ԵԱՏՄ անդամ պետության համաձայնագիրը
Եվրամիության հետ
Նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, անշուշտ, գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկն էր: Այն անկասկած պատմական փաստաթուղթ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՄ-ն այն ստորագրեց ԵԱՏՄ անդամ պետության հետ:
Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին շեշտեց. «Այս համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա, սա նաեւ իր տեսակի մեջ առաջին համաձայնագիրն է, որ Եվրամիությունը կնքում է Եվրասիական միության անդամ պետության հետ։ Հիմա կարեւորը դրա իրագործումն է եւ կյանքի կոչումը, որպեսզի հնարավորություն ունենանք օգտվել դրա ընձեռած բոլոր առավելություններից։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել, ինչպես նաեւ կշարունակենք հետեւել՝ ինչպես են այս համաձայնություններն իրագործվում»։ Նա նաեւ հավելեց, որ համաձայնագիրը նաեւ աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։
Ակնհայտ է, որ բացվեց նոր պատուհան Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում, որի հիմքում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առեւտրի ու ներդրումների նոր հնարավորություններն են: Մնացածն, ինչպես ասում են, մեզանից է կախված: «Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով. «Հայաստանը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնել եւ ամրապնդել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա»։
Եվրոպական համերաշխություն՝ ԼՂ խնդրի կարգավորման նկատմամբ
Միանշանակ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ձեռքբերումներից էր այն փաստը, որ ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության։
Հռչակագրի ընդունումից մեկ օր առաջ ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդունված հռչակագրից Հայաստանին առնչվող հատվածներ, որում ընդգծված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հետեւյալ պարբերությունը. «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշմանն ու հավասար իրավունքներին առնչվող: Մենք հորդորում ենք հակամարտության բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ ամբողջությամբ հարգելով 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերը, իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում՝ ներառյալ այն միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներում»:
Պուտինից կշտամբանք չի եղել ԵՄ-ի հետ մեր համագործակցության շուրջ՝ վստահեցնում է Սերժ Սարգսյանը
ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԱլԳ գագաթնաժողովից առաջ Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրին անդրադառնալով եւ հարցին՝ շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից, պատասխանել էր. «Վաղը չէ մյուս օրը, երեւի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետեւ մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք եւ ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, եւ այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում, բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղեւորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված՝ հարցին Ս. Սարգսյանը պատասխանել էր. «Արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որեւէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որը իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով։ Դա տարածում են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ուրիշների ասածները լսելու, ովքեր պատրաստ են ոչ ինքնուրույն լինելու եւ ոչ անկախ լինելու: Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ անկախությունը բացարձակ չի կարող լինել: Այո, եւ մենք տարածաշրջանում ենք, եւ Հայաստանում ենք, որպեսզի պահպանենք Հայաստանի շահերը»:
Արդեն ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում Ս. Սարգսյանը փաստեց, որ 2017-ը իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ «Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները: Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական եւ հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից: Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ եւ կայուն առաջընթացի գրավականը»։ Ըստ Ս. Սարգսյանի՝ համաձայնագրի կարեւորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով. «Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը»:
Դեպի ավելի խաղաղ եւ բարեկեցիկ Եվրոպա
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Ս. Սարգսյանը նշել էր, որ Հայաստանն ի սկզբանե սատարել է համագործակցության այս ձեւաչափն այն գիտակցությամբ, որ այս գործընկերությունը կոչված է խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը եւ, հանդիսանալով միավորող գործոն, ջնջելու է բաժանարար գծերը՝ հիմնվելով մարդու եւ ժողովուրդների հիմնարար իրավունքների վրա: Այնուհետեւ նա հավելել էր. «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության եւ դրա խաղաղ կարգավորման էությունը, միեւնույն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է: Ցանկանում եմ նաեւ ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, եւ այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը: Մեկ նկատառում եւս. Միավորված ազգերի կազմակերպությունը երբեք բանաձեւ չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձեւերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ: Լիահույս եմ, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ եւ բարեկեցիկ Եվրոպա: Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման եւ կայուն զարգացման իր տեսլականին»։
Եվրախորհրդարանի կոչը վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին
Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից մի քանի օր առաջ Եվրախորհրդարանը կոչ արեց Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ: Խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձեւն արձանագրեց՝ երկու տարի առաջ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո էական առաջընթաց է արձանագրվել. «Հայաստանի հետ բանակցությունները խորը եւ համապարփակ գործընկերության պայմանագրի շուրջ ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը եւ մասնակցությունը Եվրամիության հարեւանության ծրագրերին համատեղվել: Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ եւս առանց վիզաների ռեժիմ սահմանել, ինչն արդեն արվել է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ, սակայն վերջնական որոշումը պետք է անդամ երկրներն ու Եվրահանձնաժողովը կայացնեն»,- պարզաբանել էր «Ազատություն» ռ/կ-ի՝ Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը: «Եվրախորհրդարանը Եվրամիության թերեւս առավել առաջադիմական կառույցներից է, որը փորձում է ինչ-որ գաղափարներ առաջ տանել: Նրանք ակնհայտորեն ուզում են Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր սկսել, ինչը բավական ընդարձակ պլան է. այնտեղ բազմաթիվ կանոններ ու բարեփոխումներ կան, որոնք իրագործելու համար, օրինակ, Վրաստանից պահանջվեց երկու տարի, Ուկրաինայից՝ երկուսուկես: Եվրամիության խորհուրդը, Եվրահանձնաժողովը, անդամ երկրները քննարկում են հարցը, սակայն չեմ կարծում, որ առաջիկա՝ բրյուսելյան գագաթնաժողովում արդեն նրանք Հայաստանին նման արտոնություն կտրամադրեն»,- հավելել էր «Ազատության» թղթակիցը:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
30.11.2017