Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ռուսաստանը հակասությունների երկիր է, և անգամ ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած որոշ այդ հաղորդումներում կարելի է շատ վարկաբեկող բաներ տեսնել հենց Ռուսաստանի հասցեին:
«Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուս տարբեր փորձագետների կողմից հնչող հայտարարություններին և մամուլի հրապարակումներին՝ պարոն Մելիք-Շահնազարյանը նկատեց, թե ռուս պաշտոնյաներն ամեն կերպ փորձում են համոզել, որ այդ հայտարարություններին պետք չէ ուշադրություն դարձնել.
«Ես այդ հաղորդումներին զուգահեռ տեսնում եմ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ամեն կերպ փորձում են մեզ համոզել, որ պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչող տարբեր փորձագետների, լրագրողների, շոումենների հայտարարություններին: Այստեղ քաղաքականության հետ առնչվող որևէ բան չկա:
«Ման եկող» կին են ասում, իսկ դա մեկ բան է նշանակում` իրենց մենթալիտետին համապատասխան գնահատականներ են տալիս այն քաղաքականությանը, որը կարող է լուրջ դիվիդենդներ բերել նույն Ռուսաստանին, որովհետև «և-և»-ի քաղաքականությունը նշանակում է ոչ թե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցություն ունենալ, այլ նոր հարթակ այս երկու կառույցների համար»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, մասնավորապես նրան՝ արդյոք միջազգային հանրության կողմից ճնշում կլինի՞ կատարել ստանձնած պարտավորությունները, քաղաքագետը պատասխանեց. «Պետք է մի քիչ արագ շտապել ու պահանջկոտ լինել: Հայաստանը բավականաչափ պահանջկոտ չէ միջազգային հանրությունից: Մենք փորձում ենք ամեն ինչ հավասարակշռել, ցույց տալ, որ մենք մաքսիմալիստ չենք, մեղմ ընթացքի կողմնակից ենք, և այլն, բայց հաճախ լինում են դեպքեր, երբ դրանից պետք է հրաժարվել և շատ հստակ ու կոնկրետ պահանջներ դնել: Այսօր հակամարտության ընկալման միջազգային ֆոնը շատ հայանպաստ է: ԵՄ-ի հետ նույն համաձայնագրում, որտեղ նշված է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը պետք է ընկած լինի հակամարտության կարգավորման հիմքում, օրենսդրական ուժ է ստանալու ԵՄ 28 երկրներում, և դա լինելու է ԵՄ-ի միասնական կարծիքը, թե ինչ սկզբունքներով պետք է լուծվի հակամարտությունը»:
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Ադրբեջանն այսօր պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան դրանք կային ապրիլին: Քաղաքագետը մանրամասնեց. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ձախողելով այդ ռազմական օպերացիան՝ Ադրբեջանը կորցրեց նաև մի շարք քաղաքական թեզեր շահարկելու հնարավորություն բանակցությունների սեղանին, միջազգային տարբեր հարթակներում: Օրինակ՝ այլևս չի կարող ասել, որ ամեն պահի կարող է ռազմական ճանապարհով հարցն ի օգուտ իրեն լուծել: Եթե նախկինում պատերազմ չսկսելը ներկայացնում էր՝ որպես իրենց կողմից փոխզիջում, հիմա արդեն պարզ է դառնում, որ պատերազմ սկսելուց հետո էլ նրանք որևէ հաջողության չեն կարող հասնել: Հիմա Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի պատերազմ սկսելու, բայց չունի հնարավորություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ