Համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը 2017 թվականի նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում հանդիպում ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որն ինչպես և բողոքի ակցիան, ջերմորեն ընդունվեց հայաշատ Լոս Անջելեսի հայության կողմից: Լեփ-լեցուն դահլիճը հետաքրքրված էր բոլոր այն գաղափարներով, որոնք առկա են «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային դրույթներում և գործողություններում:
Լոս Անջելեսի հայությունը լինելով սփյուռքի հայաշատ համայնքներից մեկը՝ հաստատեց, որ սփյուռքը հատուկ հետքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդական արժեքների ոտնահարման, դեմոկրատական ինստիտուտների ձևավորման, արտագաղթի նվազեցման, սոցիալական անարդարության և այլնի հանդեպ: Իր բացման խոսքում Զարուհի Փոստանջյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ Հայաստանը և Արցախը համայն հայության հայրենիքի դեռևս 42 հազար քառակուսի կիլոմետրն է և հայրենիքի հետագա ճակատագիրը կախված է ողջ հայությունից, հայերի անմիջական մասնակցությունից հայրենիքի ներքաղաքական կյանքին՝ ոչ միայն դիտորդի կարգավիճակով կամ ֆինանսական ու նյութական օգնության ձևով, այլ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Զարուհի Փոստանջյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ միասնական համահայկական ընդվզմամբ է հնարավոր փոխել 25 տարի գործող ո՛չ ազգային և ո՛չ ժողովրդավար համակարգը: Դահլիճի կողմից հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին Ապրիլյան պատերազմին, արդի հայոց պետականության սահմանների անվտանգությանը, Հայաստանի ներքաղաքական կյանքին, քաղբանտարկյալների ճակատագրին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացին և իրենց ընտրելու և ընտրվելու գործընթացներին մասնակցության սահմանադրական իրավունքների վերականգնմանը: «Երկիր Ծիրանի» կուսակցության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ սփյուռքի կողմից սպասված և պահանջված այցելություն էր, որը կկրի շարունակական բնույթ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն