Լրահոս
Օրվա լրահոսը

«E-draft-ը իշխանությունները դարձրել են Նազարի դրոշակ». Աշոտ Մելիքյան

Նոյեմբեր 30,2017 14:16

«Հասարակական կազմակերպությունները լուրջ աշխատանքի առաջարկ են անում, իսկ բարձրաստիճան պաշտոնյան դա վերածում է լեզվակռվի և փակուղի ստեղծում, ինչը հնարավորություն չի տալիս իսկապես երկխոսություն ու համագործակցություն սկսել»,-«Մեդիա կենտրոնում» «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ. լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Դավիթ Հարությունյանը մեղադրում է  քաղհասարակությանը սեփական ծուլությունն այլոց վրա բարդելու մեջ:

Նա նշեց, որ իրենք ընդամենը մեծահոգաբար ժպտացել են այդ արտահայտության համար: Ըստ պարոն Մելիքյանի՝ ովքեր ուզում են տեսնել աշխատանքը, տեսնում են և տեղեկացրեց, որ անգամ նախագահականում, խորհրդարանում և նախարարություններում են հանդիպումներ ունեցել, որպեսզի իրենց առաջարկություններն առաջ տանեն. «Մենք արդեն 7 տարի է խոսում ենք, որ պետք է նոր օրենք ստեղծել: Իսկ 2017-ի նոյեմբերի 16-ին, երբ կառավարության հավանությանն արժանացավ այդ օրինագիծը, միայն այդ օրն իմացանք, որ գործադիր իշխանությունն իր կողմից նոր օրենք է մշակել, և մենք՝ երեք լրագրողական կազմակերպությունները և լրագրողական հանրությունը, դրանից անտեղյակ են եղել: Դա շատ տարօրինակ մոտեցում էր»:

Պարոն Մելիքյանը, հիշեցնելով այն հակափաստարկ, թե այդ օրինագիծը դրված է եղել e-draft կայքում, պարզաբանեց. «Բացեցինք ու տեսանք, որ մարտի 23-ից ապրիլի 7-ն է դրված եղել: Դա խորհրդարանական և ավագանու ընտրությունների ժամանակահատվածն էր, երբ ողջ լրագրողական հանրությունը զբաղված էր դրանով, և իսկապես մենք դա չենք նկատել: Բայց ժողովրդավարական սկզբունքների համաձայն՝ հասարակական կազմակերպությունները պետք է գործընթացում ներգրավված լինեն ոչ թե այն ժամանակ, երբ օրինագիծն արդեն պատրաստ է, այլ իրավիճակի վերլուծության, խնդիրների իդենտիֆիկացման, հայեցակարգ մշակելու փուլերում: Առհասարակ e-draft-ը իշխանությունները դարձրել են Նազարի դրոշակ, և այնտեղ երկու շաբաթ օրինագիծ տեղադրելով՝ ասում են, որ դա հանրային քննարկում էր»:

Պարոն Մելիքյանն ասաց, որ իրենք ունեն այլընտրանքային նախագիծ, և եթե արդարադատության նախարարությունը դրանից տեղյակ չէ, ինչպես իրենք են ասում, դա նրանց խնդիրն է:

Նոր օրենքում Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ անընդունելի է մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման կարգը և առհասարակ մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման պահանջները. «Տուրքը տրվում է խոշոր բիզնեսին: Մենք ասում ենք՝ նաև հնարավորություն պիտի տրվի փոքր՝ մեկ կամ մի քանի մարզի սահմաններով մուլտիպլեքս ստեղծելու: Նոր օրենքն ասում է, որ մասնավոր մուլտիպլեքսը պիտի ընդգրկի ամբողջ ՀՀ տարածքը, սեփականաշնորհված լինի, իսկ դա մի մեծ օլիգարխի խաղ կարող է լինել: Մինչդեռ Վրաստանը դեռ թվայնացման գործընթացում ստեղծեց երեք մասնավոր մուլտիպլեքս, մարզային հեռուստաընկերությունները փոքր մուլտիպլեքսներ ստեղծեցին ու շարունակեցին իրենց գործունեությունը: Իսկ մեզանում թվայնացման գործընթացից հետո տասից ավելի մարզերում գործող տեղական փոքր հեռուստաընկերություններ հայտնվել են փակման եզրին: Հեռարձակման ոլորտում բազմաթիվ են խնդիրները, և մինչև կոնցեպտուալ քննարկում չլինի, վերջնական արդյունք չենք ունենա»:

Ըստ պարոն Մելիքյանի՝ ամենևին էլ պարտադիր չէ այս փուլում նոր օրինագիծ ստեղծել. կարելի է մեկ այլ օրինագծով ուղղակի գործող օրենքը համապատասխանեցնել նոր սահմանադրությանը: Դրա համար պետք է գործի աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն պետական պաշտոնյաներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Պարոն Մելիքյանը եզրափակեց. «Հիմա դեռ հնարավորությունը բաց թողնված չէ, սպասում ենք, որ Արդարադատության նախարարությունից որևէ ազդակ, զանգ կամ հրավեր կլինի, մենք էլ կարող ենք զանգել, բայց չգիտեմ՝ ում հետ պիտի խոսենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930