Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հայցով դատական նիստն էր: Այս նիստը շատ կարճ տեւեց. հենց սկզբում ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը վստահեցրեց, թե առողջական խնդիրներ ունի, եւ խնդրեց հետաձգել դատը: Մարտիրոսյանն ասաց, որ ազդրն է ցավում, չի կարողանում նստել, հետո վստահեցրեց, թե զարկերակային ճնշումը բարձր է: Դատավորը Մարտիրոսյանից հետաքրքվեց՝ այնքա՞ն վատ է ինքնազգացողությունը, որ չի կարող հարցերին պատասխանել, մասնակցել դատական նիստին: Մարտիրոսյանը վստահեցրեց, թե ի վիճակի չէ պատասխանել հարցերի: Որպեսզի համոզվեն, որ Մարտիրոսյանը չի ստում, եւ նրա առողջական վիճակն իսկապես վատ է, շտապօգնություն կանչեցին դատարան: Բժիշկների բուժզննումից հետո պարզվեց, որ Մարտիրոսյանի մոտ զարկերակային գերճնշում է: Դատավորը որոշեց նիստը հետաձգել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Վլադիկ Մարտիրոսյանը, ինչպես Թագուհի Մանսուրյանն է ցուցմունք տվել, կացնով դարանակալել էր Մանսուրյանի բնակարանի շքամուտքում, ապա Մանսուրյանին տեսնելուն պես կացնով հարձակվել վրան: Մանսուրյանի մայրը օգնություն կանչող դստեր ձայները լսելով դուրս է եկել բնակարանից եւ փորձել միջամտել, արդյունքում Վլադիկ Մարտիրոսյանը սպանել է Մանսուրյանի մորը, իսկ Թագուհուն կացնի մի քանի հարված հասցրել, որին տեղափոխել էին հիվանդանոց: Վլադիկ Մարտիրոսյանը եւս հայցով դիմել էր դատարան, պնդելով, թե Մանսուրյանն իրեն վնասվածքներ է հասցրել:
Նախորդ դատական նիստերին Մանսուրյանն ու դեպքի ականատես նրա հայրը ցուցմունքներ են տվել, թե Վլադիկ Մարտիրոսյանը մշտապես սպառնացել է Մանսուրյանների ընտանիքին:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ