Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան խարիսխ (պատմվածք)

Նոյեմբեր 30,2017 15:56

Մինչ այդ անձրև, քամի, մառախուղ, կարկուտ տեսել էր, ձյուն՝ չէ: Լեզուն հանեց, փաթիլն առավ բերանը, չհասկացավ ինչ է: Պտտվեց ավտոբուսի բոլորը, մտավ նորատունկ ծիրանանոցը, ճամփի մեջտեղով վազեց մինչև արտի գլուխը, ետ եկավ: Անվադողերից ծեծկված ճանապարհը ճերմակ էր, միայն ոտնահետքեր կային: Հոտոտեց, հասկացավ՝ իրենն են: Նայեց շուրջը: Ժիրայրենց քողտիքը չէր երևում, Համիկենցը հեռու էր ու հեռու: Կաքավի ձայն չկար, կովերի բառաչ վաղուց չէր լսել, այն օրից, երբ Համիկը տարավ անասունը, որ դաշտում էր թողնում, որպեսզի քոլուքոս կրծելով օր ավել գլուխ պահեն: Անորոշ վախ ընկավ սիրտը: Նման զգացողություն ունեցել էր աշնան մառախլապատ օրերին, երբ մշուշն իջնում էր սարերից, մտնում լեռնագոգ, գրկում ծառերը, թանձրանում օդում: Սիրտը նեղվում էր, թվում էր շունչը չի հերիքի: Բայց այն ժամանակ հաստատ գիտեր՝ Համիկն այնտեղ է, իր վարձակալած հողում, կովի, երկու երինջի ու մի արջառի հետ: Կեսօրին ձիով կգա, որպեսզի Բոքանոցից լոբու, եգիպտացորենի սմքած ցողուններ ժողվի, թամբին գցած տանի անասունին: Իսկ շաբաթ օրը կապույտ «Երազով» կհայտնվեն Հովիկը, Արան, Արամայիսը, Լևոնը, մյուսները, որ քաղաքում են ապրում ու նույնպես վարձակալությամբ են հողը մշակում: Կգան ծառ տնկելու և կբերեն քաղաքաբնակ մարդու սեղանի ավելցուկ՝ ոսկոր, երշիկ, ճաշի թերմացք… Թե դա չեղավ, խանութից ձուկ կառնեն կամ շուկայից՝ ճրագու, թոք ու խռչափող: Երանելի պահ… Չծամած կուլ էր տալիս փափուկ կտորները, ոսկորները փշրտում ատամի տակ, իսկ նրանք, շուրջը խմբված, հրճվում էին, ինչ-որ խոսում, մեկմեկու հերթ չտալով՝ գգվում, շոյում ականջատակը: Ապա՝ մեկնումեկը բացում էր ավտոբուսը, որ կացարանի տեղ էր ծառայում, և բոլորը փոխում էին հագուստները, իջնում դաշտ: Տռզել-հագենալուց հետո ինքը ևս աճապարում էր ետևներից՝ կարոտն առնելու. քսմսվում էր, թռչում շալակները, ընկնում ոտքի տակ, խանգարում: Բարի էին նրանք: Կաքավների վրա չէին կրակում, նապաստակները լոբուտում ազատ-արձակ ման էին գալիս: Եթե վախենում էին էլ, իրենից՝ չիմանալով, որ ընդամենը կես տարեկան շնիկ է ու ավելի է խրտնում անծանոթ տեսնելիս:

Դա ամռանն էր: Հիմա բերքը հավաքած էր, լոբու փայտերը կոկիկ դարսած էին միջնակներում, խողովակներում վաղուց ջուր չկար, ամեն զեռուն բույնն էր քաշվել, և դաշտում մնացել էր Զանգուն՝ փրչոտ, երկարոտն ու հաստաթաթ շունը, որին գարնանը, երբ լոբու հենակների համար Լևոնն ու Արան քաղաքի սղոցարաններից մեկն էին մտել, տեսել էին գերանների դիմաց միայնակ ճմլկոտելիս: Դրել էին ավտոն, բերել՝ չիմանալով ինչ տեսակ է, տեր ունի, չունի…

Զանգուն մտավ ավտոբուսի տակ, փորձեց մրափել: Երևի թե իսկապես էլ քնեց մի քիչ, ելավ: Ձյունը շարունակում էր թափվել: Այժմ վերջին անձրևներից նորելուկ կանաչն ամենևին չէր երևւմ: Վայրի նշենիների շիվերը, որ ժամանակին անտառտնտեսությունն էր տնկել, իբր, հողն էրոզիայից պահելու համար, ծանրության տակ կեռվել, կպել էին գետնին: Ականջին էր հասնում աղմուկը, որ ցածից՝ մայրուղուց էր գալից: Քանի՜ անգամ ոտքով տղաների ետքից հասել էր կանգառ, երբ «Երազը» սարքին չէր եղել, ու նրանք ստիպված էին մերձքաղաքային ավտոբուսին ապավինել: Ուղեկցում էր, ետ գալիս:

Մտքով մի պահ անցավ իջնել խճուղի, գուցե մեկնումեկը երևա: Մտածելն ու ելնելը մեկ եղան: Երկտարեկան կեռասենիների միջով անցնելիս մտաբերեց օձը, որին ինքն ու Վարդանը տեսան: Մտել էր հնձած կորնգանը, հասել ջրի ծորակին: Ոտնաձայն առնելով՝փախավ, սկսեց խույս տալ քարի հարվածներից: Ինքը ևս չհասկանալով՝ վրա քշեց: Սա ցցեց գլուխը, պատրաստվեց հարվածի: Մինչ Վարդանը կվազեր բահ բերելու, սողունը մտավ դաշտամկան բույնը: Ինքը հաչում էր, թաթով փորձում լայնացնել անցքը…

Զանգուն հաղարջի նոսր թփերի արանքով կարճ ճամփով ելավ ձմերկի դաշտը, թեք լանջով մտավ Մեծ տափարակ, կտրեց լոլիկի մարգերը: Ամեն թուփ, քար, առու, մոռացված ձեռնոց, ալյումինի փայլաթիթեղ քաղցր հուշ էին արթնացնում, անխառն կարոտի զգացում: Անձկալի էր տերերի հետ կապված յուրաքանչյուր բան: Նապաստակի ձագն աչքին երևակվեց, որը, տարիքի, թե այլ պատճառով տեսողություն չուներ, որովհետև չէր փախչում, ու շատ անգամ Հովիկն ականջներից բռնած հանում էր լոբու թփի տակից: Վերջում ինչ եղավ, չիմացվեց: Խանդութն ու Դավիթը միտքը եկան, Թորգոմն ու Սաթենիկը, որոնց հետ օրնիբուն խաղում էր, փորսող տալիս խոտերի մեջ, մտնում արևի տակ տաքացած ջրով լի տաշտը, եթե ծնողները հետները բերած էին լինում: Տեսնես դարձյալ ջերմ օրերը գալու՞ են, պիտի նորից ծաղկե՞ն ծառերը…

Մայրուղու վրա ձյուն չկար, սև շփոթ էր՝ ռետինի ու մազութի հոտով ներծծուն: Կանգնել, նայում էր: Մեքենաները բարձր արագությամբ սլանում էին, ապակիների ետևում դեմքեր էին հայտնվում, պատահաբար իրեն ուղղված հայացքներ՝ անհաղորդ, անծանոթ: Վազքով ետ դարձավ: Ճամփին էլ հուսավորվեց, թվաց, ժամանել են տերերն ու հիմա ձայն կտան՝ Զանգու՜… Նրանք այն կողմից, ինքը՝ այս, ընդառաջ կգնան մեկմեկու, կգցվեն իրար գիրկ ու կգգվեն՝ էլ ավելի ջերմ, սիրով, որովհետև Զանգուն մենակ է, բոլորովին մենակ անսպասելիորեն ճերմակած, լուռ ու ցուրտ աշխարհում, որն ամառն այնքա՜ն լի էր կյանքով, արևով, ժպիտով…

«Երազը» չկար, ոչ ոք չէր եկել: Չլինի՞ լքել են իրեն: Այդպես ո՞նց կլինի: Ի՞նչ ուտի հապա Զանգուն, ինչպե՞ս պաշտպանվի ցրտից: Մինչիսկ բույն չունի: Ավտոբուսի տակ գիշերներն արդեն հաճելի չէ, անդուր հոսանք կա անգամ քամի չեղած ժամանակ: Հասկանու՜մ է. բույն հենց դրա համար չեն սարքում, որովհետև իրեն ևս պետք է հետները տանեն, ինչպես ի վերջո Համիկն անասունին տարավ: Լսել է, չէ՞, տերերի զրույցները, թեև չի հասկացել, բայց հայացքներից, ձայներանգից, ժպիտներից ու փաղաքուշ խոսքերից գլխի է ընկել, որ մենակ չեն թողնի: Կտանեն, թույլ կտան հավասար անդամի պես ման գալ սենյակներում, լոգարան մտնել… Կլողացնեն, ճերմակ սավանով կչորացնեն, ճաշ կտան, օրը մի քանի անգամ կհանեն զբոսանքի: Ինչո՞վ է վատ տանու հազարավոր շներից: Հսկա հողը՝ տասը հեկտարից ավելի, վա՞տ պահեց: Անգամ Համիկին ու Ժիրայրին, Վանիկին, Վաղոյին, որ ողջ կյանքում այդ հողի վրա են օր մաշել, գյուղից են, առաջին շաբաթը չէր թողնում ավտոբուսին մոտ գալ: Որքա՜ն է եգիպտացորենի կողմը մղվող ձիերին քշել, նմանապես օտար մարդկանց, թափառող ցեղակիցներին: Չէ, ինքը հավատարիմ է եղել…

Խառնակ խոհերի մեջ օրն անցավ, մթնեց: Ձյան շերտը հյուսիս նայող թևում հասավ ավտոբուսի կողերին, գրեթե փակեց մուտքը: Զանգուն առջևից, ուր դողերը չէին նստել, մտավ մեքենայի տակ: Կայուն տեղ չուներ, պառկում էր՝ ուր պատահի: Հիմա էլ՝ հարմարվեց, գլուխը դրեց թաթերին… Արթնացավ գիշերվա մի ժամի: Հոտոտեց՝ մեկ, երկու… Գերլարումից քթին հասավ մոռացված ոսկորի խոռոչում մնացած ծուծքի թույլ հոտը, որ ուրիշ ժամանակ չէր զգա: Նույն պահին էլ մտահանեց. օդում օտար շունչ կար: Ելավ ավտոբուսի տակից: Օտար շունչը դեմից էր՝ Ժիրայրի այգուց: Զանգուն գայլ չէր տեսել, անհայր, անմայր էր մեծացել ու ճակատագրի բերումով ամեն բան սեփական փորձով պիտի ձեռք բերեր: Մեծ դասը, բնության դասը պիտի առներ միայնակ: Փշաքաղ՝ հաչաց: Պատրաստվում էր գնալ իրենց հողի եզրը, որպեսզի մոտ լինի աներևույթ թշնամուն, երբ նկատեց ձորակից ելնող գլուխը: Հետո՝ երկրորդը, երրորդը: Մեկը մնաց, մյուսները ետ-ետ գնացին: Դավադիր լռություն էր շուրջը, կայծկլտուն աչքերը, մարմնի ուրվագիծը ձորապռնկին էին, որտեղից սկսվում էր պոպոքնոցը: Որքա՜ն է բարկացրել Մհերին, երբ թեքության վրա խաղալիս քանդել է առուն, փախցրել ջուրը…

Քիչ անց օտար հոտը կողքից եկավ՝ ճամփից, որտեղով «Երազն» էր գալիս: Զգաց նաև ճահճուտից մոտեցողի շունչը: Որչափ էլ անփորձ, հասկացավ՝ շրջապատում են: Ցից մորթը մեկից թուլացավ, պոչն իջավ, իսկ մարմինը տափակեց: Մտավ ավտոբուսի տակ, քաշվեց ամենահեռավոր անկյունը, ուր անիվը նստել էր, ետնամասը գրեթե կպել հողին: Բնազդ էր, գործեց: Հապաղեր՝ երեք կողմից վրա կտային: Վեցուկես-յոթ ամսական շունն ի՞նչ պիտի աներ գայլերին՝ փորձառու, աղմկաշատ քսանմեկերորդ դարի ապրելակերպին ընտել…

Գազաններն արագությամբ հասան, պտտվեցին ավտոյի շուրջը: Մեկն սկսեց այն կողմից, դեպի ուր մղվել էր Զանգուն, ձյունը, սառած հողը քանդելով ճամփա բացել, մյուսը ճապաղելով՝ սողաց առաջ, բայց քանի որ ավելի մարմնեղ էր, չհասած լռվեց: Զանգուն տեսնում էր կրակին տվող աչքերը, լսում ատամների կափկափյունը: Ինքը ևս զայրագնել, գռմռում էր, սակայն սիրտ չէր անում ընդառաջ գնալ: Առաջինի օրինակին հետևեց երկրորդը. սա փորձեց կենտրոնից մոտենալ՝ երկու դողի միջակայքով, բայց նույնպես դեմ առավ տակի երկաթներին: Երրորդը մլռտոցով քանդում ու քանդում էր հողը: Այդպես շարունակվեց, երևի, կես ժամ, հետո գայլերը դրսում եղողի կանչի վրա ետ-ետ գնալով՝ ելան ավտոբուսի տակից ու հանկարծաբար աներևութացան: Զանգուն թեթևացած շունչ քաշեց, սիրտը տեղն ընկավ: Ավելի գոտեպնդվեց, երբ ականջին շնահաչ հասավ: Երևի գյուղի շներն են,-անցավ մտքով:

Շնահաչը վերևից էր գալիս, նշի թփուտներից: Դուրս եկավ, հայացքը հառեց խավարին: Գայլերը չէին երևում: Հաչոցը կրկնվեց: Զանգուն լարվեց: Վերևում, որտեղ թեքությամբ իջնող առուն էր, նկատեց պպզած շանը: Կարծես, հացավանցի նախրապահինը լիներ, նա, որ գալիս էր իր թողած կրճոնը ժողվելու: Շագանակագույն, ամուր կազմվածքով շուն է, ականջները փոքր ժամանակ կտրած, պոչը՝ ցից: Այդպես էլ կա: Ահարկու գազանները նրա երկյուղից փախան: Բայց, հետաքրքիր է, ինչու՞ է տնկվել վերևում, մոտ չի գալիս:

Զանգուն հաչոցին պատասխանեց հաչոցով ու դանդաղ վազեց նրա կողմը: Շունը ոտքի ելավ, թեթև քայլով դիմեց դեպի քարափը: Զանգուն քիչ էլ հետևեց նրան, սակայն կեռասենիների մեջ շարժում զգալով՝ շրջվեց ու նույն պահին տեսավ գայլերին: Քարափի մոտ եղողը՝ նա, որին թյուրիմացաբար ցեղակցի տեղ դրեց, հանկարծաբար ճապուկ ոստնեց առաջին թփաշարի վրայով: Զանգուն պոկվեց տեղից, բայց չհասցրեց. ավտոբուսի հենց մուտքի մոտ ճամփան փակել էր գայլը: Մյուսը թիկունքից վրա պրծավ, երրորդը…

Աստծո առավոտը բացվեց առանց իջվարող ձյունի: Խաղաղ, հանդարտիկ օր էր: Տասներկուսի կողմերը ներքևում՝ մայրուղու եզրին մեքենա կանգնեց: Մարդիկ իջան և ծնկահար ձյան միջով շարժվեցին ավտոբուսի կողմը:

-Զանգու՜…

-Զանգու՜…

-Զանգու՜…-հնչեցին ձայները Բոքանոցում:

Զանգու՛, հավատարիմ շուն, որտե՞ղ ես: Եկել են՝ Հովիկը, Արան, Արամայիսը, Լևոնը, բոլորը: Եկել են քեզ տանեն քաղաք, որպեսզի ձյուն-ձմռնեցով ամայի լեռնաստանում մենակ չմնաս, կեր չդառնաս գայլերին: Զանգու՜…

 Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Խարիսխ» ժողովածուի «Դալուկ արև» շարքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930