Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Կրակոցներ»`դիվանագիտական սեղանի շուրջ»

Նոյեմբեր 30,2017 20:55

«Կան երկրներ, որոնք թշնամական վերաբերմունք ունեն մեր նկատմամբ: Արցախյան հակամարտությունը լուծված չէ, եթե չեն կրակում սահմանին`կրակում են դիվանագիտական սեղանի շուրջ»,- Aravot.am-ի հարցին`ինչի՞ արդյունք էր երեկ Կիեւում տեղի ունեցածը, այսպես պատասխանեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, Կիեւում ընթացող Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ ԽՎ) 50-րդ նիստում հայկական պատվիրակությունն արհամարհանքի է արժանացել:

«Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես հետագայում է պարզվել, վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որը, հայկական պատվիրակության անդամների կարծիքով, ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

«Ձեւավորվեց հնարավորություն, որտեղ Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց կողմնակիցները մեծամասնություն էին, օգտագործեցին ընթացակարգերի խախտումը, ինչը նշանակում է, որ ՍԾՏՀ ԽՎ-ն սեւ բիծ բերեց հենց իր վրա, ոչ թե որեւէ մեկին վնասեց»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ այս կառույցը խայտառակ եղավ միջազգային հանրության առջեւ այն իմաստով, որ գաղտնի աշխատեցին:

Թեւան Պողոսյանը կարծում է, որ այս իրողությունը հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի`իր շահերն առաջ տանելու համար. «Առաջինը` նման բանաձեւեր ընդունելով Ադրբեջանը ցույց է տալիս, որ իրենք չեն պատրաստվում արցախյան հարցում խաղաղ միջոցներով առաջ շարժվել, իսկ Թուրքիան, իր միջամտություններով, ցույց է տալիս, որ չի կարող որեւէ դերակատարում ունենալ: Երկրորդ`ՍԾՏՀ-ն որեւէ արժեք չունեցող վեհաժողով է այն իմաստով, որ իր ընթացակարգերը խախտելով, գաղտնի, կեղտոտ խաղերով, դիվանագիտական էթիկան խախտելով`գնաց այդ քայլին»:

Հիշեցնենք, ռուսական պատվիրակությունը չի մասնակցել այս նիստին, Վրաստանը եւ Ուկրաինան, ըստ մեր զրուցակցի, հավանաբար փորձել են ՌԴ-ին հարված հասցնել`իրենց պատկերացումներով: Ինչեւէ, Թեւան Պողոսյանը գտնում է, որ սրանից ողբերգություն չպետք է սարքել, մանավանդ, որ ՍԾՏՀ-ն պառլամենտական վեհաժողով է, ոչ թե գործադիր ֆունկցիա ունեցող մարմին: Ասում է`պետք է հիշեցնել միջազգային հանրությանը, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ, Բրյուսելու հռչակագիր ընդունվեց եւ այստեղ` Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը «շատ վատ վիճակում հայտնվեցին, քանի որ կարծես թե չեն կարողանում հասկանալ` իրենց երկիրն ի՞նչ դիրքորոշում ունի»:

Թեւան Պողոսյանը կարծում է, որ այսուհետ հենց այդ կառույցում պետք է ավելի ակտիվ աշխատել ու անընդհատ մատնացույց անել, թե ինչպիսի վարքագիծ է դրսեւորվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930