Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականի պետական բյուջեի ծախսերը ավելացվել են 15 մլրդ դրամով

Նոյեմբեր 30,2017 15:08

Նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին» արձանագրային որոշման նախագիծը:

Վարդան Արամյանը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով:  Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը.

-Առաջին բաղադրիչը փոխարժեքի փոփոխությունն է, քանի որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով է ներկայացվում սեպտեմբերի 1-ի դրությամբ, որից հետո երկրորդ ընթերցման ժամանակ, փոխարժեքի փոփոխության արդյունքում, որոշակի ճշգրտումներ են արվում: Այս դեպքում փոփոխությունը եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի բյուջեի փոփոխության:

-Երկրորդ խոշոր մասը «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի չափով ֆինանսավորումն է, որը բխում է և՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, և՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից:

-Երրորդ բաղադրիչը Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլիոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը հիմնված է  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի  կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար:

-Հաջորդ բաղադրիչը 1.7 միլիարդ դրամի չափով կառավարության աշխատակազմին տրվող ֆինանասավորումն է, որը բխում է համապատասխան ճշգրտումներից և սահմանադրական բարեփոխումներից:

-Ամենախոշոր ֆինանսական ավելացումը առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ, որի մասով ԱԺ պատգամավորները ներկայացրել են 19 առաջարկ, ինչպես նաև ներկայացվել են մանրամասն մեկնաբանություններ առողջապահության նախարարության կողմից:

-Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը, քանի որ 2018 թվականի ընթացքում իրականացվելիք մի շարք միջոցառումներ, կարող են հանգեցնել չկանխատեսված կամ չծրագրավորված ծախսերի:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավել առաջարկներ. «Եղել են անհասցե առաջակներ, որոնց մասով մենք դժվարանում ենք որևիցե ֆինանսավորում նախատեսել: Եղել են նաև առաջարկներ, որոնք ենթադրել են այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել կամ վերականգնել նախորդ տարվա ֆինանսավորման ձևաչափը. այս առաջարկների գերակշիռ մասը համընկնում է առողջապահության ոլորտի հետ: Մնացած դեպքերում, իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց մենք կարող ենք դրանք  հետագայում քննարկել` հաշվի առնելով մեր բյուջետային սահմանափակվածությունը», – ասել է նախարարը:

Նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արամյանը ՀՀ վարչապետից խնդրել է 2 օր՝ պատգամավորների առաջարկների պատասխանների մասով խմբագրումներ կատարելու համար: Համապատասխան փոփոխություններից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930