Լուսանկարը վերցված է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Լուսանկարում քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն է` գրկին մի երեխա:
Կարելի է ենթադրել, որ երեխան քաղաքապետի զավակն է կամ թոռը: Աստված պահի: Սակայն քաղաքապետարանի պաշտոնական կայքում նման նկարով ներկայանալը չի խոսում իրերը ճիշտ գնահատելու, պաշտոնականը անձնականից զանազանելու քաղաքապետի կարողության մասին:
Վարդան Հովհաննիսյանը Ջերմուկի քաղաքապետն է 2006 թվականից, այդ ընթացքում կառավարությունը մեծ ծրագրեր է իրականացրել Ջերմուկում, 2008-ին քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն՝ տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն եւ դրանից տարեկան 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ ունենալու նպատակով: Բայց առայժմ Ջերմուկը ոչ միայն նման կենտրոն չի, այլեւ օդանավակայան չունի, ունի բազմաթիվ կիսավեր փողոցներ, անխնամ այգիներ:
Վարդան Հովհաննիսյանը գուցե սրա մասին պիտի մտածեր, ոչ թե քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը ընտանեկան ալբոմի վերածելու:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
30.11.2017