Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների գործողությունների դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ դատարանը որոշում կհրապարակի վաղը

Նոյեմբեր 30,2017 20:44

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ լրագրող Արփի Մախսուդյանի բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում և փորձել խուզարկություն իրականացնել: Դիմադրության հանդիպելով՝ սպառնացել են բաժին տանել Արփի Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն, երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են:

Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա կարճվել: Արփի Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատարան:

«Հաղորդում էինք ներկայացրել ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ, գործի նյութերում չկան այդ օպերատիվ խուզարկություն իրականացնելու մասին ոչ մի տվյալ, փաստաթուղթ, որը կհավաստեր ոստիկանության աշխատակիցների գործողությունները: Ընդամենը մի գրություն էր, որ քրեական հետախուզության վարչությունը հայտնում է ՀՔԾ քննիչին, որ նման բան կա, որ ոմն Կարեն հետախուզվում է ծանր հանցագործության համար, որը իրենց տվյալների հիման վրա թաքնվում է կամ գտնվում իր ծանոթ Մարգարի բնակարանում:

Դա օդից վերցված փաստարկ է, որը որ ոչ մի տեղ չի հիմնավորվում: Մենք մնացինք այն պնդման, որ ոստիկանների գործողություններն անօրինական են եղել, Արփի Մախսուդյանը դեռ նախաքննության ընթացքում բարձրացնում էր այն հանգամանքը, որ չի բացառվում, որ իրեն որպես լրագրող, անհատ գաղտնալսել են ու խախտվել է իր նամակների ու հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքը, ինչի վերաբերյալ քննիչի կողմից ոչ մի քննություն չի կատարվել»,- Aravot.am-ին ասաց Անի Չատինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == որը իրենց տվյալների հիման վրա թաքնվում է կամ գտնվում իր ծանոթ Մարգարի բնակարանում:==
    Զավեշտի պակաս այստեղ իրոք՝ չկա.
    Իրականում.
    1/ Կարեն Մաճկալյան անուն-ազգանունը ՛՛իր ծանոթ Մարգարը՛՛ առաջին անգամն էր լսում՝ այն էլ՝ ոստիկաններից
    2/ Ըստ ոստիկանների՝ ՀՔԾ քննիչին տված բացատրության, այդ Ցոլակ Դարբինյանը, այսինքն՝ Կարեն Մաճկալյանը, Մարգարին պատկանող Յուքոմ ինտեռնետային կապի Վայ-Ֆայից օգտվել էր ոստիկանների այցելությունից մեկ ամիս, ութ օր առաջ, ինչից էլ մեր քաջարիները ենթադրել էին, որ այդ գիշեր, պետք է որ ՛՛հանցագործը՛՛ Մարգարի տանը պատսպարված լիներ:
    3/ Կարդալով այդ ՛՛բացատրությունը՛՛ Մարգարը Յուքոմից պարզել էր, որ իրենց տրաֆիկի բոլոր գրանցումները ինքնամաքրվում են 20 օր անց:
    4/ Ոստիկանական ՛՛դեսանտի՛՛ ղեկավար Էդգար Ժանվելյանը ՀՔԾ-ում Մարգարի հեռ առերեսվելիս խոստովանեց, որ մինչ իրենց այցելությունը իքը չգիտեր, որ Մարգարի ինտեռնետը ՛՛Յուքոմ է՛՛:
    5/ Մարգարի հետ հեռախոսազրույցում Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե ինքը չի ասել, թե իրենց տեղեկություններն առ այն, որ ծանր հանցագործությամբ անցնող կասկածյալ-մեղադրյալի Մարգարի բնակարան մուտք գործելու վերաբարյալ հավաստի են:
    6/ Նույն հեռախոսազրույցում Մարգարը պահանջում է մամուլով հերքում ներկայացնել, հակառակ դեպքում դիմել դատարան, վկայակոչելով ՛՛Առավոտի՛՛ «Ինչո՞ւ Արփի Մախսուդյանը չի տեսանկարահանել կամ ձայնագրել, երբ ոստիկաններն այցելել են իրենց տուն». հոդվածը՝ https://www.aravot.am/2017/05/11/884765/
    7/ Մարգարը այդպես էլ դատարան չի դիմում, տեղի տալով հարազատների թախանձանքին:
    Հենց այսպես էլ ապրում ենք, մեր սիրած քաղաքում…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930