենայնիվ, ե՛ւ իրավական դաշտն է կարեւոր, ե՛ւ պրակտիկ գործունեությունը կամ, ինչպես ասում ենք, դաշտում առկա ապացույցները:

-Համաձայնագրում մի դրույթ էլ վերաբերում է կոնյակի ու շամպայնի անունները նաեւ ներքին շուկայում փոխելուն, ու ժամանակ՝ 25 տարի է տրված դրա համար: Լուրեր կան, թե շատ մեծ գումար են տվել Հայաստանին՝ բարոյական վնասի համար: Հաշվի առնելով այն, թե հայկական կոնյակը ինչպիսի բրենդ է մեզ համար՝ պետք է խնդրեի այս առնչությամբ հավելյալ պարզաբանումներ:

– Կոնյակը եւ Շամպայնը ֆրանսիական աշխարհագրական տարածքներ են եւ գրանցված ապրանքանիշեր, որոնք պաշտպանվում են Եվրոպայից ներս ու Եվրոպայից դուրս: Երբ Եվրամիությունն ավելի խորը հարաբերությունների մեջ է մտնում առեւտրի ոլորտում՝ իր գերակայություններից է դարձնում մտավոր սեփականության պաշտպանությունը: Իսկ այս ապրանքանշանները, որոնք նույնականացվում են աշխարհագրական տեղանունների հետ՝ հենց այդպիսի մտավոր սեփականության օրինակներ են: Ու շատ բնական է, որ ԵՄ-ն իր բանակցային օրակարգում ներառել էր նաեւ այդ հարցը:

Ըստ էության՝ անվանումների փոփոխությունը անխուսափելի է լինելու նաեւ Հայաստանի համար, որը դեռեւս օգտագործում է այդ տեղանունները՝ թեեւ սահմանափակ շրջանակով, արտահանելով այդ ապրանքները Ռուսաստանի եւ Եվրասիական միության տնտեսական շուկաներ՝ միեւնույն ժամանակ, եթե չեմ սխալվում՝ կյուրեղատառ (կիրիլիցայով) գրությամբ:

Պետք է ասել, որ այս փորձառությունը նույնօրինակ էր այլ երկրների համար եւս: Մասնավորապես՝ Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում, երբ նրանք կնքում էին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը: Այնուամենայնիվ, այս երկրների դեպքում առեւտուրը, վաճառքը չտուժեց: Ընդհակառակը՝ կարելի է ասել, որ բրենդի ապրանքանիշի համար իրացման ծավալները նույնիսկ ավելացան:

Ես հավատում եմ, որ Հայաստանն ավելի պակաս չի հաջողի այս նոր անունները ներդնելով, քանի որ Հայաստանն ունի արտադրության երկար ավանդույթ ու, միեւնույն ժամանակ, որակ, որն ասոցացվում է հայկական ծագման հետ: Իսկ Հայաստանի բրենդին, խաղուն գինին, վստահ եմ, որ հաջողություն կունենան ոչ միայն ռուսական շուկայում:

ԵՄ-ն կտրամադրի տեխնիկական աջակցություն, որի շրջանակներում նաեւ վերլուծության կենթարկվեն այլ անվանումների անցման հավանական ազդեցությունները, ինչպես նաեւ՝ Եվրոպական միությունը որպես գործընկեր կաջակցի տեղական արտադրողներին, ինչպես եւ աջակցել է այլ երկրներում: Եվ կարծում եմ, որ սա շատ խոսուն վկայություն է ԵՄ մասին որպես գործընկերոջ:

Եվրամիությունը նաեւ ֆինանսական աջակցություն կտրամադրի նոր ապրանքանիշերի հանրահռչակման ու շուկա հանելու՝ մարքեթինգային գործողությունների համար, քանի որ դրանց համար պահանջվում են ֆինանսական միջոցներ՝ ենթադրվում է մեծածավալ գովազդ, հանրայնացման աշխատանքներ:

Հայաստանը, պետք է ասել, որ այս առումով բացառություն չէր: Մյուս երկրներն էլ ունեին համանման մարտահրավերներ: Բայց այնուամենայնիվ, ԵՄ-ն համագործակցող եւ աջակցություն տրամադրող գործընկեր է: Հետեւաբար՝ մենք չենք ստիպում, չենք թելադրում որեւէ բան, չենք թողնում մեր գործընկերներին միայնակ առերեսվելու իրենց խնդիրների հետ:

Ու  վստահ եմ, որ այս աշխարհագրական տեղանունների հետ ասոցացվող ապրանքանիշների հարցն էլ մենք միասին կլուծենք, թեեւ դրանից կարող են նաեւ օգուտ քաղել այլ դերակատարներ:

Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

01.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031