Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՄԵԶՈՆ

Դեկտեմբեր 01,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասներեքերորդ

ԱԼԱՄԵԶՈՆ

Եթե մենք գիտենք, պարտավոր ենք ուրիշներին էլ տեղեկացնել, որ Շերլոկ Հոլմսն էլ գրական այլ հերոսների պես հեղինակ ունի, ու էդ հեղինակի անունը Կոնան Դոյլ է, ավելի ճիշտ՝ ազգանունն է Կոնան Դոյլ, իսկ անունն Արթուր է, եւ Ալիսն էլ Լյուիս Քերոլի ձեռամբ է ստեղծված, եւ հանցագործների սարսափ Պուարոն էլ կինարմատ Ագաթա Քրիստիի գրչով է արարված, եւ մեր պատանեկության տարիների սարսափ Անգլուխ ձիավորն էլ՝ Մայն Ռիդի, եւ ժամանակակից բազմահատոր «Հարրի Փոթերի» հեղինակն էլ է կինարմատ, եւ իր անունն իմ՝ հիշեցնողիս մտքից է նույնիսկ թռած, եւ չնայած ծավալի առումով էս վեպս վաղուց է «Հարրի Փոթերին» գերազանցել, իմ մասին էլ քչերը գիտեն, եւ վստահաբար կարող եմ ասել, որ էս վեպիս վերնագիրն ավելի հայտնի է, քան՝ ձեր խոնարհ ծառան, եւ վեպիս վերնագիրն էլ հանրահայտ է, որովհետեւ մեկին մեկ համընկնում է Նիկոլի թերթի վերնագրին, եւ ցավով պիտի արձանագրեմ, որ ինձ բախտ չվիճակվեց ստեղծել մի գրական հերոս, որն ինձանից ավելի ճանաչված լիներ. այսինքն, ես գրական հերոսի՝ էդ հերոսին ստեղծած գրողից ավելի ճանաչված  լինելը համարում եմ գրողական բախտավորություն, եւ ինչքան էլ բողոքեմ թե՝ Ժորա Հարությունյան գրողին քչերն են ճանաչում, պարտավոր եմ արձանագրել նաեւ, որ լուսահոգի Ժորա Հարությունյանն ամենաբախտավոր գրողն է, որովհետեւ, չնայած քչերը գիտեն, որ անցյալ դարի երկրորդ կեսին Ժորա Հարությունյան  անունով գրող է ապրել ու ստեղծագործել, իր ստեղծած կերպարները՝ Գվիդոնը, Գարսեւանը, Նաջարյանը, Ալամեզոնն ու շատ ուրիշներ հիմա էլ կան ու ապրում են, եւ հենց էս պահին, երբ Ժորա Հարությունյանի մասին եմ հիշելով գրում, հեռուստացույցով ելույթ է ունենում կատակերգու դերասան Երվանդ Մանարյանը, ում մեր ժողովուրդը որպես Ալամեզոն գիտի՝ Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի շնորհիվ, եւ չնայած Երվանդ Մանարյանը երկար տարիներ մեր տիկնիկային թատրոնն է ղեկավարել, ժողովուրդը նրան հիմնականում Ժորա Հարությունյանի էդ ֆիլմով գիտի՝ իբրեւ Ալամեզոն, եւ Մանարյանը Ժորա Հարությունյանի էդ ֆիլմի շնորհիվ ժողովրդից ճանաչվելով՝ հիմա Պետրոսի «Ուրվագիծ» հաղորդման մեջ Պետրոսին ու բոլորիս բացատրում է՝ որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում, եւ Պետրոսը, որ քչերին է հարգանքով վերաբերվում ու քչերի հետ է  համաձայնվում, Մանարյանի հանդեպ ընդգծված ակնածանք է հանդես բերում, եւ շատ շատերն են Երվանդ Մանարյանին  հարգանքով վերաբերվում, եւ նույնիսկ Ազատության հրապարակի ամենաընդդիմադիր ու ամենաանհանդուրժող կանայք են հանդուրժում ու հարգում  Երվանդ Մանարյանին, եւ Մանարյանը մշտապես ու հավասարապես թե՛ Լեւոնի, թե՛  Րաֆֆիի, թե՛ Սեֆիլյանի ու Նախախորհրդարանի հանրահավաքներին հարթակում պատվավոր տեղ ունի, որովհետեւ բոլորն են ճանաչում ու հարգում Ալամեզոն Երվանդ Մանարյանին, ընդ որում՝ ճանաչում են հիմնականում Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի շնորհիվ, մինչդեռ նույն էդ բոլորը նույն էդ Ժորա Հարությունյանին չգիտեն ու չեն հիշում, ու էս  հիշեցնելուցս հետո էլ  երևի չհիշեն:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մայն Ռիդ says:

    Անգլուխ ձիավորը Դանիել Դեֆոն չի գրել այլ Մայն Ռիդը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031