Դատական ակտերը կատարելուց հետո ակտեր կան, որ շատ երկար չեն կատարվում եւ կա սուբյեկտիվ գործոն: Երկամսյա ժամկետ կա կատարողական վարույթի իրականացման եւ հարկադիր կատարողի վրա էր դրված լիազորություն որոշելու՝ միայն դրամական միջոցների վրա՞ է ուզում դնել արգելանք, թե՞ եւ դրամական միջոցների, եւ գույքի:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց ԴԱՀԿ-ի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ: Նրա խոսքով՝ «Կար գույք, որը պետք է աճուրդի դրվի, հարկադիր կատարողը կարող է սպասել երկամսյա ժամկետի ավարտից մեկ օր առաջ նոր աճուրդի հանի»: Հիմա սահմանվում է, որ կատարողական գործողությունները պետք է անի 15-օրյա ժամկետում: Բացի այդ, 10 անգամ աճուրդի դրվելուց հետո աճուրդի է դրվում պարտապանի այլ գույք: Ամեն աճուրդից հետո ապրանքի մեկնարկային գինը 10 տոկոսով իջնում է ու ստացվում է, որ աճուրդի վերջում տվյալ գույքի ինքնարժեքի հազիվ 10 տոկոսի չափով է դրվում վաճառքի:
Արգելանքը գույքի, դրամական միջոցների վրա դնելու համար հարկադիրը էլի հայեցողական ձեւով էր մեկնաբանում: Դատական գործի դեպքում, օրինակ, տնտեսվարող սուբյեկտի եւ գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք են դնում, նրա գործունեությունը պարալիզացվում է, չի կարողանում ասենք, հումք ձեռք բերել, աշխատավարձեր վճարել եւ այլն, հետո դատական վեճը լուծվում է, կամ չի լուծվում, բայց այդ ընթացքում նրա գործը պարալիզացված է եղել: Հիմա առաջարկվում է, որ եթե նույնիսկ արգելանք է դրվել որեւէ գույքի վրա, բայց տնտեսվարողը գտնում է, որ անհրաժեշտ է այդ գույքն իրեն, կարող է այլ գույք բերել:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դեպք է եղել, որ հարկադիր կատարողները արգելանք են դրել դրամական միջոցների վրա ու ոչ ողջամտորեն. «2 մլն-անոց գույք կար ու 30 մլն դրամական միջոցների վրա արգելանք էին դրել: Հիմա նախագծով հստակեցվում է, որ հարկադիր կատարողները հայեցողություն չունենան: Նրանք երբեմն օգտագործել են իրենց լիազորությունները՝ ոչ ի բարօրություն ՀՀ քաղաքացու»: Նախագծով արդեն արգելանք կարող է դրվել հայցագնով սահմանված չափով գույքի, դրամական միջոցների վրա, ոչ ավելին:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկում է, որ քաղաքացու ապրանքի գինը շատ չիջեցնելու համար աճուրդից աճուրդ, եթե ապրանքի գինը 50 տոկոսով արդեն իջնում է, պետք է դադարեցնել աճուրդը եւ քաղաքացուն պետք է հնարավորություն տալ այն սեփական միջոցով վաճառել, հնարավորություն տալ, որ քաղաքացին կարողանա պարտքը մարել: Հակառակ դեպքում ստացվում է, որ 100 մլն-անոց գույքը աճուրդից աճուրդ դարձնում են 10 մլն ու այդ 10 մլն-ով պարտքերն էլ չեն փակում:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ