Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլոր սեղանից ակնկալիքներ չունեի»

Դեկտեմբեր 01,2017 14:00

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելը բողոքի ալիք բարձրացրեց հատկապես ուսանողության շրջանում, քանի որ այդ օրենքով սահմանափակվում է նաեւ տարկետման իրավունքը: ԵՊՀ-ի մի խումբ ուսանողներ, ի դեմս «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության, կազմակերպեցին դասադուլ, ապա՝ հացադուլ: Այնուամենայնիվ, ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ փոփոխություններ նախատեսող օրենքն ընդունեց, որից հետո կազմակերպվեց կլոր սեղան քննարկում եւ հարցը հանգուցալուծվեց: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ։

– Պարոն Միրզոյան, նախ, հետադարձ հայացք գցելով կատարվածին՝ դուք շարունակո՞ւմ եք մնալ ձեր կարծիքին։

– Բոլոր այն փաստարկները, որ ես բերում էի որպես աջակցություն տարկետման ինստիտուտի պահպանմանը, ուժի մեջ են։ Ես նորից կարծում եմ, որ դրա վերացումը վատ հետեւանքներ է ունենալու մեր պետության՝ մասնավորապես կրթության, տնտեսության եւ բանակի համար։ Այն խնդիրները, որ իբրեւ այս օրենքը պիտի լուծեր, չի լուծելու։

– Այսինքն, կարծում եք, որ մեր առանց այն էլ վնասված գիտությունը էլ ավելի մեծ կորուստնե՞ր կունենա:

– Իհարկե, առանց այդ էլ գիտության երիտասարդացման խնդիր կա, արդիականացման խնդիր կա։ Այն սակավաթիվ երիտասարդները, ովքեր դեռ էնտուզիազմի հաշվին շարունակում են մնալ գիտության մեջ՝ ստանալով ամենեւին ոչ արժանավայել աշխատավարձ, այսուհետ մոտիվացիայի եւս մի զգալի նվազում են ունենալու, եւ ակնհայտ է՝ գիտությունը կտրուկ տուժելու է։

– Դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ չեն նահանջելու: Կլոր սեղանը նահանջ չէ՞ր։

– Դժվար հարց եք տալիս։ Ըստ էության՝ ուսանողներն արել են այն, ինչ կարողացել են՝ թեեւ սակավաթիվ քանակով։ Այս հարցի մասին դեռ հրապարակավ չեմ արտահայտվել եւ առաջինը ձեզ եմ ասում, որ այս կլոր սեղանն իր ակնկալվող արդյունքը չի տալու։ Չնայած ես հասկանում եմ երիտասարդների լավատեսությունը, բայց կա նաեւ իշխանությունների հետ աշխատելու փորձ։ Դա հուշում է, որ նրանք հակված չեն լուրջ քննարկումներ անելու, իրենց կողմից լինելու է միայն իմիտացիա՝ նպատակ ունենալով որոշակիորեն ժամանակ ձգել, հանդարտեցնել կրքերը։ Երկու շաբաթ ընդմիջումից հետո գուցե էլի ինչ-որ ընթացակարգային քննարկումներ լինեն, հետո ամանորյա տոներ եւ այլն, եւ այլն։ Մյուս կողմից՝ այն ամենը, ինչ որ խոստանում են ուսանողներին՝ ինչ-որ լուծումներ գտնել ենթաօրենսդրական ակտերով, նույնպես «թոզ փչոցի» է, որովհետեւ կառավարության որոշումները միշտ էլ կարող են փոխվել։ Ամեն տարի ինչ-որ հստակ անվանացանկ կա, որով կառավարությունը տվյալ մարդկանց տարկետում է տալիս, այսինքն՝ նոր բան չկա այստեղ։ Սա զուտ տեխնիկական հնարք է։

– Բայց ինչու, օրինակ, ուսանողները կլոր սեղանին ավելի վաղ չփորձեցին հասնել։

– Նրանք ընդամենը ուսանող են, գուցե ինֆորմացիայի այդ ծավալին չեն տիրապետում, ինչը նորմալ է, նրանցից համակարգային լուծումներ չպետք է սպասել։ Նրանք ուղղակի ուսանողներ են, որոնք կարող են հավանել մի բան կամ չհավանել։ Պարզ է, որ նրանց ներքաշում էին շատ դետալային քննարկման մեջ, որտեղ ամեն մի պաշտոնյա եւ՛ մեթոդական առումով, եւ՛ փորձի բերումով շատ ավելի լավ է պատրաստված։ Ուսանողների խնդիրը չէ ինչ-որ լուծումներ առաջարկել։ Այդ մարդիկ ընդամենն ասում են, որ, ելնելով այսինչ-այսինչ բաներից, սա չեն ուզում, սա լավ չէ մեզ ու մեր երկրի համար։ Իսկ իշխանությունները փորձում են փափուկ բարձ դնել նրանց գլխի տակ, ժամանակ շահելով շարունակել կոշտ ձեւով լոբբի անել եւ ընդունել այդ օրենքը, ինչը եւ տեղի ունեցավ։

– Տարկետման սահմանափակման օրենքն, ըստ ձեզ, բանակի համալրման խնդի՞ր է լուծում։

– Իշխանություններն ասում են, որ չկա նման բան, խոսում ենք 140 հոգու մասին։ 140 հոգին թվակազմի խնդիր չի լուծում։ Ասեմ ավելին՝ այս օրենքով կտրուկ ընկնելու է բանակի կրթական մակարդակը։ Չէ՞ որ եթե մինչ այժմ բակալավրիատը եւ մագիստրատուրան ավարտող բազմաթիվ երիտասարդներ զորակոչվում էին բանակ եւ որոշակիորեն բարձրացնում էին բանակի կրթական մակարդակը, ապա այժմ դա այլեւս չի լինելու:

– Բայց մյուս կողմից՝ կրթված սպաներ կունենանք։

– Այո, ես բազմիցս ասել եմ, որ այդ առումով լավ է։ Այստեղ ողջ խնդիրն այն է, որ առաջարկվող մեխանիզմը պետք է լիներ հնարավորություն, ոչ թե պարտադրանք:

– Պարոն Միրզոյան, տեսեք, մի կողմից էլ ասում են, որ եթե ուզում են գիտնական դառնալ՝ բոլոր դեպքերում կդառնան։

– Այո, կգտնվեն շատ քիչ մարդիկ, բայց հիմա փոխանակ խրախուսեն, գիտնականների աշխատավարձը բարձրացնեն, որ մնան գիտության մեջ, ասում են՝ դե լավ, թող գնան մի հատ էլ ծառայեն, եթե այդքանից հետո կգան նորից գիտության ոլորտ, ուրեմն իսկական Էյնշտեյն են։

– Պարոն Միրզոյան, ուսանողները դասադուլից բացի, դիմեցին նաեւ մեկ այլ ծայրահեղ միջոցի` հացադուլի: Դուք ողջունո՞ւմ եք սա՝ որպես այլընտրանքային միջոց։

– Ես միշտ էլ վատ եմ վերաբերվել հացադուլին։ Դա ծայրահեղ քայլ է, որին դիմել պետք չէ, մանավանդ Հայաստանում. դիմում են հացադուլի, հետո դուրս են գալիս, հետո ծոմ են պահում, մի տեսակ դա արդեն արժեզրկվել է։ Իմ պատկերացմամբ՝ դա ամենավերջին հուսահատ քայլն է, որին կարելի է դիմել։ Լավ է, որ ուսանողների դեպքում դա շուտ ավարտվեց։ Ես հենց առաջին օրը, երբ իմացա, շտապեցի այնտեղ՝ ասելու, որ դադարեցնեն։

– Պարոն Միրզոյան, բոլորը սպասում էին նոյեմբերի 22-ի կլոր սեղանին, եղավ, ավարտվեց, բայց կարծես փոփոխություններ չկան։

– Բայց ի՞նչ պետք է լիներ։

– Այսինքն՝ սպասումներ չունե՞ք։

– Ես չեմ էլ ունեցել…

– Իսկ ուսանողներին խորհուրդներ չե՞ք տալիս իրենց հաջորդ քայլերի վերաբերյալ։

– Դե ես խորհուրդներով միշտ էլ փորձել եմ «հրահրել եւ ուղղորդել», ինչպես ասում են, չնայած բազմիցս ասել եմ, որ այդ տերմինները բոլորովին տեղին չեն։ Նրանք այնքան հասուն ու համարձակ մարդիկ են, որ դրա խնդիրը չկա։ Իհարկե, փորձի փոխանակում, քննարկումներ միշտ էլ լինում են, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից կամ ոչ։ Կլոր սեղանից հետո չեմ խոսել իրենց հետ։

– Փաստորեն, սա հերթական պայքար էր, որը մի քանի օր տեւեց ու անցավ՝ առանց որեւէ արդյունքի՞։

– Ոչ մի բան առանց արդյունքի չի լինում, նաեւ ֆիզիկայի օրենքների համաձայն։ Ուրիշ բան, որ ակնկալվող արդյունքը չեղավ, դեռ չենք տեսնում, բայց ինձ թվում է՝ կլինի։

– Փաստորեն, դեռ սպասե՞նք։

– Գուցե ոչ անպայմանորեն տարկետման ինստիտուտի հետ կապված, բայց այն, որ եւս մի սերունդ մտավ քաղաքացիական պայքարի մեջ եւ իմացավ՝ ինչ բան է պայքարը, պահանջներ ձեւակերպելը, ոստիկանների կողմից քաշքշվելը, դեկանների կողմից սպառնալից բաներ լսելը, սա էլ է արդյունք։

 

Զրուցեց
ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ

«Առավոտ»

30.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031