Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի քաղաքական ճգնաժամը եւ վախը` ազգայնական մղձավանջից

Նոյեմբեր 30,2017 23:00

Եվրոպայի կայունության, տնտեսական զարգացման,առաջընթացի հենասյուներից մեկը համարվող Գերմանիայում այսօր քաղաքական ճգնաժամ է: Արդեն երկու ամիս է` այդ երկրում ավարտվել են պառլամենտական ընտրությունները, սակայն նոր կառավարություն այդպես էլ չի ձեւավորվել:

Բանն այն է, որ ոչ մի կուսակցություն գերմանական Բունդեսթագում բացարձակ մեծամասնություն չի վերցրել: Իսկ կոալիցիա այդպես էլ չի կազմվում:

Նոյեմբերի 24-26-ը Աղվերանում ԵՄԱ-ի եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած «Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» սեմինարին մասնակցում էր նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆելիքս Հեթը:

Երիտասարդ քաղաքագետը ակնհայտորեն շատ մտահոգ էր այն իրավիճակով, որ տիրում է Գերմանիայի քաղաքական դաշտում: Նա հանգամանալից ներկայացրեց գերմանական պառլամենտարիզմի զարգացումը` 20-րդ դարի 30-ականներից մինչեւ մեր օրերը, որպեսզի պարզ լինի, թե ինչո՞ւ է առաջացել այս քաղաքական ճգնաժամը եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

Պարոն Հեթը չթաքցրեց, որ կուսակցական է, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ է: Ի դեպ, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը պատկանում է այդ կուսակցությանը, թեեւ լիակատար ազատություն ունի կազմակերպչական առումով:

1930 թվականին Գերմանիայի խորհրդարան էր մտել 15 կուսակցություն. այն ժամանակ չկար որեւէ արգելք` տոկոսային շեմ, եւ ընտրություններին մասնակցած ու որոշակի ձայներ հավաքած բոլոր կուսակցությունները հայտնվեցին խորհրդարանում: Ամենաշատ ձայներն ունեին կոմունիստները` 77, սոցիալ-դեմոկրատները` 143 եւ նացիստները` 107: Մեծամասնություն չունեցող պառլամենտ էր, կոմունիստներն ու սոցիալ-դեմոկրատները այդպես էլ չկարողացան կոալիցիա կազմել: Իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են` շատ տխուր էր: Երկու տարի անց նացիստները ավելի շատ ձայն հավաքեցին, կոալիցիա կազմեցին մեկ այլ ազգայնական կուսակցության հետ եւ Հիտլերը ստեղծեց Երրորդ ռեյխը:

Պարոն Հեթի խոսքերով` դա Գերմանիայի պատմության մղձավանջն էր ու մեծագույն ողբերգությունը: Գերմանացիները ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ 30-ականների իրադրությունը եւ շատ ցավոտ են տանում այն հիշեցնող ցանկացած մանրուք:

Երբ ավարտվեց 2-րդ համաշխարհայինը` գերմանացիներն արդեն քաղել էին «Վայմարի դասերը»: Նոր պառլամենտ ձեւավորելուց առաջ Սահմանադրությամբ նախ ընդունվեց «խառը համակարգը»` ընտրվում էին եւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով պատգամավորներ, ապա դրվեց «5 տոկոսի արգելքը», որի արդյունքում 1949թ.-ին Գերմանայի դաշնային (ֆեդերատիվ) հանրապետության Բունդեսթագ մտավ 10 կուսակցություն` սոցիալ -դեմոկրատները եւ քրիստոնյա- դեմոկրատները գրեթե հավասար ձայներ ունեին: 1953-ին պառլամենտում հայտնվեց վեց կուսակցություն, կրկին առաջատարներն էին սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնյա-դեմոկրատները: 1957-ին միայն չորս կուսակցության հաջողվեց մտնել Բունդեսթագ:

Իսկ 1961-ից մինչեւ 1983 թվականները Բունդեսթագ էր անցնում միայն երեք կուսակցություն` սոցիալ-դեմոկրատները, քրիստոնյա-դեմոկրատները եւ լիբերալները (ազատ դեմոկրատները): Դրան կոչում էին 2,5 կուսակցության համակարգ: ԳՍԴԿ-ն եւ ԳՔԴԿ-ն այդ ընթացքում շարունակում էին հավաքել 30-50 տոկոս ձայներ, իսկ ԱԴԿ-ն ուներ իր կայուն 10-20 տոկոսը: Այդ ժամանակ կառավարությունը կազմվում էր կամ Մեծ կոալիցիայով, երբ իրար էին միանում երկու մեծ կուսակցությունները, կամ` Մեծ-փոքր կոալիցիայով, երբ ԳՍԴԿ-ին կամ ԳՔԴԿ-ին միանում էր ԱԴԿ-ն:

1983 թվականին անսպասելի բան տեղի ունեցավ. Բունդեսթագ մտավ Կանաչների կուսակցությունը` 2,5 կուսակցությունների համակարգը դարձնելով 4 կուսակցության համակարգ, իսկ երբ 1990 թվականին տեղի ունեցավ Գերմանիաների երկար սպասված վերամիավորումը, պառլամենտ անցան նաեւ ԳԴՀ-ի (Գերմանիայի դեմոկրատական հանրապետության) կոմունիստները` որպես Ձախերի կամ Խաղաղասերների կուսակցության:

Դրանից հետո` մինչեւ վերջին ընտրությունները, որ տեղի ունեցան 2017 թ. սեպտեմբերին, Գերմանիայի բունդեսթագ էին անցնում հինգ կուսակցություն, եւ կրկին կառավարությունը ձեւավորվում էր կամ Մեծ կոալիցիայով, կամ մեծ+փոքր կուսակցություններով:

Հիմա, երբ արդեն ճգնաժամ է, ըստ Ֆելիքս Հեթի, շատերն ասում են, որ Մերկելի կուսակցությունը` ԳՔԴԿ-ն` քրիստոնյա-դեմոկրատները պետք է ուժ ունենային իրենց միացնելու Կանաչներին եւ ազատ-դեմոկրատներին: Կամ սոցիալ-դեմոկրատները կարողանային իրենց միացնել ձախերին: Սակայն` չստացվեց:

Եվ 2017 թվականին վեց կուսակցություն մտավ Բունդեսթագ` վերոնշյալ 5-ը եւ 2013-ին ստեղծված AfD-ն` «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ ծայրահեղական, պոպուլիստական, հակագլոբալիստական, հակաեվրոինտերգրացիոն գաղափարներով: Այս քաղաքական ուժը ասպարեզ եկավ` խաղալով գերմանացիների զգացմունքների հետ` տնտեսական ճգնաժամի ժամանակ նրանք պահանջում էին դուրս գալ Եվրամիությունից, եվրոյի գոտուց, կոչ անելով «աշխատասեր գերմանացիներին»` չպահել այդ «ծույլ եւ անբան հույներին»: Նրանց հաջողության գրավականներից մեկն էլ իրենց անունն էր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտնի tina-ի քաղաքականությունը` there is no alternative, որով նա առաջ էր տանում իր ցանկացած գաղափար` սկսած տնտեսականից, վերջացրած տարբեր առճակատումներին մասնակցությամբ, հոգնեցրել էր շատ գերմանացիների: Եվ երբ պահպանողական տնտեսագետները ստեղծեցին իրենց «Այլընտրանքը», որը նաեւ միգրանտների հանդեպ հանդուրժողականությամբ չէր փայլում, որոշակի դժգոհ ընտրազանգվածի գրավեցին:

Այսօր Գերմանիայում շատերը ստեղծված իրավիճակը նմանացնում են 1930 թվականի իրավիճակին, երբ նացիստները նույնքան` մինչեւ 10 տոկոս ձայնով մտան պառլամենտ, եւ երբ մեծ կուսակցությունները կոալիցիա չկազմեցին, երկու տարի անց արդեն իրենք էին մեծամասնությունը:

«Այլընտրանքի» հետ ոչ մի ուժ չի ցանկանում միանալ: Երկու մեծերը չեն կարողանում Մեծ կոալիցիա ստեղծել, քանի որ դեռ ընտրություններից առաջ էր ԳՍԴԿ ղեկավար Մարտին Շուլցը խոստացել, որ չի միանալու ԳՔԴԿ-ի` Մերկելի հետ, եւ մնալու է ընդդիմություն: Ֆելիքս Հեթն ասում էր, որ այսօր իր կուսակցությունը` ԳՍԴԿ-ն, կանգնած է ծանր երկընտրանքի առաջ. կուսակցակա՞ն, թե՞ պետական շահը: Եթե միանա Մերկելի կուսակցությանը` կձեւավորվի կայուն կոալիցիա եւ կառավարություն, սակայն կուսակցության վարկանիշը, որ վերջին ընտրություններից հետո ընկել է, է’լ ավելի կընկնի: Չմիանա` վտանգի տակ է Գերմանիայի քաղաքական ապագան, քանի որ բոլորը վախենում են 1930 թվականի մղձավանջի կրկնությունից, երբ այդպես էլ չձեւավորվեց կայուն մեծամասնություն, եւ ազգայնականներն արեցին իրենց սեւ գործը:

Մեկ այլ տարբերակ էր քրիստոնյա-դեմոկրատների համար մյուս 2` մանր կուսակցությունների` կանաչների եւ լիբերալների հետ կոալիցիա կազմելը: Սակայն դա էլ չէր ստացվում. մոտ հինգ շաբաթ այդ ուժերը բանակցում էին` բանակցություններ սկսելու մասին, մինչեւ լիբերալները դուրս եկան այդ անպտուղ առեւտրից:

Ըստ Ֆելիքս Հեթի` կա եւս մի, ոչ այնքան ցանկալի տարբերակ` կառավարություն` առանց մեծամասնության` սկանդինավյան սցենարով, երբ քրիստոնյա-դեմոկրատները յուրաքանչյուր թեմայի շուրջ բանակցեն կոնկրետ քաղաքական ուժի հետ, ստանան նրանց աջակցությունը եւ անցկացնեն իրենց գաղափարները: Սակայն այս տարբերակը, ըստ պարոն Հեթի, դժվարամարս է. «Բոլորս ենք հասկանում, որ Գերմանիային պետք է կայուն մեծամասնություն` վախ կա Վայմարյան պետության փորձից»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930