ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկումն է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի համար տարօրինակ է նախագծի վերնագրի այս մասը՝ ընտանեկան համերաշխության վերականգնման մասին օրենք: Ըստ նրա, կարող է ընտանիքում լավ տրամադրության օրենք էլ բերեն:
Նրա խոսքով՝ «Ընտանեկան համերաշխության, երջանկության, դրանց համար լավագույն միջոցն այն է, որ պետությունը ընտանիքներին մարդավայել կյանքով ապահովի»: Նա նշեց, որ եթերով ամեն օր քարոզում են բռնություն, բռնաբարություն, մարդասպանություն, դա՞ է ընտանեկան բռնությունը կանխարգելելու լավագույն միջոցը:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը համաձայնեց, որ եթերում շատ վատ տեսարաններ են ցուցադրում՝ ինչպես են մազերից քարշ տալով կնոջը տանում, երեխաները սեղանի տակ դողում, ատրճանակ եւ այլն: Գեւորգ Պետրոսանն էլ հեգնեց, թե ինչ են ցուցադրում սերիալներում՝ «80 տարեկան կնիկ ա, հղի ա»:
Հրայր Թովմասյանն ասաց, որ իրենց խմբակցությունում քննարկել են նաեւ այդ հարցը, նաեւ մի շարք առաջարկություններ են ներկայացրել օրենքի նախագծի հետ կապված: Մասնավորապես, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկել է, որ ապաստարան բառը փոխարինվի ընտանիքում բռնությունից տուժածների հոգածության կենտրոն բառով: Ըստ նրա, ռազմական ապաստարանի հետ է ասոցացվում ապաստարան բառը:
Հրայր Թովմասյանն ասաց՝ տա Աստված, որ այս օրենքը երբեք չկիրառվի:
Հանձնաժողովը 7 կողմ եւ մեկ ձայներով դրական եզրակացությամբ ընդգրկեց օրենքը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Դեմ էր միայն Գեւորգ Պետրոսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ