Սևան քաղաքի Սայաթ-Նովա 16-13 հասցեում գործող «Բոհեմ» թեյարան-արվեստանոցն իր դռները բացել է այս տարվա հուլիսին ու, չնայած 4-ամսյա կենսագրությանը, հասցրել է դառնալ սիրելի, սպասված վայր:
Այն, ինչ ամիսներ առաջ թվում էր լավ գաղափար, երիտասարդների մտքի փայլատակում, այլևս իրողություն է, որի սկիզբը պետք է փնտրել` հետ գնալով տարիներ առաջ:
«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կյանքում շրջադարձային էր 2015-ը, երբ կազմակերպությունը դարձավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամ: Այս իրողությունն էլ թույլ տվեց վաղուց փայփայած գաղափարին տալ միս ու արյուն:
«Քանի որ այդ կաթսայում էինք, մասնակցեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին: Մեծ թիմ էր` շուրջ վեցտասնյակ, որից 10-ը հաղթահարեց շեմը: Մեր ներկայացրած գաղափարը տարբերվում էր, քանի որ թիրախային խումբ էր ընտրվել այն երիտասարդները, որոնք մշակութային ոլորտում չեն կարողանում ռեալիզացվել: Մայրաքաղաքում ստանալով կրթություն` քաղաք վերադառնալու մոտիվացիա չունեն, այնինչ նրանք ունեն ստեղծագործելու և ներկայացնելու տաղանդ և ձիրք»,- ասում է ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը:
Օրեր շարունակ, իրենց իսկ բնորոշմամբ, «քաղաքի լուսավոր դեմքերը»` գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները, քայլ առ քայլ մոտեցան իրենց երազանքների բոհեմին` դառնալով ծեփագործ ու ներկարար, վարպետ ու դիզայներ, ու այդ ամենի մեջ դրեցին սեր ու նվիրում:
«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, «Բոհեմ»-ի նվիրյալ Գոհար Մնացականյանի հետ զրույցն էլ անդրադարձ է բոհեմական արդեն իսկ ստեղծված ավանդույթներին, այդ ավանդույթները ստեղծող մարդկանց, մշակութային անցուդարձին:
–Մինչ Բոհեմի բացումը, ինչպիսին էին պատկերացումները. որքանով դրանք արդարացան կամ գուցե սպասվածից ավելին էր:
– Իրականում, մինչ բացումը Բոհեմը երազանք էր ու ցանկալին իրական տեսնելու մղում։ Հետո դարձավ կենդանի ու շնչող մի բան, որին մշտապես անհրաժեշտ է սնել, հետևել, զբաղվել ու միայն ցանկանալով չես ապրեցնի այդքան սպասված երազանքը։ Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց ինչպես այն ժամանակ, հիմա էլ հավատում ենք ու գիտենք, որ ով, եթե ոչ մենք պիտի լինենք այն սերունդը, որ պիտի քանդի այդ մոխրագույն պատը և պայքարի տարիներ շարունակ կարծրացած մտածողության ու սովորույթների դեմ։ Որքանով է ստացվում, ինքս չեմ կարող ասել։ Աշխատում ենք չհամեմատել ու չչափվել, բայց կարող եմ ասել, որ մենք փորձում ենք ու հավատում, որ ստացվելու է։
-Հավատը մեծագույն ուժ է և խթան, որի շնորհիվ կարող են ծնվել մնայուն գործեր ու արժեքներ: Դրա համար պետք է ժամանակ, իսկ այսօր որքանով է թեյարան- արվեստանոցը լցնում քաղաքի ժամանցն ու մշակութային կյանքը:
-Անկեղծ ասած, երևի սուբյեկտիվ կլինի պատասխանս, որովհետև ես կխոսեմ իմ տեսակի, համենայն դեպս ոչ իներտ մարդու տեսանկյունից։ Հաճախ եմ վերադառնում նույն հարցին, թե եթե ես լինեի 3-րդ անձ այս պատմության մեջ, ինչ տեղ կզբաղեցներ Բոհեմն իմ կյանքում։ Ու ամեն անգամ հետ եմ գալիս նույն կետին, որ պարզապես ես չէի կարող լինել 3 րդ անձ): Իսկ եթե դատենք կոնկրետ փաստերով, պարզապես բավական է բացել Բոհեմի ֆեյսբուքյան էջն ու անցնել «Իրադարձություններ» հղումով, մի լավ զարմանալ, թե որքան ակտիվ է եղել Բոհեմը այս կարճ ժամանակահատվածում։ Երբեմն հեռվից՝ մեջքի հետևում, ոչ առողջ խոսակցություններ են լսվում, թե դա ընդամենը թեյարան է, 10 հոգով մշակույթ չես զարգացնի և այլն։ Ոչինչ, նորմալ է, «մարդկային», կարծիք է, որ ապրելու իրավունք ունի։ Մենք ՊԱՐՏԱՎՈՐ էլ չենք, սակայն ինչ կատարվում է այս պատերի ներսում, արվում է ՍԻՐՈՎ, որովհետև ուզում ենք ապրել մեր երազած քաղաքում և դարձնում ենք միջավայրը մեզ համար հարմար։ Ու չնայած այս ամենին, նկատելի է, որ անընդհատ, տևական միջավայրը պահելով, սառույցը տեղից շարժվում է, ինչի համար շատ ուրախ ենք։ Շատ հաճելի հետադարձումներ ենք լսում, որոնք իրոք ուժ են տալիս հաղթել. երբեմն` դժվարանցանելի պահերը։
Իսկ թե ինչով է լրացնում իներտ մարդու մշակութային կյանքը Բոհեմը, կամ կա արդյոք մի բան, որ կլրացնի երբևէ, գաղափար անգամ չունեմ։
–Ովքեր են Բոհեմի այցելուներն ու հյուրերը, ինչ են փնտրում «այդ կողմերում». կա արդյոք տարիքային կամ նախասիրությունների սահմանափակում:
-Մեր հաճախորդներն իրականում շատ լավն են։ Բոհեմը մեղրի նման իր վրա է հավաքում քաղաքի լուսավոր դեմքերին։ Նույնիսկ նրանց, ովքեր դեռ իրենք էլ չեն բացահայտել, որ իրականում շատ լուսավոր են։ Երբեմն դուռը բացվում է, ներս են մտնում մարդիկ, ովքեր պտույտ անելուց հետո խոստովանում են, որ շատ հետաքրքիր է, պարզապես սա իրենց տեղը չէ։ Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ճիշտ դնել այս կոնտրաստը, որ մարդն զգա` իրենն է թե ոչ։ Ունեցել ենք հաճախորդներ, որոնց գնալուց հետո մտածել ենք` 2-րդ անգամ չեն գա, բայց եկել են: Այս դեպքում կրկնակի եմ ուրախանում, զգում եմ, որ ներսում կրակ ունեն պահած, որը վառվում է Բոհեմում /իրենց ավելի եմ սիրում, որովհետև հասարակական կարծրատիպերի վրայով են անցնում/։ Մեր հաճախորդները հիմնականում երիտասարդներն են, ընտանիքներ /ովքեր հանգիստ գալիս են ու գիտեն, որ ընտանիքի համար շատ հարմար է/, զգալի թիվ են կազմում պատանիներն ու երեխաները, քաղաք այցելած տուրիստներն ու հյուրերը, վաղուց իրար չհանդիպած ընկերները, կոլեկտիվներ, մարդիկ, ովքեր սիրում եմ մշակույթ, ովքեր սիրում են լավ միջավայր, ոչ թե միայն լավ «պլոտնի» ուտել։ Ուտեստների հարցում էլ փորձում ենք լինել ինքնատիպ, դուրս գալ ավանդականի սահմաններից:
Ես գիտեմ, որ մեր բոլոր մշտական հաճախորդները մեր քաղաքին ամենալավ ու պայծառ լիցքեր հաղորդողներն են, ու երբ թեյարանում լիքն են լինում ու սկսում են ծանոթանալ կողքի սեղանների մարդիկ միմյանց հետ ու տարբեր թեմաներից՝ գրքից, երաժշտությունից, արվեստի ուղղություններից, մենթալիտետներից խոսակցությունները ձուլվում են, դառնում մեկ, հիշում ես Ազնավուրի հայտնի «Սա Բոհեմն է» արտահայտությունը։
-Թեյարանում հաճելիի և օգտակարի համատեղումն ինչպես է կայանում. մեկը մյուսին չի խանգարում. չմոռանանք, որ անկախ ամեն ինչից, սա նաև սնվելու վայր է:
-Մենք ունեն հստակ կարգախոս` «Մենք չենք վաճառում պարզապես սնունդ, ուտելիք, թեյ կամ սուրճ, մենք ստեղծում ենք միջավայր, տրամադրություն, գրքի կամ ֆիլմի հերոս զգալու զգացողություն, տրամադրում ենք հնարավորություն հաճելի սնվելու»: /Ափսոս, հարկայինում նման հարկատեսակ չկա, ստիպված էինք հանրային սնունդ գրանցվել/:
-Այնուամենայնիվ, մարդկանց ձեզ մոտ են բերում խոստումնալից երեկոները, որոնք թեպետ չեն կրկնում միմյանց, սակայն նույն շղթայի մեջ են ու լրացնում են իրար:
-Ինձ համար անձնապես սիրելի են այն երեկոները, որոնք բացահայտում են իմ քաղաքի մարդկային ռեսուրսները՝ երաժիշտ, նկարիչ, քանդակագործ և այլոց։ Ու թեև իրենցից շատերին ծանոթ եմ, սակայն հրճվանք եմ ապրում, երբ միջոցառումից հետո տեսնում եմ, թե քանի մարդ ոչ հենց տեղում ՝ թեյարանում, այլ Հայաստանով ու աշխարհով մեկ հետևում էր ուղիղ միացմանը կամ տեղադրված տեսանյութին, թե քանիսը բացահայտեցին իմ համաքաղաքացի տաղանդավոր երիտասարդին, կարդում եմ մեկնաբանությունները ու հաջորդ երեկոն կազմակերպելու էներգիա ստանում, 4 ամսվա ընթացքում 9 երիտասարդ ստեղծագործողի երեկո ենք կազմակերպել` իրենց արվեստի ներկայացմամբ:
Նշեմ վերջին 2 ամենահետաքրքիր ու ամենաթարմ միջոցառումները՝ Ժամանակակից գրողների այցը Սևան, որոնց մեջ էր նաև մեր Բոհեմի Արամ Թարվերդյանը /հյուրընկալող. մեզ մոտ մենեջերի անվանումն այդպես է/, ում արվեստին ևս հնարավորություն ունեցանք ծանոթանալ այլ կոլորիտի մեջ և Բաբաջայանական թեմայով համերգը, որի ընթացքում մեր քաղաքի 3 երիտասարդ միացան, ու ներկաները կհավաստեն, որ պարզապես հրաշալի երեկո ստացվեց. ոչ ոք չէր ուզում գնալ տուն։ Բացի մշակութային իրադարձություններից, Բոհեմում այլ կարևորության բաներ էլ են կատարվում ՝ հասարակական, ազգային նշանակության: Վերջերս Բոհեմում մեկնարկեց «Իմ երազների Սևանը» խորագրով հանդիպումների շարքը, և ձևավորվեց աշխատանքային խումբ, որի անդամներն այն մարդիկ են, ովքեր իրականում անում են ամեն ինչ` տեսնելու իրենց երազանքների Սևանը։
-Սա այսօր, իսկ Բոհեմը երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչ գույներով և տեսլականով եք պատկերացնում այն. եթե կրկին սկսեիք, ինչը կփոխեիք:
-Չէի ուզի կրկին սկսել, որովհետև դժվարն անցել ենք, իսկ եթե նորից սկսեինք, երևի թե նույն արահետն էինք անցնելու, կամ` ով իմանա։ Բոհեմի վաղը միանշանակ իր խորհրդանշական պատի նման է լինելու՝ գունավոր /պարզվեց, որ Բոհեմում պատահական ոչ մի գիծ չի ստացվել, թեև ամեն ինչ շատ ինտուիտիվ ենք արել/։ Մեր տարբերանշան դարձած պատի գունավոր «լոսկուտները» խորհրդանշական են. քաղաքիս լավ, գունավոր «դեմքերն» ու «դեպքերին» կհավաքենք ու կկարենք իրար , կստանանք հենց վաղվա օրվա տեսլականը՝ ամենագունավորն ու պայծառը մի կտավում։ Սա է Բոհեմի վաղվա օրը։ (Իմիջիայլոց, նկարն ու պատկերը այն հզոր գործիքներն են, որ ամեն օր փոքր, բայց հաստատուն չափաբաժնով ազդում են մարդու ենթագիտակցության վրա՝ ձևավորելով մարդուն, այնպես որ զգույշ եղեք ձեր պատերի գույների ու պատկերների ընտրության հարցում):
-Այս պատերի ներսում կա գույն, լույս ու ջերմություն, որ ներս մտնողին առնում է իր օղակի մեջ` վարակելով բոհեմական տրամադրությամբ: Այս ինքնատիպ օազիսի լիաթոք շունչն ինչպես կամ ովքեր են ապահովում:
-Ապահովվում է ՆՎԻՐՈՒՄԻ ու այն բոլոր մարդկանց շնորհիվ, ովքեր կրում են այդ ՆՎԻՐՈՒՄԸ։ Դրանք առաջնահերթ թե ակումբականներն են, թե արդեն մեկ այլ կատեգորիայով բոհեմականները, մարդիկ, ովքեր պարզապես հավատացին գաղափարին։ Բոհեմը շնչում է այն բոլոր լավ խոսքերի շնորհիվ, որ մարդիկ չեն զլանում, ժլատություն չեն անում ու արտահայտվում են՝ սնելով մեզ դրական լիցքերով։ Իսկ նրանք բավական շատ են` առօրյայում, տրանսպորտի մեջ, Սևանում, Սևանից դուրս, տուրիստների շրջանում, Ֆեյսբուքում և այլուր։
Վերջաբանի փոխարեն
Բոհեմականները պայքարում են ամեն օր, բայց ոչ պայքար ինչ-որ բանի դեմ, այլ պայքար հանուն ինչ-որ բանի։ Մենք չենք պայքարում անկիրթ, տգետ երիտասարդի դեմ, մենք պայքարում ենք հանուն կիրթ մարդու, մենք չենք պայքարում ռաբիզի դեմ, պայքարում ենք հանուն առողջ երաժշտության, չենք պայքարում սիգարետի ծխի դեմ, պայքարում ենք հանուն հաճելի և մաքուր միջավայրի. այսպես շարունակ, անվերջ, ամեն օր, ամեն ժամ, նույնիսկ հիմա։
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ