Կարծում է Արցախի խորհրդարանի պատգամավոր,
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը
– Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ազատազրկվեց վեց տարով: Հավատո՞ւմ եք «Իգլայի» եւ փողերի լվացման պատմությանը, թե՞ ինչ-որ մեկն ինչ-որ բանի համար վրեժ է լուծում Սամվել Բաբայանից:
– Կարծում եմ՝ դատավարությանը հետեւող մարդիկ կարողացան համոզվել, որ մեղադրանքները, մեղմ ասած, թերի են, եւ Սամվել Բաբայանի դեմ գործն ամբողջովին շինծու է: Վստահաբար ազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանն անհարմար գործիչ է հայաստանյան այսօրվա իշխանությունների համար: Սակայն եթե ուզում ենք նորմալ պետություն դառնալ, ապա պետք է հանդուրժել նաեւ «անհարմար» գործիչների: Չի կարելի ձգտել քաղաքական դաշտը վերածել միայն այնպիսի գործիչների ամբողջության, որոնք նույնիսկ ընտանեկան միջոցառումների ժամանակ Սերժ Սարգսյանի կենացն են խմում:
– Ժամանակին Դուք ակտիվորեն ողջունում էիք Սամվել Բաբայանի վերադարձը, կարծում էիք, որ ինքն էական դերակատարություն պետք է ունենա: Հիմա նույն կարծիքի՞ն եք, թե՞ իրադարձությունները հանգեցրել են մոտեցումների փոփոխության:
– Ես եւ մեր կուսակցությունը պաշտպանում ենք Սամվել Բաբայանի տեսակետները պաշտպանության եւ անվտանգության հարցերում, մեր մոտեցումներում փոփոխություններ չեն եղել: Բաբայանի վերադարձով մենք սկսեցինք քաղաքական գործընթաց, որի նպատակն էր որոշակի քանակությամբ եւ որակի սպառազինության գնումը պաշտպանության բանակի համար: Խոսքը մոտավորապես 700 միլիոն դոլարի սպառազինության մասին է: Մենք չենք հասել մեր նպատակին, սակայն որոշակի առաջընթաց այս առումով կա: Այս նպատակին հասնելու համար, հնարավոր է, առաջիկայում նոր մարտավարություն մշակենք:
– Շատ վերլուծաբաններ դրական են գնահատում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, այդ թվում նաեւ Արցախի հարցում հնարավոր ազդեցությունների մասով: ԱլԳ գագաթնաժողովում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպումները, ասում են, մեզ ձեռնտու են: Կիսո՞ւմ եք այդ լավատեսությունը: Ինչպե՞ս կարող է անդրադառնալ ԵՄ-ի հետ նոր որակով ակնկալվող համագործակցությունն Արցախի եւ արցախյան հարցի կարգավորման վրա:
– ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագիրը բնականաբար նահանջ էր 2013 թվականի ասոցացման պայմանագրից: Ես ողջունում եմ ցանկացած պայմանագիր, որ նոր տնտեսական եւ այլ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար: Ինչ վերաբերում է Արցախի նկատմամբ ԵՄ քաղաքականությանը, ապա ցանկալի կլինի, որ ԵՄ-ն չտրվի Ադրբեջանի շանտաժներին եւ անմիջականորեն աշխատի Ստեփանակերտի հետ, այդ թվում՝ ԵՄ հատուկ աջակցության գործիքակազմով:
– Եվրասիական եւ եվրոպական վեկտորների համատեղումը ի՞նչ է խոստանում հայկական պետություններին՝ դրական հեռանկա՞ր, ինչպես ՀՀ իշխանություններն են խոստանում, թե՞ առճակատման վտանգ:
– Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն տարբեր դերակատարների հետ լավ հարաբերությունների հաստատմանն այնպես, որպեսզի նրանց միջեւ հակասությունները քիչ անդրադառնան կամ չանդրադառնան Հայաստանի վրա:
– ՌԴ փորձագիտական շրջանակներում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հիստերիայով ընդունվեց. «Զվեզդա»-ի հայտնի հաղորդումը, OPT հեռուստաընկերության թոք-շոուն, որտեղ հատարարվեց` Եվրոպայի հետ համագործակցող հայերը մեր թշնամիներն են: Սրանք ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Սովորական կայսերական մտածելակերպ է, որը հատուկ է ոչ միայն ռուսական քարոզչամեքենայի տարբեր դերակատարների, այլ նաեւ, այսպես կոչված, հայամետ ռուս որոշ հանրային դեմքերի: Նման վարքը խանգարում է ռացիոնալ որոշումների կայացմանը: Հույս ունեմ, որ Ռուսաստանում որոշում կայացնողների վրա ազդողների մեջ այս մարդիկ վճռական դերակատարում չունեն:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
30.11.2017
մասամբ քո պատճառով է որ բանտ հասաւ խեղճ մարդը…
գոնէ հիմա մի քիչ լռի, այլեւս…
https://www.aravot.am/2016/06/05/700683/
https://www.aravot.am/2016/06/06/701029/