Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում բռնության պատճառը նշել են՝ «կնոջ առցանց լինելը»

Նոյեմբեր 30,2017 16:25

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ՝(ՄԶՄԿ) Հայաստանում ընտանեկան բռնության արձագանքի եւ ընկալումների վերաբերյալ կատարել է հետազոտություն։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր ասաց, որ հետազոտությունը հնարավորություն կտա ապագայում ավելի կոնկրետ եւ ավելի ուղղորդված գործիքներ մշակել, որպեսզի դրանք հասանելի լինեն հասարակության բոլոր շրջանակներին։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թամաշյանի խոսքով, իրենց գերակա նպատակը ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարն է։

Ըստ հետազոտության, բռնության տարածվածության քննարկումների ժամանակ մարզային համայնքների բնակիչները կարծիք են հայտնել, որ քաղաքներում ավելի շատ է տարածված բռնությունը, որովհետեւ գյուղերում համայնքը կապակցված է եւ, եթե ընտանիքներում բռնություն է նկատվում, ապա դրանց կարող են միջամտել, մինչդեռ քաղաքում, որտեղ ավանդական մշակույթը գնալով զիջում է իր դիրքերը, կանայք փորձում են ավելի ազատ դրսեւորել իրենց եւ արդյունքում հանգում են կոնֆլիկտների։ Քաղաքի բնակիչներն էլ համոզված են, որ բռնությունը շատ ավելի տարածված է գյուղերում։
ՄԶՄԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Սարգսյանը նշեց, որ ֆոկուս քննարկումները անցկացվել են Երեւանում, Գեղարքունիքի եւ Շիրակի քաղաքային ու գյուղական բնակավայրերում։ Կազմակերպվել է 13 ֆոկուս քննարկում, որտեղ յուրաքանչյուրին մասնակցել է 6-15 մասնակից։ Ըստ նրա, բոլոր ֆոկուս խմբերում ընտանեկան բռնությունը սահմանվել է որպես ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն ընտանիքի որեւէ անդամի նկատմամբ: Թե ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ ընտանիքում բռնության, Շիրակի մարզում նշել են՝ «կնոջ առցանց լինելը», մինչդեռ Երեւանում եւ Գեղարքունիքում այդ հանգամանքը գրեթե չի դիտարկվել։ «Ընտանիքում բռնություն առաջացնող պատճառներից նշվել է նաեւ միգրացիան»,- ասաց Քրիստինա Սարգսյանը. «Միգրացիան, բավականին հաճախ շեշտվում է մարզերում, մինչդեռ Երեւանում մասնակիցները չէին շեշտում ընդհանրապես։ Զգալի մասը կարծում էր, որ միգրացիան նպաստում է բռնության առաջացմանը ընտանիքում, մինչդեռ մյուս մասը հակված էր կարծելու հակառակը՝ միգրացիայի արդյունքում տղամարդիկ սկսում են փոխել իրենց աշխարհընկալումը»։

Ըստ հետազոտության, բոլոր ֆոկուսային խմբերում ընտանեկան բռնության գործոններից նշվել են ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, հայրիշխանական կարծրատիպերը, սկեսրոջ գործոնը, համապատասխան գիտելիքի եւ իրազեկվածության ցածր մակարդակը եւ այլն։

Քրիստինա Սարգսյանը նաեւ հավելեց, որ հետազոտությունից պարզ է դարձել, որ հայ ընտանիքները հակված են պահպանել ընտանիքն ու հանդուրժել բռնությունը: Ֆոկուս խմբերում քննարկումները ցույց են տվել, որ քչերն են տեղեկացված բռնության դեպքում ուղղորդման մեխանիզմների, ծառայություն տրամադրող կառույցների մասին։

Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930