Կրեմլի կողմից ֆինանսավորվող Russia Today (RT) հեռուստաընկերությունը զրկվեց ԱՄՆ Կոնգրեսի հավատարմագրից: Ամերիկյան օրենսդիր մարմնի լրատվական աշխատանքը համակարգող կազմակերպությունը RT-ին է դիմել՝ խնդրելով վերադարձնել Կոնգրեսի և Սենատի հավատարմագրերը:
Այս որոշումը, ինչպես նշված է «Ռադիո-հեռուստատեսային պատկերասրահ» կոչվող այդ կազմակերպության նամակում, ընդունվել է նոյեմբերի 21-ին՝ գաղտնի քվեարկության արդյունքում, և անմիջապես ուժի մեջ է մտել:
«Օտարերկրյա կառավարությունների գործակալները կամ ներկայացուցիչները հավատարմագրի իրավունք չունեն», – ասված է նամակում:
1877 թվականից գործող Կոնգրեսի Հեռուստա և ռադիոլրագրողների ասոցիացիան Կոնգրեսից անկախ կազմակերպություն է: Հենց այս կառույցն է, և ոչ թե Կոնգրեսը, հավանություն տալիս այս կամ այն լրատվամիջոցի հավատարմագրման դիմումին:
Այս որոշումը, որն արդեն իսկ կոշտ քննադատության է արժանացել Ռուսաստանի կողմից, հաջորդում է այս ամսվա սկզբին RT-ի՝ որպես օտարերկրյա գործակալ գրանցվելուն:
Հիշեցնենք՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ռուսաստանի պետական այդ լրատվամիջոցից պահանջել էր Միացյալ Նահանգներում գրանցվել տասնյակ տարիներ գործող ակտին համապատասխան, որի նպատակն է սահմանափակել այլ երկրների կառավարությունների՝ ԱՄՆ-ում քարոզչություն տարածելը։
Հեռուստաընկերությունը պնդում է, որ այդ պահանջը հակասում է Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատության սկզբունքին: Մինչդեռ Վաշինգտոնում հավաստիացնում են, որ օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքը էականորեն տարբերվում է ռուսականից և որևէ կերպ չի սահմանափակում տեղեկատվության ազատությունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: