Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից արտագաղթի պատճառով այդ բնակավայրերի դպրոցների աշակերտների թիվը խիստ նվազել է: Դրա պատճառները արտագաղթն է, ցածր ծնելիությունը,մահվան դեպքերի մեծ թիվը: Եթե այդ գյուղերի բնակչության, աշակերտների թվերը Խորհրդային Միության գոյության վերջին ժամանակաշրջանի հետ համեմատենք, պատկերն անմխիթար է երեւում:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում( https://tavush.mtad.am/)գրված է , որ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակչությունը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 938 մարդ, գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը`108: Ներկայումս Ոսկեպարի փաստացի բնակիչների թիվը շուրջ 700 է, գյուղի դպրոցի աշակերտների թիվը՝ 53: Ոսկեպարի միջնակարգ դպրոցը 108 աշակերտ ունեցել է 2010թ.-ին, Ռուսաստան արտագաղթի հետեւանքով սահմանամերձ գյուղի աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: 1970-ական թվականների վերջին Ոսկեպարի ութամյա դպրոցն ունեցել է մոտ 330 աշակերտ:
Տավուշի մարզպետարանի կայքում Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը նշված է 35: Իրականում ներկայումս Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է 19 աշակերտ: Մարզպետարանի կայքում սահմանամերձ Կոթի գյուղի դպրոցի աշակերտների թիվը նշված է 205,իրականում այնտեղ սովորում է 199 աշակերտ: Նույն կայքում սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը նշված է 95: Դովեղի դպրոցից տեղեկացանք, որ այնտեղ այժմ սովորում է 60 աշակերտ:Նշված կայքում Ադրբեջանին սահմանակից Բաղանիս գյուղի բնակչների քանակը նշված է 918, դպրոցի աշակերտների թիվը`135: Բաղանիսի փաստացի բնակիչների թիվը չի գերազանցում 840-ը, իսկ գյուղի դպրոցում սովորում է 102 աշակերտ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ