Լրահոս
Օրվա լրահոսը

Գնորդը եղել է նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը

Դեկտեմբեր 01,2017 15:00

«Երկրի սահմանը պահող զինվորի ծնողների աչքերին ոնց եք նայում,
երբ գցում եք նման վիճակի մեջ»

Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Հենզել Աբրոյանի եւ Ռուբեն Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի մասին տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում: Նաեւ նշել էինք, որ տուժող ճանաչվածներից մեկը սահմանում գտնվող Արամ անունով զինվորի ծնողն է, իսկ մեկն էլ հաշմանդամ երեխայի ծնող:

Կարծում էինք, թե պատկան մարմիններն անմիջապես կարձագանքեին հրապարակմանը, կձեռնարկեին միջոցներ՝ դատարանի օրինական ուժի մեջ վճիռը կատարելու համար: Բայց ոչ:

Հենզել Աբրոյանը տասնչորս տարի առաջ 20 000 դոլար գումար տոկոսներով վճարել է ԱԺ հանգուցյալ պատգամավորի՝ Մելիք Գասպարյանի «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերությանը մայրաքաղաքի Ալեք Մանուկյան եւ Ֆիզկուլտուրնիկների փողոցների հատման անկյունում կառուցվելիք բնակելի շենքերից բնակարան գնելու նպատակով, իսկ Ռուբեն Հովհաննիսյանն էլ 100 000 դոլար է վճարել նույն այդ նպատակով: Մինչ օրս նրանք ոչ բնակարանն են ստացել, ոչ գումարը:

Նրանք քննիչի մոտ, գլխավոր դատախազին, ԱԺ խմբակցություններին, լրատվամիջոցներին տեղեկացնում են, որ գումարը վճարելուց հետո ընկերության տնօրեն Մելիք Գասպարյանն իրենց է հանձնել կլոր կնիքով վավերացված բնակելի տարածքի գնման պայմանագիրը եւ դրամարկղի մուտքի արտոնագիրը: Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի վճիռներով «Մ.Գ.Հաուզինից» հօգուտ Հենզել Աբրոյանի պետք է բռնագանձվեր 20 000 դոլարին համարժեք դրամը, նրա հաշվագրված տոկոսները, իսկ հօգուտ Ռուբեն Հովհաննիսյանի՝ 100 000 դոլարին համարժեք դրամը: Առկա են վճիռներն ու կատարողական թերթիկները:

«Քցվածները» դիմել են դատարան, նշյալ ընկերությանը սնանկ ճանաչելու համար:
Ի դեպ, «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերության կեղծ գործարքների հետեւանքով ընկերությունից հանել են Ամիրյան փողոցի եւ այլ հասցեների ամբողջ շենք-շինությունները, հողատարածքները եւ ընկերության տրանսպորտային միջոցները ծիծաղելի գումարներով վաճառել են, ստեղծելով կանխամտածված սնանկության կեղծ պատրանք: Զարմացանք, երբ գործի նյութերին ծանոթանալով, պարզեցինք, որ «Գազել» միկրոավտոբուսը վաճառվել է հարյուր քսան հազար դրամով, իսկ «Բոգդան» ավտոբուսները՝ երեք հարյուր հազար դրամով, իսկ գնորդը եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին ուղարկված 15.07.2016թ. պաշտոնական հերթական գրության համաձայն՝ Մելիք Գասպարյանը մահանալով՝ ժառանգներին ու պետությանը թողել է գերակա հանրային շահ ճանաչված Ամիրյանի կառուցապատման ծրագրի չլուծված մի շարք հիմնական հարցեր, մասնավորապես, 2005-2006-ի իրացումից 23 ընտանիքի բնակարանով ապահովելու խնդիրը, 2006-ից ի վեր, նախնական վաճառքի պայմանագրով շուրջ 11 000 քմ-ի գնորդներ:
Հենզել Աբրոյանն «Առավոտին» ասաց, որ սնանկության գործով վարչապետի խորհրդականը՝ Հայկ Դավթյանը, հորդորել է իրենց հրաժարվել հայցից, խոստանալով լուծել գումարների հարցը: Հրաժարվել են սնանկության հայցից, հավատալով, թե ողջ գումարը կվերադարձվի իրենց, սակայն չորս տարի առաջ ԴԱՀԿ-ի աճուրդից հետո նրանց երկուսին տրվել է ընդամենը հինգ միլիոն դրամ:

«Երկիրը թաթախված է անարդարությունների մեջ, իշխանությունները ցանկություն են հայտնել բացահայտել երկրում տիրող կոռուպցիան եւ կաշառակերությունը, երկրիս քաղաքացիների վստահությունը վերականգնելու համար խնդրում ենք բացահայտել մեր նկատմամբ կատարված կազմակերպված ապօրինությունները»,-ասում է «Առավոտին» դիմած Հենզել Աբրոյանը:

«Մելիք Գասպարյանի մահից հետո նրա երեք երեխաները հասկանալի պատճառներով հրաժարվեցին նրա ժառանգությունից, եւ ժառանգությունը ձեւակերպեցին նրա կնոջ՝ Անահիտ Մնացականյանի անունով, որը հետագայում պարզվեց՝ նույնպես մասնակիցն է ապօրինությանը: Այդ ընկերության իրական, ոչ պաշտոնական սեփականատերերն են Հովիկ Աբրահամյանն ու նրա գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը»,-ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդման մեջ ասել են դատարանում շահած, բայց իրականում նյութական մեծ կորուստներ տված քաղաքացիները:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. 4-րդ բանակային կորպուսի հրամանատարությունն այս տարի շնորհակալագիր էր տվել տուժողի զավակին: Շնորհակալագրի վրա գրված էր՝ «Հանուն մեր հայրենիքի»: Տուժողին էլ դատարանն էլ տվել վճիռ՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»:

«Առավոտ»

30.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031