Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ լիագումար նիստի շրջանակներում տեղի ունեցավ օրենսդիր և գործադիր մարմինների միջև հարցուպատասխանի ընթացակարգ: Կառավարությանը հարցադրումներ հնչեցնելու համար հերթագրվել էին 11 պատգամավոր` ընդհանուր 18 հարցով:
Պատգամավոր Հայկ Խանումյանն իր հարցում մտահոգություն է հայտնել. թոշակների բարձրացման հարցին կառավարությունից պատասխանում են, որ աշխատավարձերի և թոշակների բարձրացման առումով Հայաստանի հետ համաձայնեցված քաղաքականություն են վարում:
«Եթե Հայաստանում 2009 թվականին երկնիշ տնտեսական ցուցանիշների թվի անկում կար, ապա Արցախում ցուցանիշների թվի երկնիշ աճ կար: Ընթացիկ տարում մեզ մոտ վերջին 9 ամսվա ընթացքում 16-17 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Ինչու չենք փորձում Հայաստանի հետ բանակցել և այդ քաղաքականությունը վերանայել: Ի վերջո Արցախում առաջնային ապրանքներն ավելի թանկ են, քան Հայաստանում»,- նշեց Հայկ Խանումյանը:
Իր պատասխանում աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, մասնավորապես անդրադառնալով հարցի երկրորդ մասին` նշեց, որ Արցախում այդ ամենն հաշվի առնելով, սահմանված են տարբեր դրամական օգնություններ և լրացուցիչ վճարներ, և տարբեր ծրագրերի միջոցով ավելի մեծ գումարներ են տրամադրվում Արցախում` ի տարբերություն Հայաստանի:
Ալյոշա Գաբրիելյանն իր հարցն ուղղելով նախագահ Բակո Սահակյանին՝ ասաց, որ շատ առաջադեմ երկրներում քրեակատարողական հիմնարկները գտնվում են արդարադատության նախարարության կազմում, իսկ Արցախում այն ոստիկանության համակարգում է:
Բակո Սահակյանը ի պատասխան նշեց. «Այդ փոփոխությունները շահագրգռված էինք կատարել դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում սկսվել էր նման գործընթաց: Մենք այդ հարցի վերաբերյալ հրավիրել ենք Հայաստանի մեր գործընկերներին, ունեցել ենք քննարկումներ: Սակայն եկել ենք այն եզրակացության, որ մենք դեռ պատրաստ չենք անցնելու այդ տարբերակին»:
Մյուս պատգամավորներից` Դավիթ Իշխանյանի հարցը վերաբերում էր փախստականների խնդրին , Լյուդմիլա Բարսեղյանը իր մտահոգությունները հայտնեց կրթական ոլորտի, Վահրամ Բալայանը խաղողագործության զարգացման, Լեռնիկ Հովհաննիսյանը Քաշաթաղի շրջանում առկա գազաֆիկացման խնդիրների վերաբերյալ:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ