Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռերի» 11 անդամի գործով դատական նիստն ուղեկցվում է զավեշտներով:
Գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը դատարանի դահլիճում շոուի վերածվեց:
Ներկայացնելով միջնորդությունը`Հովհաննես Վարդանյանի պաշտպանն ասաց` կարծում է, որ տեւական կալանավորման համար հիմքեր ի սկզբանե չեն եղել: Մյուս պաշտպանները եւս միացան միջնորդությանը:
Հիշեցնենք, Հովհաննես Վարդանյանը կալանքի տակ է մեկ տարի չորս ամիս:
Նույն գործով ամբաստանյալներ Աշոտ Պետրոսյանը եւ Արմեն Լամբարյանը հայտարարեցին, որ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը գրավով փոխելու դիմաց պատրաստ եմ մեկ միլիոն դոլար վճարել:
«Ձեզ էլ կտամ, եթե արդար որոշում կայացնեք»,- դատավորին դիմեց Աշոտ Պետրոսյանը:
Դատավորը վրդովվեց. «Երբեք չկասկածես դատավորի արդարության վրա…»: «Ձեր արդարության վրա չեմ կասկածում, դատարանի արդարության վրա եմ կասկածում, դրանք տարբեր բաներ են»,- ասաց Աշոտ Պետրոսյանը:
Պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ նկատեց`այսպես շարունակվի`«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնից ավելի շատ գումար կհավաքվի: Դատավորը համաձայնեց պաշտպանի դիտարկման հետ:
Որոշումը կհրապարակվի 45 րոպեից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ